Ընկերության ուժն ու ոգին ամենահաղթ են

0
18

watermarked_Arkadi Ter-Tadevosyan  Զրույցի առիթը, թերևս, մի փոքր այլ է, բայց ես նախ պիտի շեշտեմ, որ մեր զոհված ընկերների հիշատակը հարգելը սրբազան պարտականություն է: Դա առաջին հերթին կենդանի մնացածներս պիտի լավ հասկանանք ու գիտակցենք և բարձր պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այդ առաքելության իրագործմանը…

  Զինակից ընկեր լինելը բոլորովին այլ հասկացություն ու մակարդակ է, իսկ, առհասարակ, ընկերությունն ամենաթանկ արժեքն է: Այդ արժեքն այն ժամանակ է առավել կարևորվում ու առանձնահատուկ իմաստ ձեռք բերում, երբ դժվար պահին ընկերդ կողքիդ է, քեզ թև ու թիկունք: Նման իրավիճակում է երևում, թե ով` ով է: Ընկերության յուրահատկությունը հենց դրանում է: Առանց ընկերության անհնարին է: Մեր ընկերության կորիզը շատ մեծ է, ուստի և այդ ցանկն առանձին նոթատետրում է գրանցված: Ընկերությունն է քեզ ոտքի կանգնեցնում, պաշտպանում: Երբ սահմանին վերջին շրջանում իրավիճակը լարվեց, ազատամարտի մեր տղաները հավաքվեցին և մեկնեցին առաջին գիծ: Կանգնեցին զինվորի կողքին: Որքան լավ է, երբ նման իրավիճակում կողքիդ ընկերդ կանգնած է: Ընդհանրապես, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր զինվորի ոգին բարձր է, և մեր բանակն ի վիճակի է պաշտպանելու հայրենի երկիրը: Միաժամանակ պիտի ասեմ, որ պաշտպանության ոլորտում, ռազմավարական առումով այսօր մի շարք կարևորագույն հիմնախնդիրների առաջ ենք կանգնած, ինչը սակայն այլ խոսակցության թեմա է:

  Կարծում եմ, որ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ընկերությունը շատ մեծ անելիք ու խնդիր ունի: Յուրաքանչյուրս, ընկեր լինելով, ընկերության մեջ իր լավագույն դրսևորումներն ի հայտ բերելով, պիտի նաև այդ տեսանկյունից օրինակ ծառայի հայրենիքի վաղվա պաշտպանի համար: Ընկերությունն, այո՛, պիտի լավագույնս ծառայեցնել այդ կարևորագույն գործին:

  Շարժման հենց սկզբից էլ մեծ դեր խաղաց ընկերության գործոնը: Ընկերներով հավաքվեցին և գնացին պաշտպանելու հայրենի հողը, ծանր փորձության առաջ հայտնված մեր հայրենակիցներին: Մենք հաղթեցինք թշնամու հետ անհավասար մարտում, քանզի մի մեծ, շատ մեծ առավելություն ունեինք: Այդ առավելությունը ընկերության ուժն էր, ընկերության անհաղթ ոգին… Առհասարակ, այդ տարիներին կազմավորված ինքնապաշտպանական բոլոր ջոկատների հիմքում ընկերությունն էր, որն էլ առիթ էր հանդիսացել միասին զենք վերցնելու և միասին կռվելու հանուն հայրենյաց: Պարտադրանք կամ հրահանգ չկար, կար թելադրանք, որը բխում էր հոգուց, պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցումից: Հաղթանակի գործում նաև ընկերության վճռորոշ դերն ու դերակատարությունը կային:

  Ընկերությունն ապրելակերպ է, հզոր ուժ, որը միշտ հաղթում է: Պատերազմի ծանր ու դժվարին պահերին կողքիս այն մարդիկ էին, ովքեր իրապես ընկեր ու հարազատ են ինձ: Մարտի դաշտում առավել թրծվեց ու ամրացավ ընկերական այդ մտերմությունը: Ես հարուստ եմ, քանզի շատ-շատ են այդպիսի ընկերներս: Ընկերությունն ինքնաբերաբար է ստեղծվում և ժամանակի ընթացքում ինքնահաստատման քննություն բռնում: Ժամանակը շատ բան է ճշտում և ամեն ինչ իր տեղը գցում: Ընկերս պետք է էգոիստ չլինի և միայն իր ու իր տան մասին մտածի: Նրան հավասարապես պետք է հուզեն թե՛ ընկերոջ, թե՛ իր երկրի ու ժողովրդի բախտն ու ճակատագիրը: Ընկերությունը նաև գաղափարական եղբայրություն է, աշխարհայացքային միասնականություն…

  Ընկերոջդ չպետք է երբևէ ասես, թե ինքն ինչ պիտի անի, քանզի ինքն իր անելիքը պիտի լավ գիտենա: Ես, բարեբախտաբար, ընկեր չեմ կորցրել, որովհետև որևէ հարցով ընկերոջս չեմ դիմում, նրան նեղություն չեմ տալիս: Գերադասում եմ ավելի շատ ինքս օգնել, քան օգնություն ստանալ: Օգնելն էլ, առհասարակ, պիտի սուսուփուս լինի, առանց բարձրաձայնելու: Շիտակ ու անկեղծ պիտի լինել…

  Ընկերներով բանակ ենք ստեղծել, պետություն ստեղծել: Ընկերների, ընկերության շնորհիվ նաև անկախության ենք հասել: Այդ ճանապարհին ծանր փորձությունների միջով ենք անցել, դիմացել ու դիմակայել, և եթե այսօր էլ նման իրավիճակներ են լինում, էլի պիտի միասին լինենք ու միասին հաղթահարենք դժվարությունները: Եղածն էլի ընկերներով պիտի պահենք-պահպանենք և առաջ ընթանանք:

  Շնորհավորում եմ թերթի ծնունդը: Այն լավ ուղղություն ունի և շատ ցանկալի է, որ ընկերության մասին առավելագույնը գրի, ավելին անի` նաև նորանոր ընկերների հայտնաբերելով: Պիտի միավորել ընկերներին, համախմբել և հասնել այն բանին, որ կուսակցական տարբեր պատկանելության մարդիկ միմյանց ընկեր դառնան: Ազգի, երկրի համար ճակատագրական պահերին պիտի ընկերության ոգին վերազարթնի բոլորիս մեջ և մեզ առաջնորդի դեպի ի գործ, դեպի հաղթանակ…

Արկադի Տեր-Թադևոսյան

Գեներալ-մայոր