ԸՆԿԵՐՆԵՐԸ` ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ – Էդուարդ Սահակյան

0
37

Ընկերոջս առաջադրվելու հետ կապված ասեմ հետևյալը: Միասին ընկերներով քննարկեցինք, ծանր ու թեթև արեցինք և եկանք վերջնական եզրակացության, որ Աշոտ Ավետիսյանը պետք է մասնակցի ընտրությանը: Գտանք, որ ամենանպատակահարմարը նրա թեկնածությունն առաջադրելն է, ուստի և երկու ձեռքով կողմ քվեարկեցինք այդ որոշմանը:

Առհասարակ, ամեն գործ սկսելուց պետք է ճշտես նպատակն ու դրա իմաստը: Երբ բավարար նախադրյալներ կան, առաջին հերթին նկատի ունեմ անձի կենսափորձը, բանիմացությունը, ունեցած հնարավորությունները և, ի վերջո, բարի համբավն ու հեղինակությունը, ուրեմն կարող ես նման խնդիր դնել քո առաջ` հետամուտ լինելով դրա իրագործմանը: Այսինքն, ինքնանպատակ ոչինչ չկա այն բանում և բնավ էլ պատահական չէ, որ Աշոտ Ավետիսյանի պես անհատը ներգրավվել է տվյալ գործընթացում և իրական ու լուրջ հավակնություններ ունի իր տեղն ունենալու, արժանի՛ տեղը երկրի կառավարման բարձրագույն մարմնում:

Աշոտը բարոյակամային բարձր հատկանիշների տեր է, այսպես ասած` ուտվող չէ, որ հեշտությամբ կուլ տան, կամակատար դառնա: Մինչև համոզված չլինի, մի քանի անգամ ծանր ու թեթև չանի, չվերլուծի, չի անի տվյալ քայլը, իսկ ամենակարևորը` խղճին, քաղաքացու իր դիրքորոշմանը դեմ չի գնա, հենց այնպես չի քվեարկի: Դե, վերջին հաշվով մաթեմատիկոս է` լուրջ անալիզ անելուց հետո միայն եզրակացության կհանգի: Բնական է, որ լինելով ՀՀԿ անդամ, իր հերթին առաջ կտանի կուսակցության գաղափարական գիծը, բայց և, հավատացած ենք, չի անտեսի մարզին, տարածաշրջանին հուզող հիմնախնդիրները և անպայման ջանքեր կգործադրի դրանք բարձրաձայնելու, համապատասխան լուծումներ առաջարկելու ուղղությամբ: Լավ գիտակցում է, որ երկրում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, ընդ որում, փոփոխություններ` նախ մարդկանց գիտակցության, ապա նրանց գործելակերպի մեջ: Հարմարվող, հեշտ համոզվողներից չէ, գտնում է, որ եթե ինչ-որ բան անընդունելի է, ապա պիտի չվախենալ այն մատնանշելուց:

Աշոտը, ինչպես ասում են, պառլամենտի իսկական <<մատերիալ>> է, արժանի է երկրի բարձրագույն իշխանության մարմնում լինելուն: Խորհրդարանի դերն, ինչպես գիտենք, բավականին բարձրանում է նոր ընդունված Սահմանադրությամբ, ինչը նշանակում է, որ պատահական մարդիկ այնտեղ գործ չունեն անելու: Համոզված ենք, Աշոտ Ավետիսյանի և նրա նման մարդկանց տեղն է: Նրանց, որ բավարար կրթություն ու աշխատանքային փորձ ունենալով հանդերձ, նաև կյանքի փորձառություն, ճանաչողություն ունեն, այսպես ասած` կյանքի ակադեմիկոսներ են:

Աշոտը շատ ազնիվ ընկեր է: Եթե, ասենք, սխալ բան է անում, ապա անմիջապես կարմրում է. խոստովանենք, նման երևույթի այսօր հազվադեպ կարելի է հանդիպել: Առաջին հերթին, ինչ խոսք, նվիրված է ընտանիքին, երեխաներին: Հրաշալի ընտանիք ունի, նաև` հրաշալի ընկերական շրջապատ: Մաքուր ընկեր է: Լավ մարդ է, բարի կամեցող: Կյանքի դժվարությունները նրան լավ <<թրծել>> են: Երկու եղբայր ու հինգ քույր մնացել են մոր խնամքին: Ինքնուրույն կյանքի ճանապարհ է հարթել: Ինտելեկտուալ է, խելացի, կարդացած, գրագետ: Մի խոսքով, տիրապետում է այնպիսի հատկանիշների, որ ցանկալի ու պարտադիր են նման հավակնություն ունեցող անձի համար: Սակայն ցավով պիտի նշեմ, որ ընտրողների մի խումբ կա, ստվար մի խումբ, որ, անտեսելով թվարկածս արժանիքներն ու կարևոր առավելությունները, ընտրակաշառքի է սպասում: Ցավ ու ափսոսանք եմ ապրում:

Պատեհ առիթից օգտվելով, թերթի միջոցով եմ դիմում բնակչությանը` քվեարկել սրտի ձայնին ունկնդիր, խղճի թելադրանքով: Քվեարկել Աշոտ Ավետիսյանի օգտին, քանի որ նա արժանավոր թեկնածու է, լավագույններից մեկը… Այս հող ու ջրի ծնունդ է, կյանքի դժվարին փորձություններից առավելագույնս իմաստնացած, իմացության բավարար պաշար ամբարած ու մարդկային իր ազնիվ տեսակը հավատարմորեն պահպանած անձնավորություն:

 

SHARE