Զովունին` ջրի խնդրի առաջ

0
14

Առայժմ լուծման տարբերակ չի նշմարվում

Բնակավայր

-Կոտայքի մարզի Զովունի համայնքը ղեկավարում եմ 2016 թ. նոյեմբերից,- <<Ընկեր>>-ին ասաց Վրույր Սիմոնյանը:- Պաշտոնավարման հենց առաջին օրերից զբաղվել եմ կոյուղաջրերի պատճառած տհաճ իրավիճակները շտկելու խնդրով: Կոյուղաջրերը 20-30 տարի լցվում էին գյուղի կենտրոնում գտնվող ձորակը, ինչը, բնականաբար, հակասանիտարական վիճակ էր ստեղծում: Նույնն էր նաև մանկապարտեզի ետնամասում, երեխաների խաղահրապարակում, կոյուղաջրերից բաժին էր հասնում նաև գյուղապետարանի դիմացի երկու շենքի նկուղային հարկերին: 22 մլն դրամի աշխատանք կատարեցինք` համայնքի ուժերով վերանորոգելով վնասված կոյուղագծերը: Աշնանը հասցրեցինք նաև մոտ 300 ծառ տնկել դպրոցի շրջակա տարածքում, իսկ գարնանային ծառատունկն արդեն առավել ընդգրկուն էր` 2500 տնկի: Հուշարձանի տարածքն ենք բարեկարգել, ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի խաչքար տեղադրել: Այս ամենը կյանքի ենք կոչել մեր ուժերով` բնակիչների հնարավորություններն օգտագործելով: Մանկապարտեզում 4-րդ խումբն ենք բացել` այդ նպատակով, անհամեմատ ցածր գնով /նախկինի համեմատ` մի քանի անգամ պակաս/, գույք ձեռք բերելով: Մշակույթի տան ետնամասում արտաքին լուսավորություն ենք անցկացրել /ի դեպ, համայնքի մոտ 60 տոկոսը զրկված է գիշերային լուսավորությունից/: Այնտեղ նստարաններ տեղադրելու աշխատանքներ ենք նախաձեռնում` բնակիչների համար գեղեցիկ զբոսայգի դարձնելու նպատակով: Առհասարակ, միայն խիստ անհրաժեշտության դեպքում ենք համայնքի բյուջեի միջոցներից հատկացումներ անում, մնացած դեպքերում մեր բնակիչների ու ընկերների աջակցությանն ենք ապավինում: Շատ ծրագրեր ունենք իրականացնելու: Վերջերս ավագանու նիստում որոշեցինք մանկապարտեզում ռետինե խաղահրապարակ կառուցել` տեղադրելով ճոճանակներ, սղարաններ և այլն: Ճանապարհների բարեկարգման աշխատանքներ ենք կատարել` փոսալցումների տեսքով: Ընդ որում, եթե նախորդ տարի այդ նպատակով ընդամենը 5 մլն դրամ էր ծախսվել, ապա այս տարի այդ թիվը հասնում է 12 մլնի, այն դեպքում, երբ այդ աշխատանքները դեռևս շարունակվում են: Ջրամատակարարման ուղղությամբ է աշխատանք տարվել: Եզդիների թաղամասում տրանսֆորմատոր ենք տեղադրել, էլեկտրաէներգիա անցկացրել: Ինչպես այս, այնպես էլ հարավային թաղամասում գազաֆիկացում ենք իրականացնելու: Նախատեսում ենք նաև մշակույթի տանը ջեռուցում անցկացնել` անհրաժեշտ գումարի առկայության դեպքում: Մեր ունեցած փոքր հողակտորներն օտարելու ճանապարհով մտադիր ենք որոշակիորեն կարգավորել ֆինանսական խնդիրները և կյանքի կոչել առաջնահերթ նախագծումները: Մոտ 9 հազար բնակիչ ունեցող համայնքում թե՛ խնդիրներն են շատ, թե՛ անելիքները: Մոտ 300 գծամետր ոռոգման խողովակ ենք փոխել, որպեսզի ջուրը չողողի ճանապարհները: Շարքից դուրս եկած 5 փականն ենք փոխել և այլն…

Ըստ պարոն Սիմոնյանի, համայնքի գլոբալ թիվ մեկ խնդիրը խմելու ջուրն է: Թաղամասեր կան, որ հազիվ կես ժամով են ջուր ունենում: Խմելու ջրի ամբողջ ներքին ցանցը շարքից դուրս է եկել: Այս խնդրով դիմել են կառավարություն: Քննարկումներ են եղել <<Վեոլիա ջուր>> ընկերության հետ, առայժմ որոշակի ոչինչ չկա: Բնակիչն սպասում է, բայց որքա՞ն…

Ինչպես համայնքապետը նշեց, ներկայումս ջուրը պոմպերով մղվում է դեպի ջրավազան, որտեղից էլ բաշխվում է թաղամասերին: Տարեկան միայն 20 մլն դրամ էլեկտրաէներգիայի գումար է ծախսվում: Առաջարկել են հետևյալ տարբերակը` Քանաքեռավանից ինքնահոս եղանակով ջուր բերել, ինչի դեպքում 4 տարվա ընթացքում և՛ դրա ծախսը դուրս կգա, և՛ կսկսեն եկամտով աշխատել: <<Վեոլիա ջուրը>> դրան չի համաձայնում` նշելով, թե ներքին ցանցը շարքից դուրս եկած է, կորուստները շատ են: Առաջնահերթն էլի մնում է ներքին ցանցը նորացնելը, ինչի հնարավորություն առայժմ չունեն: Խնդիր է հարուցում նաև այն, որ ժամանակի ընթացքում բնակչության թիվը մոտ 5 անգամ ավելացել է, բայց մատակարարվող ջրի քանակը մնացել է նախկինի չափով:

Համայնքների խոշորացման ծրագրի հետ կապված պարոն Սիմոնյանը հետևյալն ասաց. <<Ծրագիր է, մարդիկ մշակել են, աշխատել դրա վրա: Կապրենք` կտեսնենք, թե ինչպիսի արդյունքներ կլինեն: Համենայնդեպս, բնակիչների վերաբերմունքը բացասական է…>>:

Ինչ վերաբերում է համայնքի զարգացման ու հեռանկարային ծրագրերին, ապա Վրույր Սիմոնյանը նշեց, որ այգիների և ջերմոցային տնտեսության հիմնման ծրագիր են ներկայացրել կառավարություն, ինչպես նաև տեղում ունեցած բազայի հիման վրա կարկտից պաշտպանվելու ցանցի արտադրության կազմակերպման գործնական առաջարկություն արել:

Բնակիչ-համայնքի ղեկավար հարաբերությունները շատ ջերմ են. ինչ խնդրով էլ դիմեն, հնարավորությունների սահմաններում լուծվում են: Ուսանողներին 2 երթուղային միկրոավտոբուս են անվճար հատկացրել: Ինչպես համայնքապետը խոստովանեց, ընկեր է բնակիչների համար: Սիրում է ընկերությունը, լիաթոք ու անմնացորդ ընկերություն է անում, դրա համար էլ հանրապետությունում չկա մարզ, որտեղ ընկերներ չունենա: Ընկերոջ մեջ գնահատում է կամեցողությունը, ազնվությունը, բարությունը: Չնայած իր ուժերի ու հնարավորությունների սահմաններում է ջանում թեթևացնել բնակչի հոգսը, սակայն ցանկացած հարցում ընկերների աջակցությունն ակնհայտ է: Ընկերների օգնությամբ գերեզմանատուն խմելու ջուր են անցկացրել և այլն:

Շրջեցինք գյուղում` ինքներս ականատես լինելով կատարված աշխատանքներին: Մշակույթի տանը գործում են մարզամշակութային տարբեր խմբակներ: Մասնավորապես, սպորտի գծով մեծ ձեռքբերումներ ունեն: Հրաշալի պարախումբ ունեն, որը մշտապես մրցանակների է արժանանում: Գյուղի պատմության թանգարան է գործում: Այցելեցինք նաև մանկապարտեզ, որտեղ, իրոք, հեքիաթային պայմաններ են ստեղծված երեխաների համար, ինչը միայն հիացմունքի է արժանի…

SHARE