Զովաշեն կոլա

0
91

Երբ առաջնահերթը որակն է և երբ խղճով են վերաբերվում իրենց գործին…

Չափանիշ

watermarked_IMG_0624

  <<Պերճ և Տիգրան>> ՍՊԸն, որը հիմնադրվել է 2007 թվականին, արտադրում է զովացուցիչ ըմպելիքներ: Ինչպես ասաց ընկերության հիմնադիր Մակիտոն Հակոբջանյանը, սկսելով գործը, փոքր բազա են ունեցել, և այսօր որոշակի մակարդակի վրա են:
– Արտադրությունն ավելի մեծ ծավալների հասցնել առայժմ չենք կարող, խոստովանեց պարոն Հակոբջանյանը: Մարզում, Արտաշատի տարածաշրջանում, մեզ ճանաչում են, գիտեն մեր որակը, ինչը և գնային իր համապատասխանությունն ունի: Համանման արտադրանքի հետ համեմատած` թանկ է, ինչը կապված է նախ հումքի, ապա փաթեթավորման և այլնի հետ, ինչը սովորականից բարձր գին ունի: Եթե մեր շրջապատում, մեզ և մեր արտադրանքը լավ ճանաչելու հանգամանքով պայմանավորված, իրացման խնդրում դժվարություն չի առաջանում, ապա անծանոթ միջավայրում մի փոքր այլ է… Շուկա մտնելն, առհասարակ, դժվար է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ առաջարկվող էժանագին ապրանքը շատ է: Մենք, բնականաբար, չենք գնում էժանին: Ժողովուրդը մի լավ խոսք ունի` թանկից էժանը չկա: Մենք աշխատում ենք ոչ թե քանակի, այլ որակի վրա: Չենք ուզում օգտվել մեր ժողովրդի սոցիալական վատ, անվճարունակ վիճակից, խիղճներս չենք կորցնում` հանուն շահի…
Արտադրությունը գործում է Զովաշենում, որտեղ հասանելի է Գառնիի քաղցրահամ, անապակ ջուրը: Դրան էլ գումարած արտադրության տեխնոլոգի բարձր վարպետությունը, ինչի արդյունքում էլ այս ընկերության ըմպելիքները բարի համբավ ու արժանի հեղինակություն են վայելում: Որակն ապահովվում է, ահա թե ինչու գնորդը, չնայած փոքրինչ բարձր գնին, գերադասում է <<Պերճ և Տիգրանի>> արտադրանքը: Տեխնոլոգ Ֆելիքս Հովհաննիսյանը, ով միաժամանակ արտադրության պետն է, մեծ փորձառություն ունի և լավագույնս է տիրապետում մասնագիտական գաղտնիքներին: Վերջինիս խոսքերով, շաքարի փոխարեն օգտագործում են ասպարտամ: Առհասարակ, օգտագործում են թանկարժեք հումք /հիմնականում` գերմանական <<Դոլար>> ընկերության/, ինչով էլ պայմանավորված` լիմոնադի և՛ համային, և՛ մնացած հատկություններն են էականորեն տարբերվում մեր շուկայում առկա մյուս լիմոնադներից: Այո՛, թանկ, թեկուզ և քիչ, բայց որակյալ:
Արտադրվող լիմոնադի տեսականին հասնում է 12ի` տանձի, խնձորի, թարխունի, ելակի, մորու, դեղձի, ծիրանի, նարնջի, բարբարիսի, կիտրոնի, կրեմ սոդա, կոլա: Շշալցումը կատարվում է և՛ ապակե, և՛ պլաստմասե տարաների մեջ: Իրացվում է Արտաշատ քաղաքում և տարածաշրջանի գյուղերում, Գառնիում, մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում: Սպառողների գնահատականը հետևյալն է` <<սովետի>> լիմոնադ: Սպառողների վստահությունն ամենամեծ գնահատականն է, ինչը և ջանում են մշտապես բարձր պահել:
zovashen colaԱռանձնակի ուշադրություն հատկացնելով որակին, այստեղ խստապահանջ են նաև սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման, անգամ մանրուք թվացող խնդիրների հարցում: Հաշվի են առնվում բոլոր կոմպոնենտները, աչքաթող չի արվում ոչինչ: Ամենակարևորն, անշուշտ, այն է, որ ներդրումներ անելով և արտադրությամբ զբաղվելով, <<Պերճ և Տիգրան>> ընկերության հիմնադիրները ջանում են իրենց հերթին նպաստել հայրենի երկրի տնտեսության զարգացմանը և այդ կերպ խթանել նրա առաջընթացին:
Ընկերության կոլեկտիվը ևս արժանի է ամենալավ խոսքերի: Այստեղ բոլորն էլ հարգանքով ու սրտացավ են միմյանց նկատմամբ: Մ. Հակոբջանյանի օգնելու պատրաստակամությունը մեծ է, երբ խոսքը թե՛ աշխատողների, թե՛ համագյուղացիների մասին է. <<Ինձ համար կարևոր է հարգանք, անուն ու հեղինակություն ունենալը, ինչը գալիս է հայրիկիցս` Ռոբերտից, ով շատ մեծ համբավ ուներ մարզում: Նա և Ֆելիքս Հովհաննիսյանը ընկերներ են եղել, միասին են այս գործը դրել: Նրա մահվանից հետո ընդհատվել էր, վերականգնեցինք: Մարդկանց օգնելու, կարիքավորին ձեռք մեկնելու ավանդույթը նրանից եմ ժառանգել: Եղբայրս Լանջազատի գյուղապետն է, ես ՍևանՀրազդան ջրառի Ազատի տեղամասի պետը: Մարդն առաջին հերթին պիտի մարդկային լինի` անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից: Եթե ընկեր չունեցար, ուրեմն վատ մարդ ես: Ընկերությունը շատ խորիմաստ, տարողունակ է, պիտի կարողանաս գնահատել: Եթե ընկերդ է, ապա ձեզ կապող շատ բան կա: Ընկերության մեջ առաջին հերթին կարևոր են մաքրությունն ու պարզությունը: Ֆելիքս Հովհաննիսյանը հորս ընկերն է եղել, ընկերոջս հայրն է, բայց այսօր իմ ավագ ընկերն է, միմյանց վստահում ենք բոլոր հարցերում, մեր միջև երբևէ տարաձայնություններ չեն եղել: Եթե այդ ընկերական վստահությունը չլինի գործի մեջ, ապա գործը շիլաշփոթ կդառնա…>>:
Ֆինանսական հարցերն ու նյութական խնդիրները տեղ չունեն ընկերական, մարդկային փոխհարաբերություններում: Դրանք ստորադասվում են ընկերական սրբությանն ու մարդկային առաքինությանը: Փոխադարձ վստահությունն ամենակարևորն է, ինչի շնորհիվ կարողանում են ընդհանուր գործն առաջ տանել և ցանկալի հաջողություններ գրանցել:
Ֆելիքս Հովհաննիսյանը նույնպես ընկերասեր ու մարդկային է. <<Ընկերս` Ռոբերտը, շատ լավ մարդ էր, շատ հայրենասեր, ազգային ազատագրական պայքարի մասնակից, հրամանատար: Գյուղի կարիքավորներին օգնել է ամեն ինչով: Արտակարգ մարդ էր, այդպիսի անհատներ քիչ են լինում: Լանջազատ /նախկին Զովաշեն/ գյուղի համար շատ բան է արել: Նեղ վիճակում հայտնվածի կողքին կանգնած էր: Մաքրությունը, անկեղծությունը և շատ այլ մարդկային բարձր հատկանիշներ նրանից փոխանցվել են որդիներին ու ժառանգներին: Ինչքան հաջողություն ու ձեռքբերում կա, հիմնականում ընկերության ու մարդկայնության շնորհիվ է: Ընկերությունն ամեն ինչի հենասյունն է…>>: