Ընտրովի պաշտոնը պատասխանատվություն է,

0
20

որը նվիրված աշխատանք, բարի համբավ ու հեղինակություն է պահանջում…
   Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավարի ընթացիկ կիրակի կայանալիք ընտրությանն առաջադրված թեկնածու Սեդրակ Մալխասյանից տեղեկացանք, որ ընտրապայքարի մեջ է մտել համագյուղացիների պահանջով: Իրեն են հարմար գտել, որովհետև եղբայրներով նվիրված են գյուղին ու գյուղացուն: Սեդրակը, հողագործությամբ զբաղվելով հանդերձ, աշխատում է գազալցակայանում` հերթափոխի պետ: Մեծ այգի ունեն, ջերմոցային տնտեսություն և իրենց հնարավորությունների սահմաններում ջանում են օգտակար լինել շրջապատի մարդկանց: Հատկապես ամռանը, ոռոգման սեզոնին, բավականին շնորհակալ գործ են անում` նպաստելով նաև համագյուղացիների հողատարածքները ոռոգման ջրով ապահովելուն: Գյուղացին լավ տեսնում է, թե ով է ջանասիրաբար աշխատում, ինչ հնարավորության տեր է, ինչը և շատ հարցերում որոշիչ է դառնում համայնքի ղեկավարումը ճիշտ ու նպատակային կազմակերպելու գործում:

     Այո, առաջադրել են Ս. Մալխասյանի թեկնածությունը, քանի որ նա ընկերական շրջապատ, բարեկամներ ունի, ում ներուժը և առավելագույնս կներդնի համայնքի զարգացման գործում, շատ հարցեր կգտնեն իրենց բավարարումը: Ընկերները պատրաստ են օգնելու: Առաջնահերթ գիշերային լուսավորության համակարգը պետք է վերականգնեն, ինչում օգնելու պատրաստակամություն են հայտնել ընկերները: Համայնքային այգին բարեկարգման, ցանկապատման և ժամանցի բավարար հարմարություններով ապահովվելու անհրաժեշտություն ունի: Դաշտամիջյան որոշ ճանապարհներ բարեկարգման կարիք ունեն: <<Ընտրվելուց հետո,-վստահեցնում է թեկնածուն,-այնպես ենք աշխատելու, որպեսզի ստիպված չլինենք հաջորդ ընտրությանը դռնեդուռ ընկնելու և խնդրելու, որ գան` ձայն տան: Ընդհակառակը` գյուղացին կատարված աշխատանքը տեսնելով, կամովին իր վերաբերմունքն արտահայտի…>>:
   Սեդրակ Մալխասյանը, իր իսկ խոսքերով, թեկնածությունը չի առաջադրել` որպես հակակշիռ գործող գյուղապետի կամ դժգոհության արտահայտություն: Գտնում է, որ յուրաքանչյուրն իր աշխատաոճն ունի, իր հիմնավորումները: Ինքնանպատակ ոչինչ չի կարող լինել` նպատակը համայնքի համար ավելին անելու ձգտումն է: Հող ու ջրին նվիրված մարդ լինելով, գյուղացու ցավն ու դարդն ավելի լավ է հասկանում: Գյուղացին այնքան էլ մեծ պահանջներ չունի, պարզապես, ճիշտ աշխատանքով պետք է նրա համար նվազագույնն ապահովես: Բարի կամեցող լինես և օգնության ձեռք մեկնես կարիքավորին: Հնարավոր ամեն ինչ պետք է արվի, որպեսզի անջրդի հողատարածքները ոռոգման հնարավորություն ունենալով` մշակվեն: Այս և մնացած բոլոր աշխատանքներում պետք է ակտիվորեն ներգրավել համայնքի բնակիչներին, հաշվի նստել նրանց կարծիքի ու ցանկության հետ: Գյուղապետի թեկնածուն համոզված է, որ այս անգամ ևս ընտրություններն արդար ու թափանցիկ կանցկացվեն:
        Բնակիչների հետ զրույցից տեղեկացանք, որ Սեդրակն աշխատասեր, պարզ ու բարի մարդ է: Խոստումներ տվող չէ, գործով է ապացուցում իր նվիրումն ու ճշմարտացիությունը: Հավատացած են, որ նրա բարությունն ու ազնվությունը համայնքի ղեկավարի աշխատանքում օգտակար կլինեն ընդհանուրին: <<Ժամանակի ընթացքում, աստիճանաբար,-նշեց պարոն Մալխասյանը,- կլուծվեն առկա խնդիրները: Կազմակերպչական աշխատանքի և հնարավորությունները նպատակային ու արդյունավետ օգտագործելու պարագայում կարելի է հաջողության հասնել, գյուղը դուրս բերել դժվարին կացությունից: Կարող ենք հասնել գոնե այն վիճակին, ինչը ժամանակին ունեցել ենք: Հնարավորություն կա քիչ դրամական միջոցներ ծախսելով` խճապատել ճանապարհները: Այսօր, ցավոք, գյուղացին անտարբերության է մատնված, ղեկավարի ուշադրությունից դուրս է, շատ հաճախ չի էլ զգացվում գյուղի իշխանության հոգատարությունը: Մինչդեռ սրտացավ վերաբերմունքի դեպքում գյուղացին ինքն էլ տրամադրված կլինի և իր հերթին, ուժերի սահմաններում կնպաստի համայնքային խնդիրների լուծմանը: Ընտրովի պաշտոնը մեծ պատասխանատվություն է ենթադրում, բարի համբավ ու հեղինակություն պահանջում: Պետք է սրտացավ աշխատանք, նվիրում, մարդկանց նվազագույն կարիքների բավարարում: Այո, ցանկության դեպքում կարելի է բավարար արդյունքի հասնել: Առաջնահերթ պետք է սոցիալապես անապահով ընտանիքներին ուշադրության կենտրոնում պահել, օգնել մարդկանց` ոտքի կանգնելու, ապրուստի միջոցներ ապահովելու և արժանապատիվ ապրելու համար: Միայնակ, ինչ խոսք, հնարավոր չէ համայնքի ղեկավարման ծանր աշխատանքն առաջ տանել, համախոհների թիմ է պետք, միասնական գործելակերպի որդեգրում: Անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք օգնել մեր գյուղացուն և դժվարին պահերին կանգնել նրա կողքին…>>:
SHARE