Թերթ, որ մրցակցությունից … դուրս է

0
62

<<Ընկեր>>-5watermarked_Van Bayburt

 <<Ընկեր>>-ի ծնունդն ու մեկնարկը հատկանշական էին այն առումով, որ թերթը սկսեց հրատարակվել այն ժամանակաշրջանում, երբ տպագիր մամուլը ճգնաժամ էր ապրում, երբ շատ թերթեր փակվում էին: Եվ մի շատ կարևոր հանգամանք ևս` թերթն ի ծնե առողջ հիմք ու հիմնասյուն ունեցավ, առո՛ղջ ծնվեց, ինչն էլ նրա հաջողության ամենակարևոր երաշխիքն է: Ահա թե ինչու, բնավ պատահական չէ, որ թերթն ամեն համարից առավել գրավիչ ու հետաքրքիր է դառնում, ինչն էլ նրա հետագա գոյությունն ապահովելու ամենամեծ կռվաններից մեկն է: Ընթերցողների բազմազանությունն էլ ապահովում է այն, որ թերթն այլընտրանքի հնարավորություն է տալիս:

Ճիշտ է, ընդհանուր առմամբ, թերթը դեռևս բարձր մակարդակ չի ապահովում, բայց և գտնում եմ, որ եղածը բավարար է /առա՛յժմ/` իր արժանի, համեստ տեղը գրավելու հայկական տպագիր մամուլի բազմանդամ ընտանիքում: Այսօրվա համար կարևոր է այն, որ միջին մակարդակն ապահովում է: Պարզ ու հասկանալի լինելու համար հետևյալ համեմատությունն անեմ. կա դասական և ռաբիս երաժշտություն, կա և դրանց, այսպես ասած, սինթեզը: Այ, թերթը ներկա վիճակով այդ լավ սինթեզն է: Ե՛վ բարձր արժեքներ է իր հետ բերում, և՛ միաժամանակ ժողովրդին սրտամոտ ու հոգեհարազատ է: Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե դա ինչպես է նրան հաջողվում…

Թեև թերթն այնքան էլ հարուստ չէ հեղինակային կազմի առումով, բայց և, միևնույն ժամանակ, բազմաժանրությունը, բազմակարծությունն ու լայն մտածելակերպի առկայությունն ապահովված են: Արդյունքում կա ընթերցողների կայուն զանգված, ինչը ցանկացած թերթի համար շատ կարևոր է, անգամ` նախանձելի: Լավ է, որ քաղաքականությունից հնարավորինս հեռու է մնում, և դա թերթի հաջողության գրավականներից մեկն է: Ընթերցողների լայն զանգվածին այսօր դա չի հետաքրքրում, նրան լրիվ ուրիշ սնունդ է հարկավոր: Այդ սնունդը <<Ընկեր>>-ը տալիս է:

Թերթը, ասես, թեթև, լավ զգեստով աղջնակի պես թռվռում, անցնում է և գրավում ընթերցողի ուշադրությունը: Ես դա ողջունում եմ: Ողջունում եմ նաև այն, որ թերթը լավ խմբագիր ունի: Նրան ցանկանում եմ, որ մշտապես համախոհներով շրջապատված լինի, քանի որ նրա ուժն այդպիսի մարդկանց կողքին ունենալու մեջ է: Լավ թիմի պարագայում հաղթահարելի է ցանկացած դժվարություն: Անկեղծորեն ուզում եմ, որ թերթը գնալով հզորանա և ավելի լավը դառնա: Հինգ տարին, ինչ խոսք, կարճ ժամանակահատված է, այդուհանդերձ, ի պատիվ <<Ընկեր>>-ի, պիտի վստահորեն արձանագրեմ, որ այն այդ ընթացքում հասցրեց ձևավորվել ու կայանալ: Իր ուրույն ոճով ու նկարագրով, իր դեմք ու դիմագծով…

Ընկեր բառը, պիտի ասեմ, նախորդ տասնամյակներին որոշակի նահանջ ապրեց, իմաստային առումով էլ կորուստ, տեղապտույտ ունեցավ: Սակայն <<Ընկեր>>-ի պարագայում ո՛չ դաշնակցական, ո՛չ էլ կոմունիստական /իհարկե` եղած դրական, լավ կողմերը հանած/ ընկերն է ի հայտ գալիս: Թերթը գալիս է` վերականգնելու հայկական ընկեր ասածի լավ ու բարի համբավը, վերակենդանացնելու ընկեր հասկացողության բուն իմաստը, լավագույն ավանդույթները, ինչի համար ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում նրան:

Թերթը մրցակցության առումով, կարող եմ հաստատապես ասել, որևէ խնդիր չունի, քանի որ … մրցակցությունից դուրս է: Բնականաբար, այն իմաստով, որ ուրիշ գույն ու նրբերանգ ունի, քանի որ, Սայաթ-Նովայի խոսքերով ասած, նրա <<ջուրն ուրիշ ջրեն է…>>: Քիչ կոնֆլիկտային, հնարավորինս հեռու ուրիշի սպիտակեղենն ի ցույց դնելու արատավոր գայթակղությունից, մատի և մատանու արանք խցկվելու` այսօր սովորական դարձած գործելաոճից: Մարդկանց չի կռվեցնում, իրար դեմ չի հանում, այլ ընդհակառակը` ամեն գնով ջանում է նրանց հաշտեցնել, մտերմացնել ու բարեկամացնել: Ի վերջո, ընկե՛ր դարձնել, բարի, առաքինի ընկեր…

Թերթ հրատարակելն արվեստ է: Առավել հաճելի է, երբ դրան նաև ազգային մշակութային ժառանգությունը գնահատելու, վեր հանելու և ներկայացնելու արվեստն է միախառնվում: Սա շատ բնորոշ է <<Ընկեր>>-ին…

Շնորհավոր հնգամյա հոբելյանդ, սիրելի <<Ընկեր>>, շարժվիր ստեղծածդ ուղով, որն ազնիվ է, արժեքավոր ու համամարդկային…

Վան Բայբուրթ

<<Վրաստան>>թերթի խմբագիր

SHARE