Զարգացման, առաջընթացի ուղի

0
17

Համախմբվածություն
  Արարատի մարզի Դաշտավանի համայնքապետ Սերյոժա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ նախագահական ընտրություններին համոզիչ հաղթանակ է տարել գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Համայնքի ընդհանուր` 1570 ընտրողից ընտրությանը մասնակցել է 1223 մարդ, և նրանցից 1055-ն իր ձայնը տվել է ՀՀԿ-ի թեկնածուին: Գյուղապետի խոսքերով, ընտրություններին այսպիսի ցուցանիշ ապահովելու գործում մեծ են եղել իրենց համագյուղացիներ` ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի և գործարար Մհեր Համբարձումյանի դերն ու ներդրումը: Հարգանք ու հեղինակություն վայելող այս մարդիկ կանգնած են գյուղացու կողքին և աջակցում են նրան ցանկացած հարցում: Սոցիալապես անապահովներին, կարիքավորներին օգնում են շատ խնդիրներ լուծելիս` թե՛ նյութապես և թե՛ բարոյապես: Մասնավորապես, Մ. Մուրադյանն անձնական միջոցներով խմելու ջրի 100 հաշվիչ է տրամադրել գյուղին, մաքրվել ու գործարկվել է մեկ արտեզյան հոր: Ահա, այս և համայնքի զարգացմանը նպաստող մյուս ձեռնարկումների արդյունքում դաշտավանցին վստահեց իշխանության թեկնածուին և համախմբված <<այո>> ասաց ընթացիկ քաղաքական գծին…
   Խոսելով գյուղի խնդիրներից և իրականացված աշխատանքներից, պարոն Խաչատրյանը նշեց, որ <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով մոտ օրերս կսկսվեն համայնքի 50 տարվա վաղեմության, ամբողջությամբ քայքայված խմելու ջրի խողովակների նորացման աշխատանքները: Տվյալ գործընթացն ավարտին հասցնելուց հետո միայն ձեռնամուխ կլինեն ճանապարհների խճապատմանը: Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում անմխիթար վիճակում հայտնված դպրոցի շենքում: Գրեթե 50 տոկոսով փոխվել են պատուհաններն ու դռները, իսկ մնացած կեսը կփոխվի մինչև տարեվերջ: Կլուծվի նաև ջեռուցման հարցը, և հաջորդ տարվանից երեխաները կհաճախեն բարենորոգված ու ընդհանուր ջեռուցվող դպրոց: 

    Գյուղը մանկապարտեզ չունի: Այս խնդրով դիմել են մարզպետին, ով խոստացել է օգնել: Նախատեսել են դպրոցի երկրորդ մասնաշենքից մեկ հարկ տրամադրել այդ նպատակին: Համապատասխան գումարի հատկացման դեպքում մանկապարտեզի խնդիրը շատ արագ կստանա իր լուծումը: Ոռոգման համակարգը ևս քայքայված վիճակում է, ինչի պատճառով ջուրը տեղ չի հասնում: Այո, ջուր կա, ժամանակին արտեզյան 2 հոր են հորատել, սակայն ոռոգման համակարգ չլինելու պատճառով գյուղացին այսօր զրկված է ջրից: 30-40 հեկտար հողատարածք, որ ոռոգվում է Հրազդան գետից եկող ջրով, չի մշակվում: Այստեղ էլ խնդիրն այն է, որ երկու հարևան գյուղերը, որոնց տարածքով է անցնում այդ ջրատարը, վերցնում են իրենց անհրաժեշտ ջրաքանակը` Դաշտավանին գրեթե ոչինչ չթողնելով: Այն փողոցները, որոնք նախկինում խմելու ջուր չեն ունեցել, այսօր արդեն ապահովված են, և գյուղն ամբողջությամբ ջրամատակարարում ունի: Սեփական միջոցներով գազաֆիկացում է իրականացվել համայնքի ողջ տարածքում: Գլխավոր ճանապարհն ասֆալտապատվել է, 4 կմ երկարությամբ նոր ջրագիծ է անցկացվել, մնացած 6 կմ-ի փոխման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ճանապարհները ցերեկային լույսերով են ապահովվել: 
   Աշխատանքներ, ինչ խոսք, տարվել են, բայց քիչ չեն նաև անելիքներն ու ծրագրերը: Գյուղապետարանի բյուջեից տարեկան 2 մլն դրամ օգնություն է հատկացվում կարիքավոր ընտանիքներին: Պարտադիր ֆինանսապես օգնում են մահվան դեպքերում: Նաև գյուղապետն է անձնական միջոցներից մասհանում կատարում օգնության նպատակներով: Նշենք, որ ժամանակին իր գյուղին ու գյուղացիներին մեծապես օգնել ու օժանդակել է Սեյրան Խաչատրյանը /համայնքի ղեկավարի եղբայրը/, ով բնակվում էր Մոսկվայում: Ցավոք, նրա մահվանից հետո այդ օգնությունն ընդհատվեց: 
   Միայնակ, առանց ընկերների օգնության, անշուշտ, մեծ արդյունքի չես հասնի: Սերյոժա Խաչատրյանի համար ընկերը եղբորը հավասար անձնավորություն է: Լավ ընկեր լինելու համար պետք է լավ մարդ լինել: Ունեցածդ գաղտնիքը, միգուցե, եղբորդ հետ չկիսես, բայց ընկերոջդ անպայման կվստահես ամեն ինչում: Ընկերությունը մարդուն ամեն դժվարությունից դուրս է բերում: Ս. Խաչատրյանի ամենամտերիմ ընկերները Դարակերտի և Զորակի գյուղապետեր Ղուկաս Սիմոնյանն ու Մանուկ Մալոյանն են: Իրարից գաղտնիք չունեն, մշտապես միասին են, իրար կողք-կողքի: Ընկերական այս հարաբերություններին տոն տվողը ազնվությունն ու շիտակությունն են…
SHARE