Ընկերները` ընկերոջ հոբելյանին

0
1227

Շնորհավորանքներ

 Սամվել Կրպոյան

watermarked_Samvel Krpoyan

/ԱՄՆ, Լոս Անջելես/

  Պետրոսի հետ հասակակիցներ ենք, միասին ենք դպրոցում սովորել, միասին մեծացել: Երկուսս էլ հպարտորեն ենք կրում նորքեցի լինելու անունն ու պատիվը: Այնպես ստացվեց, որ ես մեկնեցի Ամերիկա, բայց մեր ընկերությունը դրանից չտուժեց. մնացինք և այսօր էլ ընկերներ ենք: Բնավորության ընդհանուր գծեր ունենք, և ես իմ ընկերոջը շատ սիրում եմ: Նա լիովին արժանի է իր ընկերների առանձնահատուկ վերաբերմունքին: Որպես ընկեր, կամուրջ է աշխարհի ու Հայաստանի միջև: Ընկերոջ էտալոն է: Աստված նրան շատ փորձությունների միջով տարավ, ինչը սակայն նրան չկոտրեց երբևէ: Ուժեղ ու անկոտրում բնավորության տեր է: Կամեցող է, շատ բարի: Անկասկած, կաներ ավելին, եթե հնարավորությունները ներեին: Շատ մեծ մարդ է: Ընկերոջ կյանքով հարազատորեն ապրող, նրա համար ամեն ինչի պատրաստ: Այդպես է նաև բարեկամ-հարազատների, իր շրջապատի բոլոր մարդկանց համար: Եզակի այն անհատներից է, ով բացասական գիծ, մարդկայնորեն թերի կողմ չունի: Հիշաչար, քինախնդիր չէ: Շատ հյուրասեր է, հյուրասիրությունից չի հագենա` երբևէ չսպասելով, որ նույնը պիտի իր հանդեպ անես: Ֆիզիկական վիճակը չի խանգարի, որ անգամ արտերկիր մեկնի` ընկերոջ կողքին լինելու համար: Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալությունս հայտնել նրա տիկնոջը` Սուսաննային, որ գորովագութ խնամք է տանում ընկերոջս նկատմամբ: Բոլոր առիթների դեպքում Սուսաննայի անունը տալիս եմ և մեծարանքի խոսքեր հնչեցնում նրա հասցեին: Շնորհավորելով ընկերոջս 60-ամյա հոբելյանի առթիվ, թե՛ նրան և թե՛ նրա տիկնոջն առողջություն ու ուրախություն եմ մաղթում, թող ժպիտը միշտ դեմքներին լինի, երջանիկ ապրեն` ընկերներով ու հարազատներով մշտապես շրջապատված: Ուզում եմ, որ Պետոն ուրախ ապրի, իր անցած տխուր օրերը չմոռանալով` հնարավորինս սփոփվի: Մեկ անգամ ևս ընդգծեմ` շատ ուրախ եմ նրա հոբելյանի առթիվ և անսահման հպարտ նրանով, նրա փառահեղ գոյությամբ…

 watermarked_Petros Xazaryan 60 amyak (1)

Գրիգոր Բալյան

  Պետրոսի ընկերն եմ, և ուրախ եմ նրա համար, որ այսօր 60-ամյա բարձունքի է հասել: Հավատում եմ հրաշքի, հավատում, որ մի օր նա առանց ձեռնափայտերի, ազատ կքայլի: Դրա նախանշաններն ես ամեն օր էլ զգում ու տեսնում եմ: Պետրոսն ընկերության չափանիշ է: Նաև ընտանիքի լավ ղեկավար է, լավ ամուսին, լավ հայր, լավ եղբայր: Մանկության ընկերներ ենք, նույն թաղամասում իրար հետ հասակ առած: Նաև ընտանեկան մտերմություն ենք ունեցել: Լավ մանկություն ենք անցկացրել միասին: Ընկերությունը մեծ հասկացություն է, շատ տարողունակ: Մերն ազնիվ, նվիրված ընկերություն է, ինչն էլ այն պահպանելու գլխավոր երաշխիքն է: 50 տարուց ավելի նույն ճանապարհով քայլում ենք և դեռ էլի կքայլենք… Շատ եմ գնահատում ընկերոջս անմիջականությունը, նվիրվածությունը, ընկերոջ դարդն ու ցավը մտերմորեն զգալու, նրան օգնելու անկեղծ պատրաստակամությունը: Կամքի մեծ ուժ ունի, կենսունակության ձգտումն անսահման է, ինչն անչափ գնահատելի է: Պետոն իր մեջ շատ մեծ պարտավորություն ունի` ինչպես ընկերների, հարազատների, այնպես էլ իր երկրի ու ժողովրդի հանդեպ: Իր պահվածքով, ավանդապահությամբ, վարքագծով լավ ու բարի օրինակ է շրջապատի համար: Ուժեղ, հզոր մարդու տեսակ է ընկերս: Արժանի է ամեն լավ բանի…

Արտո

/Կրասնոդար/

 Իմ լավ ընկերոջ ծննդյան տարեդարձի առթիվ արդեն դեկտեմբերի 1-ից ճամփա էի ընկել, գալիս էի: Բոլոր ընկերների ցանկությունն էր` գալ և մասնակցել հոբելյանական միջոցառմանը, որովհետև Պետոն այն անձնավորությունն է, ումից կշտանալն անհնարին է: Երկար տարիներ է, ինչ ընկերություն ենք անում: Շատ գեղեցիկ պահով ենք սկսել մեր մտերմությունը: Մշտապես առիթ եմ փնտրում` նրա հետ շփվելու, զրուցելու, որովհետև ինձ համար դա շատ հաճելի է: Ավելին, իր իմաստնությունը, մարդկայնությունը, նիստ ու կացը, խորհուրդներ տալն ինձ համար շատ մեծ նշանակություն ունեն: Համոզված եմ, այդպես է բոլորի պարագայում, քանի որ Պետոն ընկերությանը նվիրված անձնավորություն է: Նա շատ լավ բաների է արժանի, մեծ ընկեր է, ընկերության խորհրդանիշ: Եթե ուզում ես ընկերություն անել, ապա պիտի Պետոյի մոտ գաս <<ստաժիրովկայի>>…

Վարազդատ Մկրտչյան

/Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար/

  Անկեղծ շնորհավորում եմ Պետրոս Ղազարյանի հոբելյանը: Նա մեծ ընկերական շրջապատի տեր է, ինչի վկայություն են ստացվող շնորհավորանքները, հատկապես` արտերկրից: Հավաքվել է ընկերությունը, ջերմ ու հուզիչ մթնոլորտ է տիրում: Անգամ <<Ընկեր>> թերթի խմբագիրն է ներկա: Նորքի ու նորքեցու համար սա շատ լավ երևույթ է: Ընկերական լավ դրսևորումների ենք ականատես, և այդ ամենի առանցքը հոբելյարն է: Պետրոսը մեծ հարգանք վայելող ընկեր է, արժանի նման վերաբերմունքի: Նորքեցի ընկերախումբը թող իր համախումբ լինելու առումով օրինակ լինի շատերի համար…

Սուրեն Մամիկոնյան

  Պատահական չէր, որ ԱՄՆ-ում ապրող ընկերները տեսաժապավենով ողջունել էին և մոմ էին վառում Պետրոս Ղազարյանի համար: Այստեղի տոնակատարությանը ներկա բոլոր ընկերները, յուրաքանչյուր մասնակից իրենց ջերմ վերաբերմունքն արտահայտեցին բոլորին արժանի ընկեր Պետրոսի նկատմամբ: Նա իր երիտասարդ ու հասուն տարիքում ապրած շատ բուռն կյանքի արդյունքում է այդ ամենը վաստակել: Ճակատագրի բերումով, առողջական խնդիրներ ծագեցին նրա մոտ, սակայն դա չխանգարեց` ապացուցելու, որ աննկուն ոգի ունեցող հայի տեսակ է: Բարության դաշտում ապրելով, բարին է կամենում ամենքին: Ունի շատ բարձր ներքին կուլտուրա: Ուրախ եմ, որ նրա նման հայ կա: Նա իր հող ու ջրի, իր Նորքի հայրենասեր զավակն է: Շատ լավ է, որ <<Ընկեր>> թերթն այսքան ուշադիր է ընկերների նկատմամբ, շատ լավ է, որ նպաստում է ընկերների համախմբմանը, ընկերական սիրո ջերմությունը տարածելուն: Բոլորս պիտի պայքարենք, որ բարին շատանա մեր կյանքում, որ բարությունը մարդկանց ապրելակերպի անբաժանելի մաս դառնա: Պետրոսի ընկերական շրջապատը շատ մեծ է, ինչը նրա բարձր արժանիքների մասին է վկայում: Շնորհավոր 60-ամյակդ, ընկե՛րս…

Հարություն Մովսիսյան

/դերասան/

 Հայ մարդու ազնվագույն, ազնվածին տեսակն է Պետրոսը: Այնքան զուսպ, ժպտերես, խելացի, հավասարակշռված: Շատ երաժշտություն կա իր մեջ, աշխարհ կա, ծիծաղ կա, սեր կա: Ամեն ինչ յուրովի է, ամեն ինչ արտիստիկ, գեղեցիկ: Նաև ժողովրդական լինելով, իր մեջ կրում է ազգային բոլոր հերոսներին վայել հատկանիշները, այսինքն` ոչ մի զիջում, միայն մեր երկրի, մեր ազգի, մեր պետության ինքնությունն ու ամրությունը, հայ մարդու գաղափարական բարձր տեսակը, գրագետ մարդը: Դու պետք է գիտակից լինես, կարդացած լինես, քո պատմությունը ճանաչես,  ինքնությանդ, ծնողներիդ, գերդաստանիդ տեր ու տիրականը լինես: Սրանք տղամարդու մեծագույն հատկանիշներ են: Դարերի մեջ ի՜նչ մեծ գեղարվեստ ենք ունեցել, ի՜նչ մեծ երգ ու պար ենք ունեցել, ի՜նչ արվեստ ենք ունեցել, և այդ ամենն արտահայտվում է Պետոյի մեջ, իր թագավորական ժպիտի, համբերատարության, մեծահոգության մեջ: Արժանի է այն սիրուն ու հարգանքին, որ կա իր նկատմամբ, իսկապես` ինքն իր տեղում է: Եթե ավելի բարձր տեղում լիներ, ապա դրանից մեր ժողովուրդը միմիայն կշահեր: Մեզ պետք են այդպիսի տղաներ, հայոց երկրի այդպիսի դաստիարակության տեր, այդ աշխարհայացքով, գրագետ, հեռատես, չափով-ձևով, տեսնող ամեն ինչ և բոլորին հասնող: Մեծ արժանիքների տեր մարդ է… Շնորհավորում եմ անուշ եղբորս 60-ամյակը, ցանկանում եմ, որ այն բոլոր ողբերգությունները, դժբախտությունները, դժվարությունները, որ անցկացրել է, վերածվեն երջանկության, թող Աստծո օգնությամբ ոտքի կանգնի, առողջ լինի, վայելի հարազատների, ընկերների սերը: Երջանիկ եմ, որ Պետոյի պես ընկեր ունեմ: Թող ընկերս շուտափույթ քայլի, շատ թանկ ու սիրելի մարդ է Պետոն…

Բահրամ Թալաի

  Ես ազգությամբ պարսիկ եմ, և ճիշտ են ասում, որ ընկերությունն ազգություն չի ճանաչում: Պետրոս Ղազարյանին ճանաչում եմ գրեթե 3 տարի, իրար հետ աշխատում ենք: Շատ տարբեր մարդկանց հետ եմ աշխատել, բայց նրա նման մարդու չեմ հանդիպել Երևանում` և՛ գործի մեջ, և՛ մարդկային առումով: Հպարտ եմ, որ մասնակցում եմ նրա 60-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Կարող եմ ինձ թույլ տալ և ասել, որ նրա կրտսեր եղբայրն եմ: Ամենալավն եմ ցանկանում նրան, ինչպես ինքն է բոլորիս ցանկանում: Վստահեցնում եմ, որ նա միշտ մեր գլխի վրա տեղ ունի…

Աֆանասի Վլադիմիրովիչ

  Պետոյի մասին կարող եմ շատ հակիրճ խոսել: Նրա մեջ գնահատելի են բարությունը, մարդկայնությունը, տղամարդկությունը, ընկերասիրությունը, կենսասիրությունը և ակնածանքը ընտանիքի հանդեպ: Այդքան դաժան փորձությունների միջով անցնելով, էլի մնացել է աշխարհում ամենաուշադիր ու լավ ընկերը: Պետրոսին ընկերությունից շատ ու շատ բարձր եմ համարում: Եղբայր է ինձ համար: Ցանկացածս նրանից սովորելու շատ բան ունենք, այդ թվում` հայրենասիրություն: Վերին աստիճանի ուշադիր, բոլորի ցավով ավելի ցավ ապրող, բոլորի ուրախությամբ ավելի շատ ուրախացող, բոլորին իրենից շատ կամեցող: Պետոն ինձ համար տիեզերք է, այդպիսի տղա է…

Թովմաս Պողոսյան

  Հաճախ են ինձ դիմում` խոսք ասելու որևէ արվեստագետի մասին, նրա ստեղծագործական ձիրքերի, կատարողական արվեստի, հմտությունների, պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ: Այս անգամ բոլորովին ուրիշ առիթ է ներկայացել  ինձ` խոսք ասել Մարդու մասին: Պետրոս Ղազարյանը, ում ճանաչում եմ արդեն երկար տարիներ, ինձ համար բարձր բարոյական նկարագրով հայ մարդու տեսակ է: Մարդ, ով հարգել գիտի դիմացինին, մարդ, որ կարող է լսել և կիսել դիմացինի վիշտը կամ ուրախությունը, թեթևացնել նրան ծանրացնող բեռը, հոգսը: Սա, անշուշտ, մեծ արժանիք է, որ շատ է բարձրացնում մարդուն: Ուրախ եմ, որ ունեմ ընկեր, և այդ ընկերը Պետրոս Ղազարյանն է: Սրտանց շնորհավորում եմ նրա 60-ամյակը, մաղթում, որ Աստված նրան ամենակարևորը պարգևի` շատ-շատ առողջություն: Մի բան, որի կարիքը ոչ միայն ինքն ունի, այլև մենք բոլորս` իր ընկերները: Մենք շատ ենք ուզում, որ Պետրոսը շատ առողջ լինի…

Գրիշա Սարիբեկյան

  Պետոյի նկարագիրը ազգային ու մարդկային նկարագրի մի ամբողջ սինթեզ է, որովհետև և՛ կամեցողության, և՛ ազգային մտածողության հարցում ինքը ճիշտ մոտեցումներ ունի և ճիշտ վերաբերմունք: Իսկ մարդու կամային հատկանիշների մասին կարող ես ենթադրել միայն իր վիճակից և իրավիճակից ելնելով…

Արմեն Պողոսյան

  Պետրոս Ղազարյանին շատ վաղուց եմ ճանաչում` որպես լավ ընկերոջ: Նա հորս  ընկերն է եղել, հիմա ընկերություն է անում ինձ ու տղաներիս հետ: Աստծուց խնդրում եմ, որ առողջ լինի, որ թոռս մեծանա` նրա հետ էլ ընկերություն անի: Այս ամենը գալիս է բնութագրելու նրան` որպես մեծ հոգու, մեծ սրտի տեր անձնավորության: Պետրոսի հետ ճանապարհ ունենք անցած, և ավագ ընկերոջ իրավունքով մշտապես կողքիս է եղել իր խորհուրդներով, ճիշտ ուղղություն է ցույց տվել: Որպես ընկեր` մեծություն է: Պետրոսը ոչ թե Նորքի, այլ քաղաքի տղա է, քաղաքում մեծացած: Այս հասկացությունը քիչ է մնացել, բայց կա: Հայաստանում ճանաչված է: Շատ գնահատելի են նրա նվիրվածությունն ընտանիքին, ընկերությանը, իր հող ու ջրին: Հարազատ ենք նաև ընտանիքներով: Կինը` տիկին Սուսաննան, ոսկի անձնավորություն է, հայ կնոջ տիպիկ կերպար ու մարմնավորում: Ինձ համար Պետրոսի պես ընկեր ունենալը երջանկություն է…

***

  Պետրոս Ղազարյանի մորեղբայրը` Սարգիսը, շնորհավորելով քրոջ որդուն 60-ամյա հոբելյանի առթիվ, ցանկացավ աշխարհիս ամենալավ բարիքները նրան: Թող Աստված նրան առողջություն տա, որ նրա երջանկությունը տեսնեն ու ուրախանան…

Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ