Ընտրությո՞ւն… ավելի շուտ ձևական միջոցառում

0
16

Հայաստանում ընտրությունների ինստիտուտն այդպես էլ չի կայանում

Հայաստանում արդեն վաղուց ընտրական ինստիտուտը, որպես այդպիսին, չի գործում, և տեղի են ունենում ոչ թե ընտրություններ, այլ միջոցառումներ, որոնց անունը քվեարկություն է, և ինչը քաղաքական կյանքում որևիցե դեր չի խաղում:

Այո՛, մեր երկրում ընտրությունները` թե՛ տեղական և թե՛ հանրապետական մակարդակով, այլևս չգործող ինստիտուտ են: Եթե անգամ արդար են անցել ընտրությունները, ապա վստահություն չկա դրանց արդյունքների նկատմամբ, որովհետև իշխանությունը չի ձևավորվում ընտրութունների միջոցով: Ասել է, թե` հասարակության կարծիքը որևէ դեր չի խաղում և ոչ մի նշանակություն չունի:

Շատ դեպքերում, այո՛, թեկնածություն դնելն անիմաստ է լինում, երբեմն էլ ձևական մի քանի թեկնածուներ են, չգիտես որտեղից, <<ծլում>> կամ <<ի հայտ գալիս>>: Իշխանությունն է որոշում` սա այստեղ պետք է լինի, այնտեղ նա պետք է լինի, իսկ Սահմանադրությամբ պետք է տեղի ունենա ընտրական գործընթաց: Այսինքն, զուտ սահմանադրական կարգը պահպանելու համար անցկացվում են ընտրություններ, և քվեարկություն է իրականացվում: Իրականում, այդ ամենը ոչ մի նշանակություն չունի, քանզի ստիպված ենք մեկ անգամ ևս փաստել, որ տվյալ ինստիտուտը կամ համակարգը մեր երկրում առայժմ չի գործում:

Նախընտրական քարոզարշավը գունեղ է, գույնզգույն երանգներով: Դա ավելի շատ արտահայտվում է գովազդային դրսևորումներով, զանազան էֆեկտներով, քան բուն բովանդակությամբ: Հարց է` կկարողանա՞ն քաղաքական ուժերը ձևից անցնել բովանդակության, թե՞ ողջ նախընտրական քարոզարշավից կմնա միայն գույնզգույն գովազդը:

Իրողությունն այն է, որ առաջիկա ընտրությունները փողի ու ավելի շատ փողի պայքար են լինելու: Ասել է թե` ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ` զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի պատրաստ չեն մերժել փողը և թերևս կմասնակցեն ձայների աճուրդին: Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը:

Չպետք է թերագնահատել, անշուշտ, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ինստիտուտը, որը նույնպես, ցավոք, ոչ միայն չի կայանում մեր երկրում, այլև մերժողականություն կա դրա նկատմամբ, ինչը մեզ համար այդ ճանապարհը դարձնում է փակված: Ընդդիմության սակավաթիվ մասնակցությունը դրան ինքնին խոսում է այդ մերժողականության մասին: Մենք տեսնում ենք, որ այն դառնում է մեր կենսակերպը, գրեթե բոլորը համոզված են, որ կան ընտանիքներ, խմբեր, որոնք մտել են դաշտ և ուզում են ժառանգաբար փոխանցել այս կամ այն պաշտոնը: Կա մի բան, որը վկայում է մեր մասին` որպես գավառականության մեթոդներով գործող ու գավառականության ձգտող հասարակություն:

Ավաղ, ինչպես քսան երկար ու ձիգ տարի, այնպես էլ հիմա` ովքեր ամենասկզբից ճարպիկ են գտնվել ու մտել շրջանից ներս, նրանք էլ մինչև մահվան օրը ուզում են մնալ քաղաքական ու կառավարման ղեկի մոտ, և իրենց վաղուց հայտնի ու բացահայտված մտահորիզոնի չեղած հորիզոնները կրկին առաջարկել ազգին, իսկ ազգի իսկական սերուցքն իրեն շատ հեռու է դնում լրիվ արժեզրկված կուսակցություններից էլ, կուսակցականությունից էլ:

Անկախ այս իրողությունից, շատ կուզենայինք, որ առաջիկա ընտրությունները փոխեին իրավիճակի նման դրվածքը, և գոնե այս անգամ ընտրությունն, իրոք, նման լիներ քաղաքակիրթ աշխարհին բնորոշ կարևոր իրադարձության, որպեսզի հերթական անգամ հիասթափություն ու ափսոսանք ապրելու զգացումից հեռու մնայինք:

SHARE