Ընկերություն անելը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ

0
99

Ռուբեն Գասպարյան (Ղուրբան)

(Կրճատումով)

 

Ռուբեն Գասպարյանը (նույն ինքը` Ղուրբան) ծնունդով, բազում շնորհներով, նիստ ու կացով, մի խոսքով` ամեն, ամեն ինչով լենինականցի-գյումրեցի է և իրավամբ հպարտանում է դրանով: Ճակատագրի բերումով թեև հայտնվել է հեռավոր Ամերիկայում և այսօր էլ այնտեղ է բնակվում (չշփոթել ապրելո՛ւ հետ), այդուհանդերձ, իր գյումրեցիությունից բնավ էլ ձեռք չի քաշել: Վկան` նրա հայրենանվեր գործերն ու ձեռնարկումները, վկան` նրա հետաքրքրաշարժ գրքերը, որոնց <<Ընկեր>>-ի էջերում անդրադառնալու առիթներ հաստա՛տ կունենանք:

Մարդն առանց ընկերների կամ ընկերական շրջապատի ոչինչ է: Այն մարդն է հարուստ ու երջանիկ, ով իր կողքին ունի լավ ընկերներ: Իսկ լավ ընկերը նա է, ով ի սրտե ուրախանում է ընկերոջ հաջողություններով և տխրում նրա նեղության պահին:

Ընկեր կամ ընկերություն ձեռք բերելը հեշտ է, պահելն է դժվար: Ամեն մարդ չի կարող ընկերություն անել կամ ընկերություն պահել: Հրաշալի ժողովրդական խոսք կա. <<Շորի նորն է լավ, ընկերոջ` հինը>>: Սրանք լոկ խոսքեր չեն: Սրանք փորձված ժողովրդական ասացվածքներ են: Ամենադժվար պահն ու ամենածանր իրավիճակը կարելի է հաղթահարել լավ ընկերոջ հետ կամ նրա օգնությամբ:

Ընկերությունը հարատև կլինի, եթե անշահախնդիր է ու փոխադարձ: Սխալ է մտածել.

-Հիմա ի՛ր հերթն է կամ` պարտավո՛ր է, կամ` ես շատ եմ արել, ինքը` քիչ և այլն…

Եթե առաջ են գալիս նման հարցեր, ուրեմն սա ամուր ընկերություն չէ, այսպիսի ընկերությունը խարխուլ հիմքերի վրա է հիմնված և ուր որ է կփլվի: Եթե յուրաքանչյուր մարդ ինքն իրեն հաշիվ տա ու մատների վրա կարողանա հաշվել մի քանի անուններ, որոնց հետ իր ընկերությունը երկար տարիների պատմություն ունի, որը գալիս է մանկությունից կամ երիտասարդ տարիներից մինչև հասուն տարիք, նշանակում է ինքն իրեն կարող է լավ մարդ կամ լավ ընկեր համարել:

Մեր օրերում, մարդիկ կարծես ավելի շատ են բողոքում, որ լավ ընկեր չկա, բոլորը նախանձ են, չկամեցող, ամեն ինչի մեջ շահ են տեսնում… Իսկ դու փորձե՞լ ես սթափ մոտենալ, գուցե այս ամենի մեջ դո՞ւ էլ քո մեղքի բաժինն ունես: Հեշտ է ամեն ինչ դիմացինի վզին փաթաթել: Նման իրավիճակում, եթե ուզում ես պահպանել քեզ համար թանկ համարվող այդ ընկերությունը, ուրեմն պետք է լինես հանդուրժող և ներողամտորեն շրջանցես այս ամենը, քանզի լավ ընկերությունը ամենաթանկ զգացումն է մարդու համար:

………………………………………………………………………

-Մարդն առանց ընկերոջ սո՛ւտ է, եթե լավ ընկերներ ունես, նշանակում է դո՛ւ էլ լավ մարդ ես:

Սիրելի ընթերցողներ, դուք նույնպես գնահատեք պահը և աշխատեք պահել-պահպանել ձեր ընկերությունը, ամենակարևոր նախադրյալը մարդ կոչվելու և մարդ մնալու համար: Լավ ընկեր ունենալը և պատիվ է, և պաշտոն:

Չէ՞ որ այսպիսի ասացվածք կա.

-Ասա ո՞վ է ընկերդ, ասեմ ով ես դու:

Այնպես որ, կարևորեք և ձեր էությունը և ձեր ընկերոջ կարևորությունը, չէ՞ որ ընկերություն անելը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ:

<<Մի կյանքի պատմություն>> գրքից

SHARE