Ընտրությունը մարդկանց իրար դեմ հանելու

0
24
պատճառ չպետք է դառնա և թշնամանքի տեղիք տա…

ՏԻՄ

     Կոտայքի մարզի Կամարիս համայնքում սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ղեկավարի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Սարգիս Խաչիկյանը ՀԺԿ անդամ է: Ինքնառաջադրման գործում ոչ պակաս կարևոր դեր են խաղացել նաև համագյուղացիների առաջարկն ու ցանկությունը: Մարդիկ մտահոգող, չլուծված խնդիրներ ունեն, որոնց լուծման հարցում ապավինում  են համայնքային կյանքին նրա ակտիվ մասնակցության ապահովմանը: 
     -Անձնականին վերաբերող խնդիրները քիչ են,-նշեց պարոն Խաչիկյանը,- գյուղացիների մտահորիզոնը լայն է, և այդ ակնկալիքով էլ ուզում են, որ ես գյուղապետ դառնամ: Համոզված են, որ ես կարող եմ ավելին անել: Ե՛վ մարդկային վերաբերմունքը բարձր մակարդակի վրա կդրվի, և՛ գյուղում բարոյահոգեբանական մթնոլորտն ավելի կառողջանա: Անկասկած, բաներ կան, որ կախված են հենց համայնքի ղեկավարից: Եթե համայնքապետն ուզենա աշխատել, ապա դրա համար անգամ օրվա 24 ժամը չեն բավականացնի նրան: Գյուղական կյանքում շաբաթ, կիրակի չպիտի լինեն: Զարմանալի է, երբ համայնքի ղեկավարն ասում է, թե էլեկտրացանցի, գազի, ջրի հետ գործ չունի: Հետաքրքիր է, էլ ուրիշ ինչի՞ հետ գործ ունի: Եթե գործ չունի, ապա գյուղին ղեկավար պետք չէ: Նա պարտավոր է բոլորի հետ էլ գործ ունենալ` անկախ իր ենթակայության տակ գտնվել-չգտնվելուց: Եթե, ասենք, գյուղացին խնդիր ունի այլ կառույցների հետ, ապա գյուղապետը պետք է միջնորդ օղակ դառնա նրանց միջև, օգնի տվյալ խնդիրը լուծելուն: Գյուղի ղեկավարը բոլոր կառույցներում պետք է առաջինը լինի և իր հետևից տանի համագյուղացիներին: Ես միշտ այդ սկզբունքով եմ առաջնորդվել, առաջարկել եմ միասին գնալ և տեղում հարցերը պարզել: Մարդկանց հետ աշխատելիս պետք է նրանց կարծիքը, ցանկությունն էլ հաշվի առնես: Մարդիկ իրար նման չեն, ուստի յուրաքանչյուրին յուրովի պետք է մոտենալ: Ամեն մեկն իր հոգսն ունի, եթե չես կարողանա լուծել, ապա գոնե լուծման ուղին պիտի ցույց տաս… Ընտրվելուս դեպքում առաջնահերթ սոցիալական խնդիրներն են լուծվելու` խմելու, ոռոգման ջուր և այլն: Պետք է ժամանակին երկրի ղեկավարությանը տեղյակ պահել գյուղի խնդիրների մասին: Բոլորը դժգոհում են, թե երկիրը քանդվեց, բայց երբեք իրենց հարց չեն տալիս, թե իրենք ինչ են անում, որ այն չքանդվի: Առհասարակ, տեղում պետք է խնդրին ճիշտ լուծում տալ, ապա միայն դժգոհել իշխանություններից:

Միշտ ասել եմ, որ գյուղացուն այնքան էլ մեծ բան պետք չէ: Նրան ժամանակին տվեք պարարտանյութը, վառելանյութը, ջուրը և հանգիստ մի կողմի քաշվեք: Գյուղացու հավակնությունները մեծ չեն: Բայց երբ նրան անտարբերության ես մատնում, ապա արդարացի դժգոհում է, որ լավ չենք աշխատում, որ նրա պահանջը տեղ չի հասնում: Ես դա ընդունում եմ: Որքան թույլ համայնքապետ, այնքան թույլ գյուղ: Համայնքի ղեկավարն անպայման պետք է կրթական ցենզ ունենա, մարդու ինտելեկտը բոլոր տեղերում պարտադիր պայման է: Ինչպես կարող ես, ասենք, քեզ չընտրողին մեղադրել. նման մոտեցումն անթույլատրելի է: Ընդհակառակը, ով ինձ չի ընտրել, նրան ավելի լավ եմ վերաբերվել: Ընտրության պատճառով մարդկանց չպետք է հանել միմյանց դեմ… Ես 1987-96 թթ. ղեկավարել եմ Կամարիսը: Սեփականաշնորհման գործընթացն իմ ղեկավարման օրոք է եղել: Հողը պետք է մասնավորեցվեր, ուրիշ ճար չկար: Միակ ձևն էր, որ բնակչությունը միանգամից գնար դեպի հողը, որպեսզի սովի խնդիր չառաջանար: Բոլորն սկսեցին հող մշակել: Այդ դժվար տարիներին ավելի շատ հող էին մշակում, քան հիմա: Չմշակելու պատճառը ծախսերի ու արդյունքի տարբերությունն է` ծախսերը գերազանցում են արդյունքին: Ընտրվելու դեպքում ընդառաջելու եմ այն գյուղացիներին, ովքեր կուզենան այգի հիմնել, անասնագոմ կառուցել, ֆերմերային գործունեությամբ զբաղվել: Քաշքշուկ չեմ ստեղծելու, խրախուսելու եմ ու օգնեմ: Գյուղացու վատ վիճակը նաև իմն եմ համարում: Գյուղապետի կենսամակարդակը չպետք է տարբերվի մյուսների կենսամակարդակից: Պաշտոն ստանձնելուց չպետք է մարդկայնությունը կորցնել, ինքդ քեզ վեր դասել մյուսներից…

       Մեր զրուցակցի խոսքերով, ինքը հեռու է խոստումներ շռայլելուց, քանզի այդ դեպքում ինքդ քեզ կապանքների մեջ ես դնում, չնայած, միաժամանակ և ձայներ ես կորցնում:
SHARE