Ընկերոջս մասին

0
20

Պատմություն

  123Հայաստանում 2015 թ. հունիսյան իրադարձությունները և դրանց հաջորդող դեպքերը ճակատագրական էին ընկերոջս` Սևակ Նիկողոսյանի համար: Նա այն երիտասարդներից մեկն էր, ում մտահոգում էր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական անմխիթար կացությունը, և ահա, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում հանդես բերելով, կանգնեց ընդդիմադիր հայացքներ ունեցող իր շատ հասակակիցների կողքին: Նրանց կողքին, ովքեր, մասնավորապես, նստացույց անելով և փակելով մայրաքաղաքի Բաղրամյան պողոտան, դեմ էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և երկրի նախագահից պահանջում էին կասեցնել այդ առթիվ ընդունված տխրահռչակ որոշումը: Հունիսի 23-ին ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ուժ կիրառեց ցուցարար երիտասարդների նկատմամբ, և տուժողների թվում նաև Սևակն էր:

 Ահա, այսպես Սևակը հայտնվեց իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Մանավանդ որ, այդ դեպքից հետո ևս նա շարունակում էր ակտիվորեն մասնակցել ընդդիմության խաղաղ երթերին ու ցույցերին և քաղաքացիական տարբեր ակցիաների ակտիվիստների շարքերում էր: Պարզ է, որ իշխանության հլու կամակատար պաշտոնյաներին դուր չէր գալիս Սևակի այսպիսի դիրքորոշումը, ուստի տարբեր պատրվակներ փնտրելով նրան ցանկանում էին <<հեռու պահել>> այդ ճանապարհից: Սակայն ընկերս անդրդվելի էր, չնայած այդ ընթացքում զգալիորեն տուժեց նրա բիզնես գործունեությունը:

 Օր օրի այդ ճնշումն ու թելադրանքն ավելի սաստկացան, ավելի բացահայտ դրսևորվեցին, ինչի հետևանքով և զրկվեց բիզնես վարելու հնարավորությունից: Կորցրեց աշխատանքը, եկամտի միակ աղբյուրը, ինչով հոգում էր ընտանիքի ապրուստի միջոցները, և համալրեց Հայաստանում գործազուրկների բանակի շարքերը: Դեպքերի զարգացման գագաթնակետը, կարելի է ասել, եղավ երկրում իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ին անցկացվելիք հանրաքվեի նախապատրաստական շրջանը, երբ Սևակը համալրեց <<Չե՛ք անցկացնի>> նախաձեռնության անդամների շարքերը:

 Սկսվեցին լուրջ հետապնդումներն ու սպառնալիքները: Նրան տարբեր շինծու պատճառաբանություններով ոստիկանական բաժանմունք կանչեցին, իսկ մի անգամ արդեն գիշերը պահեցին այնտեղ` ծանր նվաստացումների ենթարկելով: Ահա այս ամենը, ի վերջո, հանգեցրեց նրան, որ ստիպված էր դիմելու ճարահատյալ քայլի` հայրենիքը լքելուն: Ստեղծված իրավիճակում նրան` իր ընտանիքի հետ, այլ ելք չէր մնում…

Արման ՎԱՐԴԱՆՅԱՆ

SHARE