Ընկեր թերթին` Ընկերոջս մասին

0
14

Հայ դասականության ժառանգորդը` Թովմաս Շնորհալի

    Հիրավի, Թովմաս Պողոսյանը հայ դասական մտավորականության փայլոն ժառանգորդն է, մեր օրերում /ցավոք/ ազնվատոհմիկ այդ տեսակի վերջին մոհիկաններից: Այն բացառիկներից, ովքեր ծնվում են ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և նույնքան ճշգրիտ իրականացնում ի վերուստ իրենց շնորհված առաքելությունը:
   Անկեղծ ասած, գրում եմ այս տողերը, բայց էնքան էլ լավ չեմ կողմնորոշվում` գլխիվայր շրջված արժեքային համակարգի մեր ժամանակներում շնո՞րհ է դա, թե՞ խաչ, բայց չեմ էլ պատկերացնում, թե ի՛նչ անապատ կլիներ այսօր մեր աշուղական արվեստի կալվածքներում… թովմասպողոսյանական օազիսի փոխարեն: Իսկ այն, ինչ նա կյանքի է կոչում, շունչ ու ոգի է տալիս արդեն քանի տասնամյակ, երկրի տիրոջ և մշակի պատասխանատվությունը իր ժողովրդի բազմադարյա մշակույթի անցյալը, ներկան և ապագան մեկ միասնական համակարգում ընկալելու, ավանդույթը վերահառնելու, ճոխացնելու և քարոզելու նախ մեզ` իբրև ազգային արժեք և արժանապատվություն, և ապա օտարներին` իբրև ազգային կերպարի բանալի ու այցեքարտ:
    Անմնացորդ նվիրում, ողջակեզ սեր, արվեստի մշտադալար ծառի արմատի և սաղարթի բնականոն վերաճ, աշուղական սեփական վերընձյուղվող դպրոց` շնորհալի հերթափոխով /ինքնակոչ տաղանդներով և հանճարներով լեփ-լեցուն մեր ժամանակներում ականջդ կանչի 12-րդ դարի նշանավոր բանաստեղծ, երաժիշտ-երգահան Ներսես Շնորհալի/, և ուսանելի օրինակ տարեցտարի հիբրիդացող նոր սերնդի համար.- ահա մի քանի բնորոշ ուրվագիծ Թովմասի ստեղծագործական դիմաքանդակի համար:
    Ուրեմն, վարձքդ կատար, ախպերս: Քո առաջին 60-ամյակում, ինչպես ասում են` դու 6:0 հաղթական հաշիվ ես գրանցել հօգուտ քեզ: Քեզ ուժ, կորով և քաջառողջություն երկրորդ երիտասարդության շեմին:
Լևոն Անանյան
06.08.2013
SHARE