Ընկերություն, այսինքն` լավ թիմ

0
36

   – 2000 թվականից ղեկավարում եմ համայնքը,-ասաց Արարատի մարզի Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը:-Այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Կատարվածի որպես յուրօրինակ գնահատական կարելի է համարել թեկուզ այն, որ ընտրություններին մրցակից չեմ ունենում: Ավարտելով գյուղինստիտուտը, մնացել և աշխատել եմ գյուղում: Նախ` բրիգադավար, ապա` գյուղատնտես, սովխոզի տնօրեն, որից հետո` համայնքի ղեկավար: Կարևոր ու առաջնահերթ խնդիր էր մանկապարտեզ ունենալը, ինչը իրականություն է դարձել: Նախկին խանութի շենքը համայնքի միջոցներով գնեցինք և վերածեցինք բարեկարգ ու հարմարավետ մանկապարտեզի: Մարզում առաջիններից մեկն էր, որ առանձին ջեռուցմամբ ապահովվեց` գործելով ողջ տարին: 85 երեխա է հաճախում գործող 3 խմբերում: Կարևոր ձեռքբերումներից մեկն էլ <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով ոռոգման արդիական ցանց կառուցելն էր: Մոտ 280 մլն դրամ ներդրումով 9 կմ ձգվող ներտնտեսային` 3-րդ կարգի ջրանցք ենք անցկացրել: Կառուցել ենք բուժամբուլատորիա` իր լաբորատորիայով, նորագույն տեխնիկական հագեցվածությամբ: Գյուղն ունի երաժշտական դպրոց, գրադարան: Ասիական բանկի միջոցներով մոտ 10 կմ երկարությամբ խմելու ջրի ներտնտեսային ցանց է կառուցվել, ինչի արդյունքում բնակչության ջրամատակարարումը օրական հասցվել է 10-15 ժամի: Ներկայումս խմելու ջրի ջրագծերը 70 տոկոսով փոխված են: Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է: 5 փողոց ապահովված է գիշերային լուսավորությամբ: Համայնքն անընդհատ բարեկարգվում է, ճանապարհների ասֆալտապատում է կատարվում, որոշ տեղերում` փոսալցում, կարգավորված է աղբահանությունը և այլն:

Մեր կողմից լուրջ ուշադրություն է դարձվում դպրոցին: Համայնքի ներդրումով, ինչպես նաև մարզպետարանի տրամադրած գումարով այս տարի փոխվել են դպրոցի պատուհանները, վերանորոգվել է տանիքը: Առաջնահերթն այսօր մեզ համար մշակույթի տան կառուցումն է: Խնդրի մասին տեղյակ են մարզպետարանում, և հույս կա, որ մինչև տարեվերջ այն իր լուծումը կստանա: Որևէ ծրագրում ընդգրկվելու դեպքում կկարողանանք ոռոգման ներտնտեսային ցանցն ամբողջությամբ վերակառուցել: Հարկ է անպայման նշել, որ բուժամբուլատորիայի կառուցման գործում իր մեծ ավանդն ունեցավ մեր համագյուղացի, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա միջնորդությամբ նաև Երևանին կապող տրանսպորտային նոր երթուղի /թիվ 36/ ունեցանք: Կար ևս երկուսը, և, ընդհանուր առմամբ, էապես հեշտացվել է մայրաքաղաքի հետ կապը: Լինելով Երևանին մոտիկ, մենք մեզ, կարելի է ասել, և գյուղացի, և քաղաքացի ենք զգում: Մեր և Շենգավիթ համայնքները հարևաններ են: Համենայնդեպս, մեր երիտասարդությունը նախընտրում է մնալ գյուղում և զբաղվել գյուղատնտեսությամբ: Գյուղը չեն լքում: 1990-ականներին հեռացածներն այսօր վերադառնում են: Այսօր մեր բնակչության թիվը հասնում է 3000-ի, հիմնական զբաղմունքը բանջարեղենի մշակությունն է: Մեր բոլոր հողերն էլ մշակվում են, ապահովված ենք ոռոգման ջրով: Հատկապես զարգացում է ապրում ջերմոցային տնտեսությունը, որը շուրջ 30 հեկտար տարածք է զբաղեցնում: Գյուղմթերքի իրացման խնդրում որևէ դժվարություն չունի մեր գյուղացին: Խնդիրը, կարելի է ասել, ապրանքի գնի մեջ է. ծախսերը շատ են, իսկ եկամուտը, վերջնական արդյունքում, ցածր է ստացվում: Ահա, այս` շուկայական բարձր գնի պատճառով մեր աճեցրած լոլիկն ու վարունգը մրցունակ չեն դրսից ներկրվածի համեմատ: Մեր անհանգստությունը տեղ է հասնում, կառավարությունը տեղյակ է դրան և համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Միանշանակ է, որ թե երկրի նախագահը, թե վարչապետը կանգնած են գյուղացու կողքին և օգնում են, որպեսզի նա  ծանր վիճակից դուրս գա: Նման ուշադրությունն, ինչ խոսք, խիստ անհրաժեշտ է այսօր` գյուղը պետք է զարգանա…

  Երբ խոսք գնաց ընկերության մասին, ապա պարզվեց, որ ընկերական շրջապատը մեծ դերակատարում ունի Ղուկաս Սիմոնյանի թե առօրյա, թե աշխատանքային կյանքում: Այսպես, ընկերության շնորհիվ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններին կարողացան շատ բարձր ցուցանիշներ  ապահովել` Հայաստանի հանրապետական կուսակցությանը տալով 1000, իսկ իրենց` թիվ 16 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանին` 1200 ընտրաքվե: Այս արդյունքն ապահովեցին  համախմբվածության, նվիրվածության, վստահության, ազնվության և մարդկային այլ հատկանիշների դրսևորման շնորհիվ:
   – Մանկության մտերիմ ընկերներս են,-շարունակեց պարոն Սիմոնյանը,-Աբրահամ Կարապետյանը, ով համայնքապետարանի գյուղգծով մասնագետն է, և փոխգյուղապետ Վարուժան Խոդեդանյանը: Երեք ընկերներով, միասին մեջք-մեջքի տված, միմյանց վստահելով աշխատում ենք և համատեղ զարգացնում հայրենի գյուղը: Իմ բացակայության դեպքում էլ վստահ եմ, որ գյուղը ապահով ձեռքերում է: Աբրահամը շատ ազնիվ, պարկեշտ մարդ է, իսկական ընկեր` պատրաստ հանուն ընկերության ամեն ինչի: Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Աբրահամին, նրան բարեկամ են կոչում: Որքան լավ մարդ պետք է լինել, որ քեզ մեծից փոքրը բարեկամ ասեն… Իր շնորհն ու ունակությունները գործի կդնի անխտիր բոլորի համար` ընկերաբար, անշահախնդիր: Ընկերոջդ մասին պետք է մտածես այնպես, ինչպես քո մասին ես մտածում: Երբեք քո <<ես>>-ը առաջ չտանես, հանդուրժող լինես, զիջող: Ամենակարևորը` ճիշտ ու ազնիվ լինես, ինչի դեպքում ընկերությունն անպայման կստացվի և կես ճանապարհին չես մնա: Չի եղել այնպես, որ ճանապարհի կեսին ընկեր կորցնենք: Ինչպես ստեղծել ենք, այնպես էլ շարունակվում է: Ընդհանրապես, ստեղծելը դժվար է, կորցնելը` հեշտ…
    Մեր զրույցը շարունակվեց Վարուժան Խոդեդանյանի հետ: Նա իր հերթին վստահեցրեց, որ ընկերներով ամեն ինչ անելու են հարազատ համայնքը զարգացնելու և մարդկանց հոգսերը հնարավորինս թեթևացնելու համար: Ըստ նրա, եթե կա միասնական ու համախմբված թիմ, ապա արդյունքներն էլ ակնառու կլինեն: Տարիներ շարունակ միասին աշխատելով, իրենց ընկերությունն էլ ավելի են ամրապնդել: Ընկերությունը միանշանակ մեծ դերակատարում ունի, ընկերությունը հենց թիմն է: Ընկերություն` նշանակում է լավ թիմ: Արդյունքում` շահում է համայնքը, շահում են մարդիկ: 
   – Ղուկաս Սիմոնյանը ուժեղ, դրական կողմերով ղեկավար է,-նշեց պարոն Խոդեդանյանը:-Մարդկանց լսելու հրաշալի հատկություն ունի: Լսել, հասկանալով հանդերձ, դիմացինին օգտակար լինելու, նրան ձեռք մեկնելու մեծ 
պատրաստակամություն է դրսևորում: Մեծատառով մարդ և ընկեր է: Մարդու մեջ առաջին հերթին լավը կտեսնի ու կգնահատի: Ունեցածը չի խնայի կարիքի ու դժվարության մեջ հայտնվածին օգնելու համար: Ազնիվ է, խոսքի տերը: Մեր ընկերության մեջ սուտը, կեղծիքը տեղ չունեն…
     Մեր կողմից հավելենք, որ Ղուկաս Սիմոնյանը ընկերություն է անում նաև շատ համայնքապետերի հետ: Զորօրինակ` Մանուկ Մալոյանի /Զորակ/, Սերյոժա Խաչատրյանի /Դաշտավան/, Արայիկ Վարդանյանի /Ղուկասավան/ և Գալուստ Գալստյանի /Նորաբաց/ հետ: Մանուկ Մալոյանի խոսքերով, իրենց մտերմությունը նպաստում է նաև համայնքների առջև կանգնած խնդիրների լուծմանը. <<Սիմոնյանը արժանի ընկեր է, հասկացող, գնահատող, բանիմաց: Մարդկային է, ազնիվ: Օրինակելի ընտանիք ունի: Կինը, լավ մայր լինելու հետ մեկտեղ, նաև լավ ընկեր է ամուսնու համար: Ունեն լավ երեխաներ ու թոռներ: Ուրախ ու հպարտ եմ նման ընկեր ունենալու համար…>>:
SHARE