Ընտրության առաջ

0
12

Ի՞նչ է արվել, որ ինչի՜ էլ հավատանք…
    Տարբեր տեսակետներ են խաչաձևվում մեզանում կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ բանավեճերում: Ըստ որոշ դիտարկումների, կառավարությունը շատ հավակնոտ ցուցանիշներով հանդես չի գալիս: Ընդ որում, պետք է նկատի առնել, որ այս կառավարությունը չորս տարի աշխատելու հնարավորություն է ունեցել և նախորդ ծրագրում իր խոստացած որևէ ցուցանիշ չի ապահովել, որևէ ծրագրային կետ, որը կազդեր հասարակության բարեկեցության վրա, չի իրականացրել: Ահա այդ առումով ընթացիկ ծրագիրն էլ որևէ հավատ չի ներշնչում…
   Իրականում այն տպավորությունն ես ստանում, որ այս կառավարությունը լրիվ այլ ծրագիր է իրականացնում` տնտեսությունը գերկենտրոնացնելու, <<մեկ պատուհանի>> կոռուպցիոն համակարգ ձևավորելու և մեկ օլիգարխի համակարգ ստեղծելու ծրագիրը, որը գործադիր իշխանության ներկայիս ղեկավարը փայլուն է իրականացնում: Այսինքն, ներկայացրած ծրագիրն ըստ էության որևէ կապ չունի այն իրական նպատակների ու գործողությունների ծրագրի հետ, որը հետևողականորեն կյանքի են կոչում իշխանությունները: Մինչդեռ, մենք ժամանակին առիթ ենք ունեցել լսելու վարչապետից, որ իր թիվ մեկ խնդիրը օլիգոպոլիաների դեմ պայքարն է: Այնինչ, վարչապետի այդ խոսքերն ըստ էության չեն արտահայտում այն իրական ցանկությունները, որոնք ունեն իշխանության ղեկին գտնվողները: Նրանց նպատակը սեփականության վերաբաշխում իրականացնելն է և, ինչպես արդեն նշեցինք, մեկ օլիգարխի տնտեսություն կառուցելը: Պարզ ասած, խնդիր է դրվում ոչ թե օլիգոպոլիաների և մոնոպոլիաների դեմ պայքարելով ազատ շուկայական հարաբերություններ ունենալ, այլ էլ ավելի կենտրոնացնել տնտեսական համակարգը և, հասարակության դժգոհությունն օգտագործելով, բոլշևիկյան մոդելով կուլակաթափություն իրականացնել: Եթե պայքարի նպատակը լիներ ազատ մրցակցային դաշտը, ապա որևէ մեկի դեմ պետք չէր պայքարել, պետք էր ուղղակի դաշտը մրցակցային դարձնել և հետևել, որպեսզի այդ մրցակցային կանոնները պահպանվեն: Իրականում պայքարը սեփականությունը վերաբաշխելու և տնտեսությունը կենտրոնացնելու նպատակ է հետապնդում, ինչն ավելի վատ համակարգ է ենթադրում, քան այն, ինչ այսօր ունենք…

    Կառավարության ընթացիկ ծրագիրը, որոշ փորձագետների կարծիքով, ընդամենը բարի ցանկությունների ծրագիր է և ավելի շատ կենացների ժողովածու է հիշեցնում: Այդ առումով, սպասումներ այդ ծրագրից չկան, և դրա հեղինակներն էլ են հասկանում, որ այս ամենը ժամանակավոր բնույթ ունի: Մեծ հաշվով, քաղաքական ու տնտեսական կյանքում փոփոխությունների ակնկալիք մենք կարող ենք ունենալ միայն նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե պահպանվի այս իշխանությունը, ապա էլ ավելի կխորանան տնտեսական խնդիրները, կավելանան արտագաղթի ծավալները և երկիրը վերջնականապես կզրկվի լավ ապագայի հեռանկարից: Միակ դրական փոփոխությունը կարող է լինել իշխանափոխության և համակարգային փոփոխությունների պարագայում: Հակառակ դեպքում տնտեսությունը կգահավիժի, ինչն էլ իր հերթին կբերի երկրի ընդհանուր անվտանգության համակարգի խաթարմանը և կմեծացնի պատերազմի հավանականությունը: Հետևաբար, խնդիրը հետևյալն է` փոփոխություննե՞ր, թե՞ պատերազմ: Ընտրությունը, բնականաբար, պետք է արվի առաջինի օգտին…
SHARE