Ընդօրինակելի գործելակերպ,

0
22

որի հեղինակն ու ջատագովը Գետափի գործող գյուղապետն է…
Առաջընթաց

      Առաջիկա կիրակի Գետափում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Գագիկ Ալոյանը, ով համայնքը ղեկավարում է 2008-ից, կրկին առաջադրել է իր թեկնածությունը: Ընդ որում` գյուղացիների պահանջով, որպեսզի ավարտին հասցնի նախատեսած ծրագրերի կատարումը:
    -Ժողովուրդը գիտի,-նշեց պարոն Ալոյանը,- որ ընկերության պահանջով եմ գյուղ եկել, և ժողովուրդը չի փոշմանել դրա համար: Ես գործարար եմ, գործի մարդ, նյութապես ապահովված, այնպես որ խնդիր չունեի: Պահանջեցին, որ գամ գյուղ` համոզված լինելով, որ կկարողանամ անպայման գյուղը ոտքի կանգնեցնել: Հայրս 20 տարի սովխոզի տնօրեն է եղել և բարի հետք ու հիշողություն է թողել այստեղ: Առաջին ընտրության` ինձ տված 718 ձայնը հիմնականում նրա շնորհիվ էր, ավելի շուտ` նրա պատվին: Բնականաբար, առաջին հերթին պիտի մտածեի հորս պատիվը պահելու մասին: Լծվեցի աշխատանքի և այսօր արդեն, կարող եմ ասել, բավականին աշխատանք է կատարվել: Գյուղը շուրջօրյա ջրամատակարարում ունի, ապահովված է որակյալ ջրով: Խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներն անմխիթար վիճակում էին, ամբողջությամբ քայքայված էր ներքին ցանցը, վթարներն անպակաս էին: Ասիական բանկի միջոցներով ողջ ներքին ցանցը, պոլիէթիլենային խողովակներով, վերակառուցել ենք /230 մլն դրամ/, կարգավորել 2 ջրամբարները /500 քմ և 50 քմ/: Հաջորդը կենտրոնական փողոցի գիշերային լուսավորության համակարգի անցկացումն էր: Բարեկարգել ենք փողոցները, աշխատանքներ են տարվել գերեզմանատանը: Հարկային պարտավորությունները մշտապես գերակատարել ենք և այդ առումով առաջիններից մեկն ենք մարզում: ՀՀԿ անդամ եմ, ԱԺ ընտրություններին համայնքը Հանրապետականին 57 տոկոս ձայն տվեց: Խնդրանքով դիմեցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` վերակառուցելու մանկապարտեզի վթարային շենքը: Նախագահն ընդառաջեց, նրա անմիջական կարգադրությամբ այժմ նախագծային աշխատանքներ են տարվում: Գյուղը 40 տոկոսով է գազաֆիկացված, մնացածի հարցն այս տարի կլուծվի: Հիմնական մեր հոգսը մնում է փողոցների բարեկարգումը: Պետության հատկացրած համահարթեցման գումարներից խնայողություն անելով, գյուղապետարանի միջոցներով /30 մլն դրամ/  վերանորոգել ենք մշակույթի տունը` ապահովելով բարձրակարգ պայմաններով: Համալրված է անհրաժեշտ գույքով, տարեցների համար սենյակ է առանձնացված: Մնում է դահլիճի աթոռներ ձեռք բերենք և տեղադրենք, ինչը կլուծվի <<Քաունթեր փարթի ինթերնեյշնլ>>

կազմակերպության հետ համատեղ: Գյուղապետարանը մշակույթի տան շենքում է: Վերընտրվելու դեպքում առաջնահերթ կենտրոնական փողոցի ասֆալտապատման, մյուսների խճապատման, ինչպես նաև առուների կարգավորման խնդիրներն եմ լուծելու: Նոր գերեզմանատան տարածքի հատկացման խնդիրը պետք է լուծվի: Կարևոր աշխատանքներից է նաև գյուղի պարզեցված գլխավոր հատակագծի կազմումը, ինչը կպահանջի մոտ 12-13 մլն դրամ: Մեր այն հողերը, որոնք այսօր մշակվում են, հիմնականում ապահովված են ոռոգման ջրով: Վերընտրվելուս իմաստն այն է, որ առավելագույնն անեմ գյուղի ու գյուղացիների համար, շարունակեմ զարգացման ու առաջընթացի միտումը…

     Գետափն ունի 2400 բնակիչ: Հիմնականում գյուղատնտեսությամբ են այստեղ զբաղվում: Բնակչության որոշակի մաս զբաղված է գինու գործարանում, կան նաև ծխախոտագործությամբ զբաղվողներ: Գագիկ Ալոյանին զարմանք կարող է պատճառել այն, որ գյուղամիջում պարապ մարդ լինի: Մարդու ամենամեծ ձգտումը դեպի աշխատանքը պետք է լինի, հատկապես` գյուղական բնակավայրերում, որտեղ անհնար է որևէ զբաղմունք, օգտակար գործ չգտնել: Նրա համար անհանդուրժելի է սուտը, Գետափի համայնքապետին նաև այս հատկանիշով են ճանաչում մարզում: Գագիկ Ալոյանը խոսքի տեր մարդ է, գործնական, բոլոր հարցերում հաշվի է նստում համայնքի ավագանու հետ: Նրան շատ են օգնում որդիները: Նրանցից մեկը <<Արդշինինվեստբանկի>> Եղեգնաձորի մասնաճյուղի կառավարիչն է, մյուսը Երևանում է` նույնպես  <<Արդշինինվեստբանկի>> կառավարիչ: Օգնում են նաև ընկերները, որ նաև ղեկավար պաշտոններ են զբաղեցնում /ՋՕԸ, էլցանց և այլն/: Նրա խոսքերով, ընկերություն կանի այն մարդու հետ, ով հեռու է ստելուց: Ժողովրդասեր ու ժողովրդական մարդ է, ինչին նպաստել են երկար տարիների աշխատանքը Եղեգնաձորի կոմունալ տնտեսության գրասենյակում` գլխավոր ինժեներ, պետ: Շատ արագ հասկանում է դիմացինին, ուղիղ ու անկեղծ է: Ժողովրդի հետ աշխատելու նախկին փորձը գյուղում ավելի շատ է պետք գալիս…
       Մեր զրույցը շարունակեցինք գյուղապետի օգնական Ժիրայր Ավագյանի հետ: Ի դեպ, նա նախկին գյուղապետն է: 
    -Մեզ համար,-ասաց պարոն Ավագյանը,-առաջնայինը համայնքի խնդիրները լուծելն է: Աշխատում ենք թիմով: Գագիկ Ալոյանի հնարավորությունները մեծ են` գյուղին առավել օգտակար լինելու առումով: Ի շահ համայնքի էլ ծառայեցնում է իր կապերն ու ունակությունները, ինչի արդյունքներն ակնհայտ են: Ճշտապահ ու պահանջկոտ ղեկավար է, հետևողական ու սկզբունքային: Նրա աշխատասիրությունն ու նվիրումը վարակիչ են, ընդօրինակելի: Համերաշխ ու համախմբված աշխատում ենք, համայնքում մթնոլորտն առողջ է, ինչում յուրաքանչյուրս իր ներդրումն ունի: Համայնքի համակրանքը պարոն Ալոյանի կողմն է, նրան են տեսնում համայնքի ղեկավարի ծանր ու պատասխանատու պաշտոնում…  
   Մեր զրուցակիցն ապա ավելացրեց, որ համայնքում այնպիսի բարձր, բարի մթնոլորտ է ձևավորվել, որ աշխատելու, նախաձեռնելու ու արարելու ակամա ցանկություն, ձգտում է առաջանում յուրաքանչյուրի մեջ: Միմյանց թև ու թիկունք են` ի շահ համայնքի: Միասնական են, առանձին խմբավորումներ, անցանկալի դրսևորումներ չկան գյուղում: Լավ դրվածք է դրել գործող գյուղապետը, որ կոչված է մարդկանց միավորելուն, հավատ ու վստահություն ներշնչելուն: Ժ. Ավագյանի կարծիքով, բոլոր գյուղապետերն այսպես պետք է մոտենան խնդիրներին և ինչ-որ առումով օրինակ վերցնեն Գ. Ալոյանից: Առկա ուժերն ու հնարավորությունները միասնաբար ուղղված են գյուղի առաջընթացն ապահովելու գործին: Կա աշխատանք, կա կարգ ու կանոն, կա հետևողականություն, և արդյունքն էլ, բնականաբար, տեսանելի է… 
     Մշակութային կյանքի առումով ևս նկատելի առաջընթաց կա: <<Զմրուխտ>> պարի համույթը մասնակցել է փառատոների ու բազմաթիվ մրցանակներ շահել: Գործում է ասմունքի խմբակ, ակտիվ են երգիչները…
     -Պարոն Ալոյանի շնորհիվ,-ասաց մշակույթի տան տնօրեն Արմանուշ Խաչատրյանը,-մեր երիտասարդությունը շատ ակտիվ է: Նա բարի, կամեցող, աշխատասեր մարդ է, համայնքին նվիրված: Պատրաստ է ամեն ինչի` հանուն համայնքի յուրաքանչյուր բնակչի: Աջակցում է մեզ հնարավոր և անհնարին ամեն ինչով: Ուշադիր է, ժամանակ կգտնի ներկա լինելու միջոցառումներին, մեզ ոգևորելու: Աշխատանքային կարգապահությունը նրա շնորհիվ շատ բարձր է: Բոլորս միահամուռ նրան ենք մեր ձայնը տալու…
     Զրուցեցինք նաև գյուղացիների հետ: Ահա մեջբերում նրանց խոսքից.
   -Ալոյանի օրոք կատարվածն ահռելի է: Ժողովրդական մարդ է, մարդասեր, գործնական ու նախաձեռնող: Մեր առաջադրած հարցերը ժամանակի ընթացքում լուծել է, հավատացած ենք` նույն կերպ նաև մյուս խնդիրները կլուծի: Հարց է բարձրացվել եկեղեցի կառուցելու: Այս էլ որ արեց, հավերժ կմնա: Հարմարվում  է ժողովրդի ամեն պահանջին, ցանկացած իրավիճակից ելք գտնում…
SHARE