Ընկերների հիշատակին…

0
51

Խոնարհում

   Մի առանձնակի հպարտության են արժանի այն ընկերները, ովքեր վառ են պահում իրենց ընկերոջ հիշատակը: Նման օրինակներ շատ կան մեր շրջապատում, և վերջերս տեղի ունեցած մի արարողության մասնակից էինք նաև մենք: Նախաձեռնությունը Պետրոս Ղազարյանինն էր և նրա ընկերներինը: Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցվեց` ի հիշատակ կյանքից հեռացած ընկերների և նրանց հոգիների հանգստության, երկնային խաղաղության համար: Ընկերներ, որ իրենց ապրած կյանքով, արած-թողածով մշտապես արժանի են մեծարման ու գովաբանության` Բենիկ Խաչատրյան, Ավետ Մանուկյան, Ֆելիքս Գաբրիելյան…

  Արես Խաչատրյան.- Հորեղբայրս` Բենիկը, շատ մեծ շրջապատի տեր էր և ընկերներ ուներ ողջ աշխարհով մեկ: Նրանք` եղբայրներով, ծնվել, մեծացել են Գյումրիում, իսկ ապա` 25 տարի, ապրել են Ռոստովում: Սկզբում հայրս` Ռաֆիկն է մեկնել, 1973 թվականին, ապա կանչել Մուկուչին ու Բենիկին: Տուն են գնել, միասին գործ դրել ու այդպես ապրել այնտեղ: Բենիկը միանգամից իր ընկերական շրջապատն է ստեղծել, ճանաչում ու հեղինակություն ձեռք բերել: Ինչ էլ ուզում է լիներ` Հայաստանը չէր մոռանում, այլազգի ընկերներին հաճախակի բերում էր Երևան, հպարտորեն ցույց տալիս մեր երկիրն ու մայրաքաղաքը: Այստեղի ընկերները, բնականաբար, միանում էին նրան, միասին էին սեղան նստում, աղ ու հաց կտրում: Ընկերները շատ, շատ էին, բայց հասցնում էր բոլորի հետ էլ հաց կիսել… Նա 50-ի շեմին էր, երբ կատարվեց այդ չարաբաստիկ դեպքը: 2006 թվականին Սոչի էր թռչում, բայց ինքնաթիռը տեղ չհասավ… Ռոստովում բոլորը ճանաչում էին Բենոյին, նրա անունով երդվում: Նա այն մարդն էր, որ, մեծ հնարավորությունների տեր լինելով, ամեն ինչ իր արդար քրտինքով, իր կարողությունների շնորհիվ ձեռք բերելով, բոլորին կհասներ, բոլորի դրության մեջ կմտներ: Արդարադատ էր, անվիճելի հեղինակություն բոլոր հարցերում: Ասածն օրենք էր, քանի որ սխալվելը կամ վրիպելը նրա պարագայում բացառվում էր: Նրա համար օտար ու հարազատ չկար, բոլորը հավասար էին, ճիշտը մնում էր ճիշտ: Ընկերների հանդեպ նվիրումն ինքնամոռաց էր: Եվ պատահական չէ, որ այսօր հիշատակի այս արարողությունն է կատարվում ընկերների կողմից: Հորեղբայրս շատ կյանքով լեցուն, հյուրասեր ու կենսախինդ անձնավորություն էր: Ազգի, հայի ու հայկականի նկատմամբ մեծ պաշտամունք ուներ: Մեծ շրջապատ ունենալով, հեղինակավոր, բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց հետ նստել-վեր կենալով, ամեն ինչ ի շահ Հայաստանի, ընկերական շրջապատի ու հայրենակիցների էր ծառայեցնում: Արցախյան պատերազմի տարիներին մեծ ու անգնահատելի օգնություն է ցուցաբերել` մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Երբևէ չէր գոռոզանում, մեծամտանում իր համբավով ու հեղինակությամբ, նվաճած անունն ու պատիվը երբեք ի չարս չէր գործադրում: Յուրահատուկ վերաբերմունքով բոլորին ուշադրության կենտրոնում կպահեր, չէր անտեսի ոչ ոքի… Հպարտ եմ հորեղբորս բոլոր ընկերներով, Պետրոս Ղազարյանով և մյուսներով, որ չեն մոռանում ընկերական սրբությունները: Մեր պարտքն է արժանի լինել այդ ամենին և միշտ բարձր պահել լավ մարդկանց, արժանավոր հայորդիների անունն ու հեղինակությունը…