Ընդհանուր օգուտն անհամեմատ մեծ կլինի

0
17


Եթե տեղում լուծվեն թե արտադրածի ընդունման, թե վերամշակման խնդիրները

   Կոտայքի մարզի Հատիսի գյուղապետ Սամվել Գարսևանյանը, ով առաջադրել է իր թեկնածությունը փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, համայնքը ղեկավարում է 2002 թվականից: Մեկ տասնամյակի ընթացքում, իհարկե, բազում գործեր են կատարվել այստեղ, սակայն դեռևս կան կիսատ աշխատանքներ ու անելիքներ, որոնց իրականացումն ուղղակի պատվի խնդիր է գործող համայնքապետի համար: Ահա հիմնականում այս շարժառիթով է պայմանավորված կրկին առաջադրվելու հանգամանքը:       
   Պարոն Գարսևանյանի խոսքերով, ամենացավոտը խմելու ջրի խնդիրն է, որի լուծումը բավականին գումար է պահանջում, ինչը համայնքի հնարավորություններից վեր է: Պարզ է, որ համայնքի

7 մլն դրամ բյուջեով տվյալ հարցի լուծումն անհնարին է: Դիմել են միջազգային դոնոր կազմակերպությունների, մասնավորապես` ծրագիր են ներկայացրել Սոցներդրումների հիմնադրամ, սակայն պահանջվող գումարի բավականին մեծ լինելն առայժմ որևէ արդյունք ակնկալելու հույս չի ներշնչում: Մնում է ժամանակի ընթացքում գումար տնտեսելու միջոցով տվյալ խնդրի լուծման ուղիներ գտնել: Խմելու ջուրը, որ ինքնահոս եղանակով` 20 կմ հեռավորությունից է գալիս, ամռանը հարևան գյուղերի սարվորների կողմից ոռոգման նպատակով օգտագործվելու պատճառով էապես պակասում է` տեղ չհասնելով: Գյուղապետը խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ խորքային հոր ունենալն է համարում, ինչի արժեքը շուրջ 30 մլն դրամի սահմաններում է: Այս առաջարկով դիմել են կառավարություն: Մարզպետն իր հերթին խոստացել է այն ընդգրկել համայնքների զարգացման ծրագրում, ինչը պետական բյուջեից համապատասխան հատկացումների հնարավորություն է ենթադրում:

      Հատիսի բարձրլեռնային /2030 մ/ լինելու հանգամանքով պայմանավորված` խնդիրներ կան նաև ոռոգման ջրի հարցում: Ավելին, գյուղը զրկված է ոռոգման ջրից: Գյուղացին հնարավորություն չունի մշակելու սեփական հողատարածքները, քանի որ միայն անձրևների հույսին մնալը բավականին ռիսկային է և չարդարացված: Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությանբ: Սեզոնին բավականին մեծ քանակի կաթ են արտադրում` օրական 4-5 տոննա: Իրացման հարցում /մասնավորապես` տեղափոխման/ դժվարություններ ունեն, ընդունման գինն է ցածր: Ցանկալին այն է, որ տեղում կաթի ընդունման կետ և վերամշակման արտադրություն բացվի: Սա խնդրի լուծման լավագույն տարբերակն է, որի դեպքում ընդհանուր օգուտն անհամեմատ մեծ կլինի: 
    Ներհամայնքային ճանապարհները փոքրիշատե կարողանում են իրենց ուժ երով բարեկարգել, փոսալցումներ անել, բայց մարզային նշանակության ճանապարհները, որոնք ամբողջովին քանդված են, հնարավորություն չունեն վերանորոգել: Թեև այդ միջոցառումներն ընդգրկված են <<Հազարամյակի մարտահրավեր>>  ծրագրում, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով աշխատանքները հետաձգվում են: <<Նովա>> ծրագրով և համայնքի ուժերով լիարժեք կահավորված բուժկետ են ստեղծել: Գյուղն ամբողջովին
գազաֆիկացված է: Գլխավոր փողոցի 1 կմ հատվածի գիշերային լուսավորության հարցն են լուծել: Մնացածը նախատեսված է ընթացիկ տարում: Մանկապարտեզը չի գործում` երեխաների անբավարար քանակի պատճառով: Տարեկան ընդամենը 2-3 ծնունդ է գրանցվում: Դպրոց հաճախող երեխաների թիվը հասնում է 44-ի: Այստեղից էլ այն մեծ մտահոգությունը, որ ունի գյուղապետը` երիտասարդները լքում են հայրենի գյուղը: Անգամ ընտանիքներով են հեռանում` չդիմանալով սոցիալ-տնտեսական վատ պայմաններին: 350 բնակչից գրեթե 100-ը դրսում են: 
     Տվյալ ցավոտ խնդիրն, ընդհանուր առմամբ, առկա է մեր հանրապետության շատ գյուղական բնակավայրերում, ինչը, կարծում ենք, պետք է լրջորեն մտահոգի երկրի բարձրագույն ղեկավարությանը: Գյուղերը դատարկվում են, և պատահական չէ, որ ՀՀ նախագահը պահանջում է դեմքով շրջվել դեպի գյուղը: Պետական հոգածությունը գյուղի և գյուղացու նկատմամբ պետք է հնարավորինս մեծացվի, աչքաթող չպետք է արվի ոլորտին վերաբերող և ոչ մի խնդիր…


SHARE