Ընկերն ավելի լավ <<ցավազրկող>> է, քան մորֆին

0
24

Ուսումնասիրություն

Ընկերության միջազգային օրվա` հուլիսի 30-ի առթիվ

Գաղտնիք չէ, որ լավ ընկերները կարևոր ու էական նշանակություն ունեն մեզանից յուրաքանչյուրի կյանքում: Նրանց հետ կիսվում ենք մեր ուրախությամբ, պատմում մեր հոգսերի, տխրության մասին, նրանց հետ ճանապարհորդում, խենթություններ անում: Բայց պարզվում է, որ ընկերներն առանձնանում են ևս մեկ կարևոր հատկանիշով:

Համաձայն վերջին ուսումնասիրության, ընկերները լավագույն ցավազրկողներն են: Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կատարած վերջին ուսումնասիրությունը բացահայտել է, որ շատ ընկերներ ունեցող և ընկերների հետ հաճախակի հանդիպող մարդիկ ավելի հեշտ են հաղթահարում ցավը: Պարզվում է, որ ընկերությունը բարձրացնում է օրգանիզմում էնդորֆինների մակարդակը, իսկ դրանք ցավը մեղմող բնական ազդեցություն ունեն: Էնդորֆինների այս հատկության մասին ապացուցվել է նախորդ ուսումնասիրությունների ժամանակ, ինչի համաձայն` դրանք ավելի լավ կարող են մեղմել ցավը, քան անգամ մորֆին:

Օքսֆորդի համալսարանի դոկտոր Կատերինա Ջոնսոնը նշում է, որ այս հետազոտությունը շատ հետաքրքիր է նաև այն բանով, որ նույն էնդորֆին համակարգի խանգարումների հետևանքով կարող են հոգեբանական խնդիրներ առաջանալ (օրինակ` դեպրեսիա): <<Ահա թե ինչու են դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի տխուր և խուսափում են շփումից>>,- նշել է Ջոնսոնը:

Այսպիսով, ուսումնասիրությունը հանգեցրել է այն եզրակացության, որ սոցիալական շփումն ազդում է առողջության վրա և որոշիչ գործոն է մեր կյանքի տևողության համար: Բայց, ցավոք, թվային տեխնոլոգիաների այս դարում մարդկանց հետ շփման հարցում շատերը թերանում են` առանց գիտակցելու, որ դա կարող է ազդել ժամանակակից հասարակության առողջության վրա:

Այնպես որ, սիրելի ընթերցողներ, <<Ընկեր>> թերթն իր գոյությամբ նաև բուժիչ խնդիր է լուծում, առողջապահական առաքելություն իրականացնում:

<<Ընկեր>>-ական ընդգծում.– Այո՛, ընկերությունը բարձր ու վեհ արժեք է: Եթե մարդուն անվանում ես ընկեր, ուրեմն նրան վերագրում ես բոլոր այն հատկանիշները, որոնք բնորոշում են ընկերոջ սուրբ կոչմանն ու առաքելությանը: Ընկեր ունենալն այսօր, իրոք, մեծ ձեռքբերում է, քանի որ <<ընկեր>> լինել շատերն են կարողանում, սակայն ԸՆԿԵՐՈՋ կոչումը քչերին է հասու: Ընկերություն անելը և լավ ընկեր գտնելն իրականում այնքան էլ հեշտ չեն, միայն կյանքի թոհուբոհում փորձված և այդ ամենից ամրացած ընկերությունն է իսկականը:

Այս առումով հայ ազգն, իրոք, բացառիկ է, մեր ազգը միշտ էլ աչքի է ընկել իր ընկերասիրությամբ` ընկերն ընտանիքի անդամ է համարվել, ընկերությունը` սրբացվել: Ուրախալի է, որ այսօր էլ այս մոտեցումը շարունակվում է, քանի որ ընկերասիրությունը խոսում է մարդու, այս դեպքում ազգի բարոյական որակների և մարդկային բարձր հատկանիշների մասին: Գնահատե՛նք և պահպանե՛նք ընկերությունը, ինչպես հայտնի աֆորիզմն է ասում` <<Նա, ով ունի հավատարիմ ընկեր, կարող է հաշվել, որ ինքն արդեն երկու հոգի է>>: 

SHARE