Ընտանիքը` պաշտամունք…

0
13


     « Ունենում ես մանկության, դպրոցական, ուսանողական, աշխատանքային ընկերներ: Տարիների հետ քո մեջ ընկերության որոշակի կորիզ է ձևավորվում: Մտքումդ այն մարդիկ են, ում դու մշտապես հիշում ու կարոտում ես: Նրանք քեզ հետ շարժվող մարդիկ են` քո ընկերները: Ընկերությունը բարդ փոխհասկացողություն է, խոսքը հոգեբանական պահերի, կյանքի դժվարությունների և հաճելի ակնթարթների մասին է: Գնահատում եմ այն ընկերոջը, ով կարողանում է առանց  բացատրության ընկերոջ վիճակի մեջ մտնել: Գնահատելի է անդավաճան, հաստատակամ ընկերը: Գնահատում եմ այն մարդուն, ով առանց ակնկալիքների, առանց համարժեք պատասխան սպասելու իրենից է ուզում ընկերությունն սկսել: Ինձ շատ է դուր գալիս այն ընկերությունը, որն ընտանիքներով է: Ընկերներիցս առավել սիրում եմ այն մարդկանց, ովքեր առաջնահերթ իրենց ընտանիքն են գնահատում: Առանց ընտանիքի ամրության ընկերություն չի ստացվի: Մարդու ընտանիքի հիմքը պիտի ամրություն ունենա, որպեսզի դրա վրա կարողանա կառուցել մնացածը: Ընկերներիս միշտ հորդորում եմ իրենց ընտանիքներին պատշաճ ուշադրություն դարձնել: Եվ տղամարդու այդ որակն է լավ, որ կարողանում է իրեն ճիշտ պահել և տանը, և դրսում: Անընդունելի է տղամարդու բամբասանքը: Բավականին լավ հատկանիշ է ընկերոջ մեջ լավը տեսնելը: Կարող է մի ամբողջ կյանք ընկերություն անես, բայց փոքր սայթաքումից ընկերոջդ կորցնես: Այդպիսի դառը փորձ ունեմ: Ընկեր կորցնելը, իհարկե` կենդանի, չափից ավելի ցավ է: Պետք է միմյանց  հասկանալ: Եթե տարաձայնություններ են առաջանում, ապա անպայման պետք է քննարկել ու լուծել ժամանակին, չթողնել նստվածք տա` բաժանման պատճառ հանդիսանալով: Եվ պետք է չամաչել և ընկերոջից ներողություն էլ խնդրել: Ընդհանրապես, ընկերները պիտի սուսուփուս իրար հասկանան: Ես հունա-հռոմեական ըմբշամարտով եմ զբաղվել, սպորտի վարպետ եմ: Հիմնական ընկերներս սպորտի բնագավառից են: Կորիզը սպորտային ընկերությունն է: Այս ընկերությունն ամենամաքուրն է: Իմ ընկերները հասարակ ընտանիքներից են, կյանքի դժվարությունները տեսած, տարբեր հարաբերություններում թրծված, փորձություններով անցած, բայց մարդկային որակը պահպանած: Մեր մարզաձևը մենամարտային է, որ նույն պայքարի աստիճանն է և մարդուն ապրել է սովորեցնում: Պետք է ասեմ, որ աշխարհում ըմբիշները ընդհանուր բարեկամություն ու կապ ունեն իրար հետ: Նրանց միջև հարազատություն, մտերմություն է ստեղծված: Որ երկրում էլ լինեն ըմբիշները, միմյանց կգտնեն, մեծ ու պատվավոր հարգանք կցուցաբերեն միմյանց նկատմամբ »,-ասաց   «Հայավտոկայան » ՓԲԸ Վանաձորի ավտոկայանի պետ Սահակ Ռուբենյանը:
      Նրա հետ հանդիպման առիթը ընկերն էր` Ժիրայր Էքմեքչյանը: Իսկ Ժիրայրի նման ընկեր ունենալը, Ս. Ռուբենյանի համոզմամբ, պարծանք ու հպարտություն է: Ընկեր, ում մասին կարելի է երկար խոսել. «Ժիրայրը շատ եռանդուն մարդ է, յուրահատուկ անհատականություն: Նրա հետ մտերիմներ ենք եղել: Երբ 2002-ին գնացի Ամերիկա, հանդիպեցինք Ժիրայրի նախաձեռնությամբ, և մեր ընկերությունն ավելի սերտացավ: Ես խուսափողական բնավորություն ունեմ, իսկ Ժիրայրն անմիջական է, ամեն առիթ կփնտրի թե հանդիպման և թե իր աջակցությունն առաջարկելու համար: Այդքան զբաղված լինելով, էլի ժամանակ է գտնում ընկերներին հանդիպելու, հյուրասիրելու, հարգանք ու պատիվ մատուցելու:  Ժիրայրի պատրաստակամությունը` ընկերներին օգնելու, նրանց թև ու թիկունք լինելու հարցում, անսահման մեծ ու անչափելի է: Ընկերոջ համար չի ափսոսա ոչինչ, անգամ ամենաթանկը` ժամանակը: Մարդկային հարաբերությունները պահել-պահպանելու նախանձելի եռանդ ու ջիղ կա, ինչը բավականին բավականին դժվար է` և նյութականի, և ժամանակի առումով: Կարծում եմ,  Ժիրայրի մեջ աստվածային շնորհ է նստած` մարդկանց օգնելու, հասնելու, հանդիպելու, գնահատելու հատկանիշներով: Շատ հրաշալի ընտանիք ունի` ավանդական նիստ ու կացով, ահա թե ինչու ԱՄՆ-ում ուսանող դստերս հորդորում եմ շփվել նրանց հետ, կապը մշտապես պահպանել: Այդ ցանկությունը փոխադարձ է, երկկողմանի ու անշահախնդիր: Ժիրայրն այս կերպ  բոլորի հանդեպ է, ամեն ինչ անում է, որ ընդհանուրի համար լավ լինի, որ, ի վերջո, մեր ազգը շահի: Ընկերության շրջանակները պետք է անպայման առողջ լինեն, լավ հիմքերի վրա, իսկ երկրի վաղվա օրը մարդկանց միասնությունից  է կազմված, մարդկանց ճիշտ փոխհարաբերությունից է պարզ դառնում: Այդ ամենի հիմքը ընկերությունն է: Այսօր շատ ու շատ հարցեր ընկերների շնորհիվ են լուծվում…»:
     «Սահակը մեր բոլոր ընկերներից տարբերվում է այն բանով, որ շատ նվիրված է իր ընտանիքին, շատ ուշադիր է ընտանիքի անդամների նկատմամբ: Կամեցող է, բարի, հարգալից, սակայն, այդուհանդերձ, ընտանիքի նկատմամբ նրա սերը հասնում է պաշտամունքի աստիճանի: Նրա այդ վերաբերմունքը շատ օրինակելի ու նախանձելի է: Շատ դաստիարակված երեխաներ ունի, հիացած եմ Ամերիկայում սովորող նրա խելացի դստերով: Երանի այդպիսի երեխաներ մեր ազգի մեջ շատ լինեն »,- ասաց Ժ. Էքմեքչյանը: Նրանք` ընկերներով, միակարծիք էին, որ մարդն իր ապրած տարիների ընթացքում լավ մարդու հանդիպելու, նրա հետ ընկերություն անելու փնտրտուքը պիտի ունենա: Լինի կին, թե տղամարդ, դա այնքան էլ կարևոր չէ: Կյանքի դժվարությունների, հարաբերությունների մեջ պահեր են լինում, երբ  իգական սեռի ընկերներն ավելի ճիշտ են դրսևորում իրենց…
SHARE