Երևան, իմ ընկե՛ր

0
23

Արժանի լինենք մեր քաղաքին, պատասխանատվություն կրենք նրա ներկայի ու ապագայի համար…

Խոստովանություն

Levon Igityan -Ես բախտ եմ ունեցել շփվելու կենդանի հանճարների հետ. ժամանակն էր այդպիսին: Նրանցից ոչ մեկից մեծախոսություն չեմ լսել, որովհետև նրանք այնքան մեծ արժեքներ էին, որ նման խնդիր, պարզապես, չունեին: Իրենց խնդիրն էլ ավելի մարդամոտ լինելն էր, մարդ տեսնելը: Այդ բարդույթը չունեին` թե գիտես, ես ո՞վ եմ…

  Այդ մեծերից Արման Կոթիկյանին օրինակ բերեմ: Աշխարհում այսօր այդպիսի դերասան չկա, չի գտնվի: Սորբոնն ավարտած, համաշխարհային գրականությունը փայլուն իմացող և միաժամանակ մեծ դերասան: Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան և էլի շատ մեծեր… Այսօր մի հասարակությունում ենք ապրում, և ընդամենը Հոլիվուդի հնչեղություն ունեցող անուններով մեր նոր սերունդն ապրում է: Բրեդ Փիթ, Անջելինա Ջոլի` այս անունները բան են ասում մեր երիտասարդությանը, բայց Արման Կոթիկյան, Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան, էլ չեմ ասում` Վահրամ Փափազյան, Ավետ Ավետիսյան և այլք, ասես, անծանոթ ու անհաղորդ լինեն նոր սերնդի հոգուն: Այսպիսի ֆանտաստիկ դերասանների ոչ մի տեղ, ոչ մի Հոլիվուդում չես հանդիպի: Մենք այդ բոլորը տեսել ենք և այսօր այս իրականությանն այդ աչքերով ենք նայում: Այսօրվա երիտասարդության մեջ էլ կան տաղանդներ, բայց թացը չորի հետ խառնվել է: Մենք չափանիշն ենք կորցրել:

  Դաստիարակվել ենք այս ֆանտաստիկ քաղաքում, Երևանում, և այս քաղաքի չգրված օրենքները ես կյանքում չեմ խախտել: Այն օրենքները, որ ունեցել է Երևանը, անգամ Փարիզը չի ունեցել: Երևանը եզակի քաղաք է` իր բարքերով, դրա համար ես այդ աչքերով եմ ամեն ինչին նայում: Ընդ որում, ես Երևանում չեմ ծնվել, բայց 7 տարեկանից այստեղ եմ և արդեն 76 եմ դառնում: Ամեն ինչով, իհարկե, Երևանին եմ պարտական: Երևանն իր բոլոր տեսակի մարդկանցով /խուլիգան, ինտելիգենտ, հանցագործ և այլն/ ամբողջ մի փունջ էր` շատ համերաշխ ու շատ հարմոնիկ: Երբ, ասենք, Հրաչյա Ներսիսյանը փողոցով անցնում էր, մեքենա չկար, որ չկանգներ. դիմում էին` վարպետ, նստիր… Երևանում արժեքը գնահատել գիտեին, անկախ այն հանգամանքից` ինչ շերտի մարդ է, կոշկակար լիներ, փոստատար լիներ, թե մեկ ուրիշ, կապ չուներ: Գիտեին` ով է ազգի սերուցքը, և խանդ չկար, հպարտությո՛ւն կար:

  Ինչ-որ ժամանակներից սկսած, երբ Թատերական հրապարակը, որ, չգիտես ինչու, վերանվանվեց Ազատության, ահա այդտեղ էլ առաջացավ արժեքները վերացնելու խնդիրը: Մի վիճակ ստեղծվեց, երբ կարիք կար վերացնելու հեղինակությունները, որովհետև ասպարեզում հայտնվեցին չկայացած մարդիկ: Նրանց խանգարում էին արժեք ունեցող մարդիկ, սոսկ, թեկուզ, իրենց գոյությամբ: Արժեքները չեն գոռում, շատ հաճախ չեն էլ խոսում, լուռ են: Արժեքը, ինչ էլ լինի, միշտ պիտի գնահատվի: Այդտեղից սկսվեց, իսկ դա այն պահն էր, երբ ժողովուրդը ոգևորված, հավատով, հոգին բաց եկավ հրապարակ, բայց այդ հոգու մեջ, ներողություն եմ խնդրում, թքեցին: Սա է մեր դժբախտությունների սկիզբը…

  Ինչ վերաբերում է թերթին, ապա չեմ կարող թաքցնել` եթե ընկեր է, ուրեմն գնահատելի է, արժեք է: Երեխա ժամանակվանից մի օրենք գիտեի` փողոցում, բակում, թաղում, դպրոցում չափիդ մեջ մնա: Երևանի առաջին չգրված օրենքն էր` չափիդ մեջ մնա, չափիցդ դուրս ես գալու, ծեծ ես ուտելու: Այդպես ենք դաստիարակվել: Հիշում եմ, մեր թաղում մեկը կար` հանցագործ, 7-8 տարի նստել էր, ապա ազատվել, եկել էր: Բոլորը գիտեին, որ Ժուկոն վերադարձել է, վախենալու մարդ էր, խփող, մարդասպան: Բայց մեր թաղի պառավներից մեկը, մոտ 80 տարեկան, մի անգամ ապտակեց այդ հեղինակությանը` Ժուկոյին, որ կլիներ 35 տարեկան: Բոլորն այդ տեսարանն իրենց պատշգամբներից տեսան: Զարմացած էինք… Ժուկոն ծպտուն չհանեց, որովհետև իրեն խփողը տարիքով թաղի մեծն էր: Երևանն այսպես էր դաստիարակում սերունդը. ի՜նչ ցեկա, ի՜նչ Կրեմլ, ի՜նչ սովետ` քաղաքն էր դաստիարակում:

  Մենք ջահել էինք, չարաճճի, գիշերները համարյա չէինք քնում, բայց մի բան կար մեր մեջ` մենք մայրաքաղաքի տղերք էինք, մայրաքաղաքցի էինք, երևանցի էինք: Մի <<պլանկա>>կար, չափը գիտեինք: Մեզ ոչ ոք չէր ասել, բայց այդպես էինք մեծացել: Երբ մեր թաղի տղաները մի այլ թաղի տղաների հետ կռվում էին, մեծերն իմանում էին: Բոլորիս հավաքում էին, պարզում, թե ով է մեղավոր: Ասում էին ճիշտը ոնց է եղել, հետո էլ ասում էին <<ճշտով>>: Այս բառն այսօր օգտագործում են, բայց արժեքը չգիտեն: Այդ ժամանակ այդ մեծերը <<ավտարիտետներ>>էին, մեկը բժիշկ էր, մեկը` հանցագործ, թաղի տղերք էին, մեծ էին: Մեզ հավաքում էին, հաշտեցնում և ասում` միշտ իմացեք, որ ճիշտը, մեկ է, պարզվելու է: Դա հո կենտկոմը, սիստեմը չէր անում, քաղաքն էր անում…

  Անտարբեր մարդ չկար: Ես սովոր եմ, որ քաղաքի պատիժ պիտի լինի, թաղի պատիժ պիտի լինի: Մենք այդպես ենք մեծացել: Երևանի դեմքը, Երևանի հարմոնիան այդպիսին էին: Մանավանդ, 1960-ականների կեսից սկսած, երբ Հասրաթյանը դարձավ քաղաքի ղեկավար: Ես Երևանում աճեցի, Երևանի կլիմայում: Երևանում աճելը լրիվ ուրիշ էր, այն էլ` այն Երևանում, որտեղ դուռ չէին փակում: Ամռան շոգին բակում էին քնում, տեղաշորը դրսում էր, որովհետև միասին ապրելու գաղափարը շատ խորն էր նստած յուրաքանչյուր երևանցու մեջ: Այո, Երևանում միասին էին ապրում: Ես ու քաղաքը ընկերներ էինք, ես ու հարևանը ընկերներ էինք: Եթե մեկը մյուսին ասում էր` արա, ամոթ է, նա սկսում էր մտածել: Ամոթ բառը կշիռ ուներ: Իսկ այսօր…

  Սիրտս լցվում է, երբ այն Երևանն եմ հիշում: Մի բան եմ նկատել. հին երևանցիք, որ ժամանակին իրար ծանոթ էլ չեն եղել, սկսել են միմյանց բարևել: Այդ զգացմունքի կարոտը կա, այդ վիճակի կարոտը կա: Ես հիմա անընդհատ ուզում եմ հասկանալ, թե մեզ ինչն է խանգարում այդպես ապրել: Քաղաքական վիճակը, համակարգը ինչ կապ ունեն, չէ՞ որ մենք հասարակություն ենք: Այն հասարակությունը, որը դաժան, ահավոր, ծանր պատմություն է ունեցել: Ի՞նչ է, մոռանանք այդ և այսօր այսպես լկտիանանք… Ինչով ենք տարբերվում այն մնացածներից, ում մարդատեղ փորձում ենք չդնել: Ինչո՞վ, եթե մեր հոգեբանությամբ հավասարվում ենք նրանց: Այս հզոր, համամարդկային արժեքների տեր ազգի աչքն ինչի է դուրսը: Մենք աշխարհի հետ այսօր նույն լեզվով խոսելու հնարավորություն ունենք, մինչդեռ դա մի կողմ ենք դրել և կասկածելի, կիսատ-պռատ արժեքներ ենք մեր գլխավերևում պահում ու պտտում: Տգիտությունը մեզ չի սազում: Պատասխան տալու ժամանակն էլ կգա, չէ՞…

  Մինչև մեր ներքին ապրելակերպի, աշխարհայացքի, միմյանց նկատմամբ այս չարությունը չվերացնենք, ամեն մեկս չհասկանա իր` չափի մեջ մնալը, մինչև շնորհալիի կողքը չկանգնենք, մեզ արժանի տեղն այդպես էլ չենք գտնի: Գաղտնիքը մեր մեջ է: Մեր ժամանակ մեծին վիրավորել չկար, հարգանք կար մեծի նկատմամբ: Հո մեզ սովետը չէր սովորեցնում, որ պատկառանք ունենանք ավագի, ծնողի հանդեպ: Մեր քաղաքն այդպիսին էր` հարգալից, ընկերաբար:

  Ընկեր լինելը բեռ է: Պապս ասում էր` ամեն ծնված տղա հո որձ չի… Իմ ամբողջ աշխարհայացքը, իմ ամբողջ ձևավորումն այս տատիկներով ու պապիկներով են եղել: Տատ ու պապիս արժեքներով եմ ձևավորվել: Թքել եմ Եվրոպայի այն արժեքների վրա, որոնք տղամարդուն տղամարդու հետ են ամուսնացնում, այն էլ` եկեղեցում, օրենքո՜վ, օրինակա՜ն: Եվ եթե այդ վարակը մտնում է նաև Երևան, ապա մենք կորցնում ենք Երևանը, նա իմ քաղաքը չէ: Երևանցին հպարտ է եղել, առանց պոռոտախոսության: Ոչ մի տեղ երևանցին չի խեղճացել, բայց այսօր ի՜նչ է դարձել…

  Դեմոկրատիա երբեք չի եղել: Դեմոկրատիա ասածը մոգոնած է: Հավասարություն ասվածն անարդար բան է: Եթե ղեկավար ես, ուրեմն միայն պետք է ծառայես: Նպաստես երկրիդ զարգացմանը, ծառայես այդ գործին: Երկիրդ պիտի սիրես, ազգիդ ծառան լինես: Եթե գործդ լավ ես անում, ուրեմն հայրենասեր ես: <<Արարատ-73>>-ի տղաները եթե լավ չխաղային, ապա պատասխան պիտի տային հասարակությանը: Ամաչելու բան չպիտի անեին: Քեզ կարգին պահիր, որպեսզի վատ զգալու, ներողություն խնդրելու հարկ էլ չունենաս: Մարդկային չգրված, կանոնակարգված հարաբերություններ կային, որ ոչ մի դեպքում չպիտի խախտեիր:

  Դա Երևանի՛ սահմանադրությամբ էր, ոչ երկրի հիմնական օրենքով: Երևանում կային հայտնի սուտասաններ, ում բոլորս գիտեինք: Բայց դա ուրիշ էր: Այն չէր, երբ մարդու ես խաբել. ինչպես պիտի Երևանով քայլես, ողջ քաղաքը գիտի: Ուրեմն պիտի թողնես` երկրից գնաս: Ամոթին դիմանալ չէր լինի… Կզրկվեիր բարևի արժանանալուց, ինչն արդեն վերջն էր, ամենամեծ դատավճիռը:

  … <<Ընկեր>>-ը պիտի ընկերոջ հարգը պահի: Շնորհավորում եմ թերթի ծնունդը, 5 տարին: Ինչպես արդեն նշեցի, ընկեր լինելը բեռ է: Բեռ կրողը կարող է ընկեր համարվել, ընկերոջ համար միշտ պիտի պատասխանատու լինել: Դժվարին պահին նրան չթողնել մենակ, կողքին լինել: Ընկերդ չպիտի ասի, որից հետո միայն օգնես իրեն: Ես այդպես, այդ գիտակցությամբ եմ ապրել և շարունակում եմ նույն կերպ: Չնայած դրանով ինձ ավելի շատ վնասել եմ, բայց… Ուրախ ու հպարտ եմ, որ այդպես եմ ապրել, որ սխալներ թույլ չեմ տվել: Ընկերներիս կողքին կանգնած եմ, նրանց աջակից ամեն ինչով, քանի որ ուզում եմ երկար ապրել, ոչ թե լավ:

   Ընկերությունն արժեք է, և այդ տեսանկյունից <<Ընկեր>>թերթը շատ բարձր առաքելություն ու կոչում ունի: Լավ իմանանք, գնահատենք ու պահպանենք մեր արժեքները, պատշաճորեն ներկայացնենք դրանք: Շատ եմ ուզում, որ իմ քաղաքը վերագտնի իր դեմքը, իր իսկական նկարագիրը: Արժանի լինենք մեր քաղաքին, պատասխանատվություն կրենք նրա ներկայի ու ապագայի համար…

 Լևոն ԻԳԻԹՅԱՆ

Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն

SHARE