ԸՆԿԵՐՆԵՐԸ` ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ – Խաժակ Մուրադյան

0
287

Մանկությանս ընկերն է Աշոտը: Նույն գյուղում ենք ծնվել, նույն փողոցում խաղացել, նույն դասարանում սովորել… Ե՛վ դառը, և՛ քաղցր օրերին միասին ենք եղել, իրարից անբաժան: Մի կտոր հացը միասին ենք կտրել:

Հիմա մեծացել, հասակ ենք առել` ժամանակի հետ մենք էլ հասունանալով: Ճիշտ է, Աշոտն իր բնավորությամբ, էությամբ ու խառնվածքով համարյա չի փոխվել, բայց փոխարենն իմաստնացել, ավելի խոհեմ ու շրջահայաց է դարձել: Առավել քան բանիմաց է ու լրջմիտ, քաջատեղյակ աշխարհի անցուդարձից: Չնայած ոչ երիտասարդ տարիքին, զարմանալիորեն առանձնանում է իր շրջապատում` ժամանակակից թարմ մտածողություն ու մոտեցումներ հանդես բերելով: Որքան նահապետական ու ավանդապահ է, այնքան էլ ժամանակակից ու նոր: Կարողանում է ճիշտ գնահատել ժամանակի մարտահրավերները և ըստ այդմ ճիշտ որոշումներ կայացնել:

Այն փաստը, որ մենք մեր ծնված օրվանից մինչև օրս միասին ենք, խոսում է շատ բանի մասին: Քաղցր հիշողություններով ենք կապված և, փառք Աստծո, այսօր էլ շարունակում ենք հարստացնել մեր համատեղ կյանքի տարեգրությունը: Որպես ընկեր, նա ինձ տվել է ապրելու հնարավորություն: Ոչ թե ֆիզիկական կամ ֆինանսական առումով, այլ ուղղակի կյանքը գնահատելու առավելության իմաստով` մարդկանց հետ ճիշտ շփվելը, արածդ քայլերն ի մի բերելը, քաղաքականության մեջ մտնելը, դիմացինի հետ բացատրվելը, վատից հեռու կանգնելը, միշտ կարիքավորին ձեռք մեկնելը, ապահով լինելը և այլն: Ղեկավարելով Սևանի զբաղվածության տարածքային կենտրոնը, մշտապես զգացել եմ նրա դավանած սկզբունքների ճշմարտացիությունը:

Շատ երջանիկ կլինեմ ընկերոջս Ազգային ժողովում տեսնելով: Երջանիկ կլինեմ` տեսնելով, թե ինչպես մարդիկ կգնահատեն նոր ոլորտում նրա արդյունավետ ու նպատակային աշխատանքը, ինչպես նրան բոլոր ընտրողները կընդունեն, ինչպիսի հույսեր կկապեն նրա հետ: Ինչպես եղել է սոցիալապես անապահով խավի կողքին, այնպես էլ, առավել շատ, կշարունակի պայքարել հասարակ մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Այլ կերպ անհնար է պատկերացնել նրա ապագա գործունեությունը: Ես վստահ եմ դրանում, վստահ են, անկասկած, շատ-շատերը:

 

SHARE