ԸՆԿԵՐՆԵՐԸ` ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ – Գագիկ Կարապետյան

0
56

Գնահատում

Աշոտ Ավետիսյանն իր երկրի լավ քաղաքացին է, լավ մարդ ու ընկեր: Ես և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես, և՛ նյութապես կանգնել եմ ու կանգնած եմ նրա կողքին: Հուսով եմ, որ նա անպայման ընտրվելու է Ազգային ժողովի պատգամավոր: Նրա բոլոր ընկերներն ու համախոհները ջանում են այս ընթացքում մարդկանց հետ տարաբնույթ հանդիպումների ժամանակ առավելագույնս ներկայացնել նրա կերպարն ու մարդկային էությունը, նրա գործն ու մեծ աշխատանքը:

Ժողովրդի համար շատ բան է արել Ավետիսյանը: Հենց մեկի <<մատը փուշ>> է մտնում, բավական է դիմի` առանց թերանալու, առանց որևէ պայմանի կամ ակնկալիքի պատրաստակամ ընդառաջում է: Աշոտի հետ մեր ընկերությունն ավելի քան քառորդ դար է: Նախ, մենք հարևաններ ենք, մեր տները համարյա կպած են: Ընտանիքներով ենք նաև մոտ` մարդկային ջերմ ու մտերմիկ հարաբերություններով շաղկապված: Աշոտ Ավետիսյանն էությամբ բարի, հոգով ու սրտով նվիրվող է: Բարության տիպար է: Շատ լավ հատկանիշներ ունի, այն ամենը, ինչը բնորոշ է մարդկությանը, նրա լավագույն տեսակին:

Ցանկանում ենք նրան հաղթանակ, որը նաև մեր հաղթանակը կլինի: Վստահ ենք բոլորս, որ ընտրվելով պատգամավոր, Աշոտ Ավետիսյանը շատ մեծ աշխատանք կտանի Ազգային ժողովում և երբևէ չի անտեսի Սևանի, նրա բնակչի հոգսն ու ցավը: Արդյունք անպայման կլինի, քանզի մարդու կենսափորձն ու աշխատասիրությունը դրա համար լուրջ երաշխիք ու նախադրյալ են:

Մարդը որքան շատ ընկերներ է ունենում, այնքան էլ հարուստ է: Աշոտ Ավետիսյանը նաև այդ առումով է հարուստ, հարուստ են նաև մենք` որպես նրա ընկերներ ու մտերիմներ: Փոխադարձ սեր ու հարգանք ենք տածում միմյանց նկատմամբ, ինչը բնական պիտի համարել: Երբ կա նվիրում, անշահախնդրություն, ընկերությունն ու մարդկայնությունն անպակաս են: Իրար կողքի կանգնած ենք, և ցանկացած հարցում մեր հայացքները համընկնում են: Զուտ մաքուր, արդար ու անարատ ընկերություն ենք անում, ինչը զարդարում է յուրաքանչյուրիս…

 

SHARE