Ընկերոջ հետ, ընկերոջ կողքին

0
18

Հանուն համայնքի բարօրության ու ընդհանուր բարգավաճման…
Համատեղում

     Վահագն Բարսեղյանը գյուղինստիտուտը 1982 թ. ավարտելուց հետո Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում աշխատել է նախ տրակտորային, ապա այգեգործական բրիգադների բրիգադավար, խորհտնտեսության տնօրեն, գյուղխորհրդի նախագահ: 1996-ից համայնքի ղեկավարն է: Տարիների ընթացքում, ժամանակի հետ, դժվարությունները տեղի են տվել, գլոբալ հիմնախնդիրները լուծվել: 
      Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ոռոգման ջրի առումով որևէ խնդիր չունեն: Կենտրոնական բոլոր փողոցներն ասֆալտապատված են, հիմնանորոգված են գյուղի երկու կամուրջները: Եկեղեցու տանիքն են նորոգել, մնում են ներսի հարդարման, ինչպես նաև սրբապատկերների ու նկարների վերականգնման աշխատանքները: Բոլոր այս աշխատանքները համայնքի ֆինանսական միջոցներով են արվել: Որոշակի ծրագրում ընդգրկվելու միջոցով դպրոցում ջեռուցում են անցկացրել, իսկ դռներն ու պատուհանները փոխվել են համայնքի միջոցներով և Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Համայնքի բյուջեն 6 մլն դրամից հասցրել են 70 մլն-ի, ինչի շնորհիվ էլ կարողացել են նշված աշխատանքները կատարել: Համայնքին պատկանող 75 հեկտար տարածքը, որն արդյունաբերական գոտի էր, միացրել են Աբովյան քաղաքին` ներառելով նրա կազմում, ինչի պատճառով համայնքային բյուջեն դարձավ 12 մլն: Ի վիճակի են միայն ընթացիկ ծախսերը հոգալ, իսկ մանկապարտեզն, օրինակ, առայժմ չի գործում` ֆինանսավորման բացակայության պատճառով: Չի գործում նաև մշակույթի տունը: Գրադարանը /7000 կտոր գիրք/ տեղավորված է գյուղապետարանի շենքում: Այս տարի լուծվում է նաև բուժամբուլատորիայի հարցը: Կառուցվում է ամբուլատորիայի նոր շենք, ինչի համար համայնքի կողմից 10 մլն, իսկ <<Սագա>> ընկերության նախագահ Արամ Խաչատրյանի կողմից 30 մլն դրամ է ներդրվել:

   -Ընկերս` Արամը,-ասաց համայնքապետը,-իմանալով, որ ամբուլատորիա չունենք, պատրաստակամություն հայտնեց աջակցելու մեզ այդ հարցում` նվիրաբերելով բավականին լուրջ գումար: <<Սագա>>-ն նախկինում մեր, իսկ այժմ արդեն Աբովյան քաղաքի տարածքում է: Այնտեղ նաև մեր համագյուղացիներն են աշխատում: Ընկերս խոսքի տեր անձնավորություն է, բարի ու մարդասեր, ահա թե ինչու գնաց նման աստվածահաճո ձեռնարկման: Անշահախնդիր անձնավորություն է, արժեքները գնահատող, շիտակ ու առաքինի: Ընկերոջ այս տեսակն, անշուշտ, գնահատելի ու պահանջված է: Մարդկային էությամբ, բնավորության հիմնական գծերով նման ենք իրար, ինչն էլ մեզ նույն ճանապարհի վրա է դրել: Շինարարության գործը ևս իր վրա է վերցրել` մեզ ազատելով նաև այդ հոգսից: Խոստացել է լրացուցիչ նաև 5 մլն ներդնել` անհրաժեշտ գույք /ավտոմեքենա/  ձեռք բերելու համար: Առհասարակ, ամեն կերպ ջանում եմ ընկերներիս ներգրավել համայնքի առաջընթացն ապահովելուն կոչված զանազան ձեռնարկումներում: Կարող եմ ասել, որ մարդու կյանքում ամենամեծ ձեռքբերումը ընկերական շրջապատն է: Ունեցածդ ամեն լավի ու հաջողության մեջ անպայման ընկերներիդ ներդրումն ու բաժինը կա: Ընկերն անփոխարինելի խորհրդատու է, սրտակից ու հարազատ մարդ, ընկերության մեջ պետք է ճիշտ հարաբերությունները մշտապես պահպանել: Ընկերն ավելի շատ նեղ օրվա համար է… Ահա, Արամի հետ այդպիսին է մեր ընկերությունը: Ընկերությունը պահպանելը դժվար է, նախ ինքդ պետք է ջանաս դրանում: Ընկերական փոխհարաբերությունների հիմքում առաջնահերթ ազնվությունը, շիտակությունը, հոգատարությունն ու անշահախնդրությունը պետք է ընկած լինեն: Հպարտանում եմ իմ ընկերներով, անթաքույց հպարտությամբ խոսում ընկերության մասին: Ցանկությունս է, որ բոլոր համայնքապետերը Արամի նման ընկերներ ունենան: Ինձ համար առավել է ու մեծ պատիվ, երբ ընկերս համայնքի, ընդհանուրի համար է նման շնորհակալ գործ անում: Համայնքի ու մեզ համար շատ մեծ ընկեր է նաև Գագիկ Ծառուկյանը: Ուշադիր է, հոգատար ու մարդկային յուրաքանչյուրի նկատմամբ, մեր հոգսը կիսող, մեզ աջակից… Ընկերական հարաբերություններ են ստեղծված, բնականաբար, նաև համայնքապետերի հետ: Ջերմ ու մտերմիկ են շփումները Ակունքի, Նոր Գեղիի, Գեղաշենի, Արամուսի, Բալահովիտի, Ձորաղբյուրի, Վերին ու Ներքին Պտղնիների գյուղապետերի հետ: Նրանք բոլորն էլ լավ, ճանաչված ու համբավավոր ընկեր են, մարդ ու ղեկավար: Անձնական մտերմությունն ավելի շատ ի շահ մեր  համայնքների է, մեր բնակչության, փոխադարձաբար օգնում ենք միմյանց, համատեղ հաղթահարում առկա դժվարությունները: Բոլորիս ձգտումն է, որ համայնքները ֆինանսական և մարդկային ռեսուրսներով հզոր ու ամուր լինեն, կյանքը բարեկեցիկ ու արժանապատիվ դառնա: Մեր գյուղում անհրաժեշտ բոլոր պայմաններն այսօր կան, ահա թե ինչու մերոնք չեն հեռանում, այլ, ընդհակառակը, ներհոսք է նկատվում: Մարդիկ ձգտում են սեփականություն ձեռք բերել և ամրապնդվել գյուղում: Մեր գյուղացիներն աշխատող, նախաձեռնող են, հիմնականում այգեգործությամբ ու ծաղկաբուծությամբ են զբաղվում: Ցավալիորեն պիտի նշեմ, որ այսօր 120 հեկտար գյուղատնտեսական հողատարածք ունենք, որ չի մշակվում: Այն կրակադաշտ է, զինվորական նպատակներով /ուսումնական դասընթացներ/ օգտագործվող: Խնդիրը մեր կողմից բազմիցս բարձրացվել է, սակայն առայժմ հուսադրող ոչինչ չկա: Հողի հարկերը մնացել են չմուծված…Ժողովրդի մասին պետք է մշտապես հոգաս: Եթե մի պահ, ասենք, աչքաթող արեցիր այդ հոգսը, ապա հաստատ լավ գյուղապետ չես: Մարդը տեսնում, զգում է, արդարացում պետք չէ` պիտի անես կարելվույնը, որպեսզի մարդն իրեն պաշտպանված ու ապահով զգա: Բարոյապես` առաջին հերթին, ապա նաև` ֆինանսապես: Համայնքը մի մեծ  ընտանիքի պես է, ուստի մթնոլորտը մաքուր, խաղաղ ու տրամադրող պետք է լինի: Մեր գյուղացին հյուրասեր ու հյուրընկալ է…
     Հաճելի առիթ ունեցանք հանդիպելու և զրուցելու նաև <<Սագա>> ընկերության նախագահ Արամ Խաչատրյանի հետ: Անհատի, ընկերոջ, ով իր էությամբ ու կերպարով մարմնավորում է մարդկային լավագույն գծերն ու հատկանիշները:
     -Իմ և Վահագնի փոխհարաբերությունները,-նշեց պարոն Խաչատրյանը,-ձևավորվել են դեռևս վաղուց: Նրա մարդկային վերաբերմունքն արժանիորեն չգնահատել չես կարող: Բուժամբուլատորիայի կառուցումը կարելի է նաև այդ ընկերության արգասիք համարել: Այստեղ ընկերոջ պատվախնդրություն կա, մարդկային ճիշտ մոտեցում ու նախանձախնդրություն: Եթե կարող ենք, ապա պիտի անենք` հույս չփայփայելով, որ ինչ-որ մի օր այն իր լուծումը կստանա: Գործ է, որ խորհրդանշում է նաև մեր ընկերությունը, մեր հավատարմությունն ու մարդասիրությունը: Համայնքի հոգսը նաև իմն եմ համարում, ուստի կառուցելուց բոլոր առումներով լավն ենք կառուցում, մնայունն ու հավերժականը: Եթե չլինեին Վահագնի սրտացավությունն ու համառությունը, հավատն ու նվիրվածությունը, ապա, միգուցե, այդ ձեռնարկումը իրականություն չդառնար: Միասնական ենք, գաղափարակից ու համախոհ, ահա թե ինչու ամեն ինչ մեզ մոտ շատ լավ է ստացվում: Ընկերոջ պարտքն է անհրաժեշտության դեպքում ընկերոջ կողքին լինել, սատար կանգնել նրան: Պատվախնդրությունը վեհ զգացում է և ընկերական հարաբերությունների զարդը: Մեր գործելակերպով, արարքներով լավ օրինակ ենք ծառայում` շատերին մղելով բարի գործեր կատարելուն: Ընկերության հարցում, այո, հաճելին ու օգտակարը պետք է մեկտեղ, միախառնված լինեն: Հուսով եմ, մեկ ամսից կավարտենք ամբուլատորիայի կառուցումը և հանդիսավորապես կհանձնենք բնակչությանը: Շատ ամուր ու որակյալ ենք կառուցում, ջեռուցում կանցկացնենք, կհամալրենք գույքով ու բուժտեխնիկայով: Տարածքն ենք բարեկարգելու, մի խոսքով, բարձրակարգ պայմաններ ենք ապահովելու, այնպես, որ ընդօրինակելի դառնա շատ-շատերի համար: Ընկերներիս շահագրգռում եմ, որ գան այստեղ և տներ կառուցեն: Ապագայի լավ ծրագրեր ունենք, որ իրատեսական ու հեռանկարային են` Մայակովսկին ավելի բարեկեցիկ ու զարգացած բնակավայր դարձնելու ճանապարհին: Ամեն կերպ աջակցում ենք հատկապես երիտասարդ ընտանիքներին, որպեսզի հնարավորություն ունենան առանձնատներ կառուցելու և ամրապնդվելու այս հողի վրա: Մեր գլխավոր խնդիրն այսօր այն է, որ տեղի  մասնագետներին, կարող ուժերին պահենք այստեղ և նրանց համար ապրելու բավարար պայմաններ ստեղծենք: Ընկերական համախմբումն այստեղ էլ կարող է իր դրական դերը խաղալ, ինչին և ականատես ենք դառնում: Մի խոսքով, կանգնած ենք իրար կողք-կողքի, աջակից ենք մեր ընկերոջը` Վահագնին, ով շատ լավ մարդ է, սրտացավ ղեկավար, մարդկային հատկանիշներով օժտված անհատականություն…
       Ուզում ենք անպայման հավելել ու ընդգծել, որ անչափ խրախուսելի ու գնահատելի է այն, որ ընկերը կանգնած է ընկերոջ կողքին, ինչի արդյունքում ոչ թե կոնկրետ մեկը կամ մի քանիսն են շահում, այլ այդ շահը ընդհանուրինն է, այս պարագայում` մի ողջ համայնքինը: Իրոք, արվում է գործ` հանուն համայնքի հետագա բարօրության ու մարդկանց բարեկեցության, արվում է ընկերական պատվախնդրությամբ ու նվիրումով: Այստեղ, անշուշտ, և° մարդասիրություն կա, և° հայրենասիրություն, և° արժանապատվություն, և°, ի վերջո, ընկերասիրություն: Մեծ, անսահման ընկերասիրություն, որին ածանցյալ են մարդկային մնացած լավ ու գեղեցիկ հատկությունները…
SHARE