Ընտրությունը նաև պարտավորություն է

0
59

Հաշվետու

Որպեսզի գործունեությունդ առավել ակտիվացնես`ի շահ համայնքի, ի շահ ժողովրդի

Հաճախ է պատահում, որ տվյալ հարցը կամ խնդիրը քո իրավասությունից դուրս է, բայց դու ի պաշտոնե, ավելի շուտ` մարդկայնորեն, սեփական խղճի թելադրանքով, պարտավոր ես աչքաթող չանել նաև դա: Ահա այսպիսի իրավիճակի մասին <<Ընկեր>>-ի հետ զրույցի սկզբում տեղեկացրեց Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը.

-Հատուկ կոնստրուկտորական բյուրո` <<Գրանիտ>> կոչվող տարածքը, որն այսօր անվանակոչվել է Գրիգոր Գուրզադյան թաղամաս և ներառում է Դավիթ Արտուշյան փողոցը և 11 շենք, զբաղեցնում է 60 հեկտար և պատկանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային: Այն, ճիշտ է, Գառնիի վարչական տարածքում է, բայց մեր` գյուղապետարանի հաշվեկշռում չէ: Նախորդ տարի էլ այստեղ կոյուղին, որն, ի դեպ, անցնում է հանրակրթական դպրոցի շենքի տակով, խցանվել էր: Չափումներ ենք արել կոյուղին տեղափոխելու նպատակով, որպեսզի այն, շրջանցելով դպրոցը, նորմալ ջրահեռացում իրականացնի: Համապատասխան գրություն եմ պատրաստում` այն նկատառումով, որ տվյալ տարածքը  հաշվեկշռով հանձնվի մեզ, որպեսզի կոյուղու, խմելու և ոռոգման ջրի ներտնտեսային ցանցերի սպասարկումը համայնքն իրականացնի: Այնտեղ բնակվողներն էլ են մեր համայնքի անդամներ և պատրաստ ենք նրանց նաև մեր ծառայությունն առաջարկելու: Ի վերջո, այդպես ավելի ճիշտ է…

Ութ հազարից ավելի բնակչություն ունեցող Գառնի համայնքը Աշոտ Վարդանյանը ղեկավարում է 1996 թվականից: 20 տարին, ինչ խոսք, բավականին ժամանակահատված է, ինչը և՛ մարդկանց վստահության, և՛ պարտավորվածության, ինչպես նաև բարձր պատասխանատվության մասին է վկայում: Դրանով է, անշուշտ, հիմնականում պայմանավորված այն, որ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությանը գործող համայնքապետը կրկին առաջադրելու է թեկնածությունը.Garni

-Այս տասնամյակների աշխատանքային փորձն ինձ բերել է այն համոզման, որ եթե, ասենք, չես էլ կարող լիարժեք լուծում տալ մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ապա պետք է գոնե ջերմ, մարդկային վերաբերմունքով շրջապատես նրանց: Մազերս, կարելի է ասել, սպիտակել են այդ վերաբերմունքն ու մոտեցումը ցուցաբերելիս: Ահա, պատերի այս պատվոգրերն ուղղակի վկայությունն են այն աշխատանքի, այն ձեռքբերումների, որոնք ունեցել ենք տարիների ընթացքում: Մարդկանց ծառայելու, նվիրվածության արգասիք ու ապացույց են: Ամենակարևորը` հարգանքը եղել է, կա, այլապես այսքան տարի շատ դժվար կլիներ դիմակայել, էլ չեմ ասում շարունակելու մասին: Ընտրությունը պարտավորեցնող է, որպեսզի գործունեությունդ առավել ակտիվացնես` ի շահ համայնքի, ի շահ ժողովրդի: Աշխատանք որքան էլ արել ու անում ենք, միևնույն է, էլի գործ, էլի անելիք կա: Ասֆալտապատման կարևոր խնդիրն ենք կարողացել լուծել: Ջրամատակարարման բարելավման առումով լուրջ ներդրում ենք ունեցել: Մեզ այս գործում մեծապես օգնել է մեր համագյուղացի, մեծ բարերար Աղասի Ալեքյանը: Այստեղ արդեն այն մտահոգությունն ունենք, որ ոռոգումը դարձյալ ինքնահոս եղանակով իրականացվի, այլ ոչ թե էլեկտրաշարժիչներով /տարեկան 20 մլն դրամի չափով հոսանք ենք ծախսում/: Բացի այդ, այսօր ոռոգման ջրի մոտ 70 տոկոս կորուստ ունենք, ինչն անթույլատրելի է: Ահա թե ինչու հրամայական է ներտնտեսային ցանցի և ընդհանուր ջրանցքի վերանորոգումը, որն օրախնդիր է դարձել մեզ համար, և դա անպայման, ինչ գնով էլ ուզում է լինի` պիտի առաջիկայում անենք: Այս տարածքից պիտի անցնի Գեղարդի ջրամբարի ջրագիծը` դեպի Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ, Ձորաղբյուր, Ջրվեժի տարածք, որտեղից մեզ խոստացել են ինքնահոս ջուր բաժին հանել: Այս դեպքում արդեն կկարողանանք 120 հեկտար հողատարածքի ոռոգման հարցը լուծել: Ես էլ եմ հավաստում, որ Գառնիին ոռոգման ջուրը չի բավարարում, քանի որ ոռոգելի տարածքներն ավելացել են, իսկ ջրի քանակը մնացել է նույնը: Միշտ էլ բարձրաձայնել եմ այդ մասին: Ինչ վերաբերում է Քաղցրաշենին ջուր տալու հետ կապված խնդրին, ապա միևնույն է, ինչքան էլ աղմուկ բարձրացնենք, այդտեղից ջուրը չի բարձրանա Գառնի, որովհետև ավելի քան 300 մ մեզանից ցածր է: Մեզ պետք է ջուրը գյուղի վերևի հատվածից բերել, ինչը և ցույց եմ տվել համապատասխան մարմինների աշխատողներին, ովքեր էլ հավանության են արժանացրել իմ այդ առաջարկը: Մոտավորապես 13-14 կմ հեռավորությունից ջուրը պետք է բերվի, ընդ որում` ինքնահոս եղանակով: Այս ծրագիրն իրականացնելուց հետո Գառնին ոռոգման ջրի խնդիր չի ունենա…

Պարոն Վարդանյանի հետ մեր զրույցից այնուհետև տեղեկացանք, որ խմելու ջրի բարելավման առումով բավականին աշխատանք է կատարվել: Մնում է 1950-60-ական թթ. ջրագծերը փոխել, որից հետո միայն կկարողանան լուծել այդ տարածքների ասֆալտապատման հարցը: Գյուղը գազաֆիկացվել է: Գառնին 2 գրադարան ունի, արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցներ, մանկապարտեզ, մշակույթի տուն: Ուսանողներին ապահովել են անվճար ավտոբուսով, աշակերտների համար ևս փոխադրամիջոց է հատկացվել: Ամեն կերպ նպաստում են, որ տեղում արտադրություններ ստեղծվեն, նոր աշխատատեղեր բացվեն: Զբաղվածության խնդիրը որոշակիորեն լուծված է: Պարզ է, համայնքի բյուջեից մասհանում են կատարում նաև բնակիչների սոցիալական կարիքների բավարարման, օգնություններ կազմակերպելու և բարեսիրական այլ նպատակների համար: Եթե մարդը դիմում է` հույսը համայնքի իշխանության վրա դնելով, ապա չես կարող ինչ-որ կերպ չաջակցել նրան: Համայնքի ղեկավարը պետք է մարդկանց լսելու ունակություն ունենա, նրանց ընդառաջելու, օգնելու, կարիքավորի դրության մեջ մտնելու բարի կամեցողություն: Գառնիում սա ընդունված չափանիշ ու նորմ է, աշխատաոճի կարևորագույն տարր ու բաղադրիչ…

Աշոտ Վարդանյանը բոլոր միջոցները գործադրում է, որպեսզի համայնքի զարգացումը բնականոն հունով ընթանա և իր համագյուղացիները հնարավորինս քիչ հոգս ու խնդիր ունենան: Դրա համար նաև ունեցած ընկերական մեծ շրջապատն ու կապերն է օգտագործում` միայն թե իր բնակիչը գոհ ու բավարարված մնա: Հանուն համայնքի և իր բնակչի բարօրության երբեք չի զլանա անհանգստություն պատճառել ընկերներին, մտերիմ մարդկանց: Մարդիկ ավելի շատ դիմում են աշխատանքի հարցով, և համայնքապետն այդ առումով ևս շատ անգամ է պատրաստակամ օգտակար եղել, միջնորդել:

Մանրամասնելով ընկերության մասին, Ա. Վարդանյանը համոզված նշեց, որ մարդն իր բնավորության նմանին է գտնում, ընտրում ընկեր: Եթե բարի ես, բարուն ես ընտրում, և ընդհակառակը: Ընկերը հոգեհարազատ մարդ պետք է լինի: Ունի դպրոցական, ուսանողական, աշխատանքային ընկերներ: Համայնքապետերի հետ է նաև ընկերություն անում: Բոլոր ոլորտներում էլ մտերիմ ու հարազատ մարդիկ ունի: Ընկերության պահպանման համար, նրա համոզմամբ, ցանկություն է հարկավոր:

Նշենք, որ մարզպետը 4 մլն դրամ է հատկացրել պետական ծրագրով` մանկապարտեզին /4 խումբ, 145 երեխա/ անհրաժեշտ գույքով ապահովելու համար: Եթե ևս մեկ մանկապարտեզ էլ լինի, ինչպես նշեց գյուղապետը, ապա դարձյալ քիչ կլինի Գառնիի նման մեծ համայնքի համար: Գործում է նաև նախակրթարան: Մշակույթի տան մի հատված վերանորոգվում է` պարասրահի վերածելու համար:

Գառնին և գառնեցիները ևս, ինչպես հայության մնացած բոլոր հատվածները, իրենց բաժին արժանի մասնակցությունն ունեցան` ապրիլյան չարագուշակ օրերին կանգնելով Արցախի մեր հայրենակիցների կողքին: Համայնքում այդ ինքնաբուխ շարժումը ղեկավարվեց համայնքապետ Աշոտ Վարդանյանի կողմից. հնարավոր ամեն ինչ արվեց, որ ազատագրական պատերազմին զինվորագրված գառնեցի կամավորները որևէ խնդիր կամ պակասություն չունենան: Սահման մեկնողների թիվը չափազանց մեծ էր, և, բարեբախտաբար, ոչ բոլորին հարկ եղավ մեկնելու առաջնագիծ: Աշոտ Վարդանյանի հետ այդ օրերին իր ջանքերն էր մեկտեղել նաև Գողթի գյուղապետը` Արտավազդը: Բացի այդ ամենից, նաև նյութական օգնություն ու աջակցություն ուղարկվեց Արցախ, արցախցի մեր հայրենակիցները պահանջվածի պես հոգատարությամբ շրջապատվեցին:

Գառնին 5000 տարվա պատմություն ունի: Գառնեցին հպարտ է իր անցյալով, իր պատմությամբ և արժանապատիվ տեր կանգնելով իրեն փոխանցված ժառանգությանը, վստահորեն ու լավատես հայացքով առաջ է նայում…

SHARE