Զորավիգ ու պաշտպան

0
19
 
    Կոմպոզիտոր, երաժշտագետ, աշուղագետ-տեսաբան Էլինար Շահենը /աշուղ Շահենի դուստրը/  <<Սայաթ-Նովա>> մշակութային միության աշուղագիտական կենտրոնում բաժին է ղեկավարում: Չնայած այստեղ տարվող հսկայածավալ աշխատանքին, պայմանները բավականին սուղ ու սահմանափակ են: Եվ, առհասարակ, ոչ միայն կենտրոնը, այլև Ջիվանու անվան դպրոցն առայսօր չունեն իրենց սեփական անկյունն ու տարածքը:
   -Կենտրոնում,- ասաց նա,- հավաքված են այն բոլոր նյութերն ու փաստաթղթերը, որոնք վերաբերում են հայ աշուղագիտությանը, ազգային երգարվեստին: Հավաքում ենք բոլոր նյութերը, համագործակցում արխիվների և շատ այլ կենտրոնների, անհատների հետ: Մենք, այսպես ասած, հայտնաբերում ենք նաև մարդկանց, ովքեր բնատուր շնորհներ ունեն և ճանապարհ ենք հարթում նրանց ստեղծագործությունների համար: Թովմաս Պողոսյանի ջանքերի շնորհիվ վերազարթոնք ապրեց հայ աշուղական երգարվեստը, էլ չեմ ասում, որ նա բոլորին հավաքեց ու համախմբեց մի հարկի տակ և հոգատար տիրոջ պես զորավիգ եղավ բոլորին: Ջիվանու անվան դպրոցը` շուրջ 150 երեխա, 30-35 աշուղներ և շատ ու շատ այլ կառույցներ նրա ամենօրյա հոգածության ներքո են: Այսքան ահռելի աշխատանք, անմնացորդ նվիրում, բայց ցավալիորեն զրկված ենք մեր շենքն ունենալու իրավունքից: Կարծում եմ, որ պետությունը պետք է միջամտի այս հարցում և բավարարի մեր այս արդարացի պահանջը: Այո, Թովմաս Պողոսյանի շնորհիվ հայ աշուղն իրեն ապահով ու զորացած զգաց, ամեն ինչ բնականոն հուն տեղափոխվեց, կանոնակարգվեցին շատ հարցեր: Այսպես, օրինակ, մեր կին աշուղները վերջապես գրեցին երգեր, որոնք կարող են երգել կանայք: Կնոջ իսկական սերը կինն ավելի ճշգրիտ է զգում, քան տղամարդը: Անցյալում  աշուղների սիրային երգերը էլի կանայք էին կատարում /կինը միշտ երգը փոխանցող է եղել/, բայց դրանք իրականում  տղամարդու երգեր էին, արական սեռի ստեղծագործություններ` իրենց մտածողությամբ, հոգեկերտվածքով և այլն: Ուրախալի էր, որ մենք ունեցանք կին ստեղծագործողներ, որ կանացի սերն են մեկնաբանում: Դա արդեն նորություն էր հայ աշուղական երգարվեստի պատմության մեջ: Դրա համար ես շատ բարձր եմ գնահատում մեր այսօրվա կին աշուղների աշխատանքը` մեծ ներդրում արեցին հայ աշուղական երգարվեստում:  Էլի շատ նման առիթներ ունենք խոսելու վերջին տասնամյակներին այս ոլորտում մեր ունեցած նշանակալի ձեռքբերումների մասին, ձեռքբերումներ, որոնք, կարելի է ասել, մի նոր դարաշրջան են բացում հայ աշուղական երգարվեստի համար, նոր լույս սփռում նրա ճանապարհին: Թող այդ ճանապարհը հնարավորինս անխաթար ու երկար լինի, թող Թովմաս Պողոսյանի` նվիրյալ մեծ հայի ու արվեստագետի բաղձանքն իրականություն դառնա…
SHARE