Թողնում ենք մեր տունը, հող հայրենին

0
34

 Եվ հեռանում Հայաստան երկրից, որպեսզի ապրել կարողանանք…

Համայնք

watermarked_Xachatur Davtyan Armavir Jrashen

  -Առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությանը կրկին առաջադրել եմ թեկնածությունս,- ասաց Խաչատուր Դավթյանը, ով Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքը ղեկավարում է 2006 թվականից:- Չեմ կարող այստեղ չնշել, որ համայնքապետարանն ընդունել եմ բավականին պարտքերով` 7 մլն դրամ կենսաթոշակային հիմնադրամին, 21 մլն դրամ աշխատավարձերի գծով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և այլ պարտքեր: Համայնքի ուժերն ու հնարավորությունները համախմբելու միջոցով պարտքերն էլ վճարեցինք, հարկերն էլ հավաքագրեցինք: Քարուքանդ վիճակում գտնվող գյուղապետարանի շենքը վերանորոգեցինք, բուժամբուլատորիա կառուցեցինք: Դպրոցի շենքի մի հատվածը <<Փրկենք երեխաներին>> ծրագրի շրջանակներում, մեր կողմից 20 տոկոս համաֆինանսավորմամբ, վերանորոգեցինք` հիմնելով նախակրթարան: 2007-ին ամբողջությամբ գազաֆիկացրեցինք համայնքը: Ճանապարհները շատ վատ վիճակում էին. կենտրոնական ճանապարհն ասֆալտապատեցինք, անանցանելի ճանապարհներն ենք խճապատել: Անցկացրել ենք գիշերային լուսավորություն: Երկու փողոցում խմելու ջրի նոր ջրագծեր ենք անցկացրել: Մի խոսքով, մեր ուժերով ու հնարավորություններով բավականին աշխատանք կատարել ենք: ՋՕԸ-ի հետ համատեղ 2013 թ. խորքային հորերն ենք վերանորոգել: Գյուղական համայնքների ասոցիացիայի հետ, 15 տոկոս համաֆինանսավորմամբ /2 մլն դրամ/, վերանորոգել ենք պոմպերը: Այս տարի մարզպետի օգնությամբ ամբողջությամբ փոխեցինք դպրոցի շենքի տանիքը…

   Պարոն Դավթյանն այնուհետև նշեց, որ համայնքում խնդիրներ միշտ էլ լինում են, չնայած այսօր մնացել է միայն մշակույթի տան վերանորոգումը, որը լրջորեն անհանգստացնում է իրենց: Նաև 4-րդ փողոցի ջրագծի մյուս կեսը ևս պիտի փոխեն: Մշակույթի տան գործելու դեպքում որոշ չափով կլուծվի երիտասարդության զբաղվածության խնդիրը: Վերանորոգման հարցում խոստացել են օգնել առանձին անհատ ձեռներեցներ: Պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել, բայց  իրականացումը նախատեսված է հաջորդ տարի: 2015-ին պետք է վերանորոգվի նաև մոտ 2 կմ մայթ, ինչը կարևորվում է հատկապես այն առումով, որպեսզի ապահովվի երեխաների անվտանգ անցուդարձը:

   Խոսելով ընկերության մասին, Խաչատուր Դավթյանը նշեց, որ իր ընկերների դերը մեծ է համայնքի զարգացման գործում. <<Երբ մի գործ ես ձեռնարկում, և ընկերներդ կողքիդ են, ապա հաջողությունն ապահովված է: Ընկերներս, առհասարակ, ինձ աջակից են` հնարավոր ամեն ինչով, անգամ հարկերի հավաքման հարցում են իրենց մասնակցությունն ունենում: Ունեմ բավականին մեծ ընկերական շրջապատ: Ընկերներիցս շատերին ձեռք եմ բերել Արցախյան ազատամարտի տարիներին, պատերազմի դաշտում: Այդ ընկերությունն ամենանվիրականն է: Վերջերս պարգևատրվեցի <<Վազգեն Սարգսյան>> հուշամեդալով: Մարտական ընկերությունն  առանձնահատուկ է. այնքան ենք մերվել իրար, որ, թերևս, արդեն մի մարդ ենք դարձել` թե՞ մտածելակերպով, թե՞ առօրյա գործունեությամբ: Նմանվել ենք իրար, և մեր միջև տարաձայնություններ գրեթե չեն լինում: Նեղության պահերին իրար հետ ապրելով, այսօր կես խոսքից անգամ իրար հասկանում ենք, հայացքներ փոխանակելով էլ ամեն ինչ կարող ենք միմյանց ասել: Ընկերն ընկերոջ համար պատրաստ է կյանքը տալու. դրանից այն կողմ ոչինչ էլ չկա, նվիրվածությունը սահման չունի: Ընկերություն եմ անում տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղապետերի հետ, բայց ավելի մտերիմ եմ Արբակի /Բամբակաշատ/, Մամիկոնի /Հայկավան/, Կարենի /Լուկաշին/ և Արթուրի /Հացիկ/ հետ: Այս ընկերությունը շատ մեծ օգուտ է բերում ինչպես մեր, այնպես էլ տվյալ համայնքներին: Առաջացած խնդիրները միասնական ենք ներկայացնում, դրանց լուծման նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերում…>>:

   Պարոն Դավթյանն իր խոսքում նաև հետևյալն ասաց. <<Իմ համագյուղացիներին վերաբերվում եմ այնպես, ինչպես կուզենայի, որ ինձ վերաբերվեին: Միշտ այս գաղափարախոսությամբ եմ մոտեցում ցուցաբերել ցանկացած հարցի լուծման ժամանակ, անկախ այն բանից` ով է և ինչ հարցով է դիմում: Ինձանից ավագին որպես ծնողի եմ հարգել, ընդունել, իսկ տարեկիցներին` որպես ընկեր: Գյուղի 90 տոկոսը վարկերի տակ է, նրանցից 70-ը 3 մլն և բարձր գումարներ են վերցրել: Այս տեմպերով գնում ենք … կործանման: 2006-ի համեմատությամբ գյուղի գրեթե կեսն այսօր բացակայում է` արտագնա աշխատանքի են մեկնել: Կխնդրեի կառավարությանը` մտածել գյուղացու մասին, հատկապես` գյուղվարկերի առումով, ցածր տոկոսադրույքներով տրամադրվեին դրանք: Արտասահմանից լավ բաները պիտի ընդօրինակել, ոչ թե` հակառակը: Ապահովագրական համակարգ պիտի ներդրվի, որպեսզի հողի աշխատավորը կարողանա շունչ քաշել: Այս տեմպերով շարունակվելու դեպքում 10 տարի անց գյուղ չենք ունենալու: Ինքնակամ լքում ենք մեր երկիրը, մեր հողը: Հայաստանը դատարկվում է: Առավել ցավալի է, որ հեռանում են 20-40 տարեկան անձինք, արարող, ստեղծող աշխատուժը: Դրա մեղավորը մենք ենք…>>: