Թող երկար, երկար ապրի ընկերս,

0
23
թե չէ առանց նրա կյանքը տխուր, դատարկ ու խավար կթվա…
   Գրող, հրապարակախոս, <<Անդին>> ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանի հետ ընկերության շուրջ հարցազրույցն իրեն այնքան բնորոշ զգացմունքային, անկեղծ ու սրտաբուխ էր, որ, ճիշտն ասած, այլ կերպ դժվար էլ կլիներ պատկերացնել: Դա, իհարկե, սիրո յուրօրինակ դրսևորում էր ընկերության ու ընկերոջ հանդեպ և միաժամանակ պատկառանք միասին անցած այն ճանապարհի, որ կյանքի լավագույն մասը կարելի է համարել: 
  Միանգամից սկսեց խոսել ամենամտերիմ ընկերոջ` Կառլեն Կարապետյանի մասին, մարդու, ում հետ իր կյանքի ամենաուրախ ու ամենատխուր օրերն է ապրել: երեսուն տարուց ավելի… Մեծանուն ընկերոջ մասին խոսելիս գրողը չէր կարողանում թաքցնել հուզմունքը, և աչքերն աննկատելիորեն լցվում էին: Հուզվում էր նաև այն առումով, որ ընկերն արդեն 60-ի շեմին է: Խորը ակնածանք ու հպարտություն կար նրա խոսքի մեջ: Հնարավոր չէ չհասկանալ, թե ինչ նշանակություն ունի ընկերությունը Մերուժան Տեր-Գուլանյան մարդու համար, ով ոչ միայն ընկերական մեծ շրջապատ, այլև հարուստ կենսափորձ ունի: Զրույցի թեման հոգեհարազատ էր նրա համար, քանզի ընկերություն ասածը, ըստ մեր զրուցակցի, ապրելակերպ ու գոյապայման է…
 -Այնքան տարօրինակ է, գիտեք, որ ընկերոջս 60-ամյակն է: Չգիտես ինչու, ինձ միշտ թվացել է, թե Կառլեն Կարապետյանը, իմ ընկերը, ինձանից մի տասնհինգ տարով փոքր է, բայց, պարզվում է, այդ տարբերությունն ընդամենը հինգ տարի է: Դա թերևս պայմանավորում է նրանով, որ Կառլենն իր ընկերներին մեծարելու բնավորություն ունի, իր բնույթն է այդպիսին, և քեզ ակամայից թվում է, թե իրենից շատ ես ավագ: Այո, մտերիմ ընկերներին մեծարելու ապշելու հատկություն ունի և այդ ընկերներից մեկն էլ ես եմ, ուստի և քաղցր սխալի մեջ էի` ինձ նրանից շատ ավելի մեծ, հասկանալի է` տարիքով, պատկերացնելով: Ինչ տարօրինակ բան է… Որպեսզի հատուկ ընդգծեմ ընկերոջս տվյալ հատկանիշը, պատմեմ, թե տարիներ առաջ Կառլենն ինչ առաջարկեց ինձ, որը ես մերժեցի, ինչի համար ափսոսում եմ, ավելին` փոշմանել եմ: Երեսուն տարի առաջ էր, երբ ես <<Գարուն>> ամսագրի գլխավոր խմբագիրն էի, իսկ Կառլենն էլ սեփական բանկն ուներ` բնականաբար, մեծ հնարավորությունների տեր լինելով: Ինձ համոզում էր, որ բանկում գումար դնի և իմ անունով մրցանակ ստեղծի` երիտասարդ գրողների, նկարիչների, մի խոսքով, արվեստագետների խրախուսման նպատակով: Անկեղծ ասած, ես ամաչեցի` ասելով, որ սիրուն չի, եթե մեր մեծերի անուններով մրցանակ չկա, իսկ, վերջին հաշվով, ով եմ ես… Չհամաձայնեց` ինչու ես ասում, թե ով եմ ես, դու իմ ընկերն ես, քո ընկերն այդ հնարավորությունն ունի և ուզում է դա քեզ համար անել: Մերժեցի, որովհետև մտածում էի, թե չեմ հասել այն աստիճանին, որ իմ անունով մրցանակ լինի: Ամաչեցի, բայց նորից եմ ասում` փոշմանել եմ, քանի որ այդ մրցանակին շատ տաղանդավոր երեխաներ կարժանանային: Բացի դա, տվյալ գումարն այլ նպատակով չէր ծախսի ընկերս, որովհետև բոլորին անխտիր նվիրատվություն անելու և օգնելու բնավորությամբ է օժտված…  Աստված չանի, եթե ինձ կամ իր ընկերներից որևէ մեկի հետ մի բան պատահի, առաջին մարդը, որ կհասնի, կողքիդ կկանգնի, Կառլեն Լևոնիչն է: Այդպիսի մարդ է, ունի-չունի`  կարևոր չէ: Մեր ընկերությունը շատ հետաքրքիր է: Հինգ եղբայր ունեմ, բայց նրանց հետ այնքան ընկեր չեմ, որքան Կառլենի: Եղբայրներս իմ հարազատներն են, արյունակիցները, բայց ընկերությունը լրիվ այլ բան է: Կառլենի տեսակն այլ է: Երբեք ընկերոջ հարազատին, կնոջը, քրոջն այլ աչքով չի նայի, երբեք աչքերին չի նայի, կվերաբերվի այնպես, ինչպես իր հարազատին, իր տան անդամին: Ընկերն, այո, այդպիսին է լինում, այլ կերպ չի լինում: Չի կարելի այլ կերպ նայել և վերջ: Իր նկարագրով բոլորին սովորեցնում է, որ չի կարելի ընկերոջ կնոջ, քրոջ աչքերին նայել: Իր մեջ տաբու կա, տրված է իրեն և վերջ: Բոլորս մեծագույն բան սովորեցինք իրենից, այո` չի կարելի: Սկզբունքորեն ես էլ էի այդ կարծիքին, ուստի և Կառլենի հետ այդքան մտերմացանք: Ընկերոջ ընտանիքը սրբություն է: Ընկերոջ օջախը մատուռ է, պիտի խոնարհվես, խաչը համբուրես, մոմդ վառես ու գնաս… Կառլենը մի մարդ է, որ ամեն շաբաթ այստեղից զանգում է Ջավախք` հորս, զանգում է ու հարցնում` ո՞նց ես, հայրիկ ջան, ո՞նց ես, Սարգիս Օգանեսովիչ… Երևի ես աններելիորեն ավելի ուշ եմ զանգում հորս, քան Կառլենը: Երբ մայրս ծանր հիվանդ էր /ողորմի նրա պայծառ հոգուն/, Կառլենի հետ մեր գյուղում էինք, մորս տեղից հանեց` պարացրեց: Այնքա՜ն ապրեցնող էր նրա այդ քայլը… Ահա, թե ինչ մեծություն է Կառլեն Կարապետյան լինելը` իր ընկերների, մարդկանց համար, ում ինքը հարգում ու ընդունում է: Իրենց օջախների հանդեպ հանճարեղ խոնարհում ունի, հանճարեղ վերաբերմունք ունի ծնողների հանդեպ: Ինքը պայծառ տղա է ուղղակի: Չկա ավելի բարձր բան, քան մարդու հոգին, մարդու սերը իր ընկերոջ, իր ընկերոջ ծնողաց, իր ընկերոջ զավակների հանդեպ: Այո, Կառլենը այդ մարդն է: Ինքը ապշելու է այն իմաստով, որ մեր` հայի հազարամյակների գենետիկական կոդը պահպանել է: Իրոք, այդպես է: Ազնվագույն հայի գենը կրողն է, այդ հայն է, ում դարը ժամանակ առ ժամանակ պետք է ծնի, որպեսզի մաքրի գենը: Ինքը այդ մարդն է: Հասարակ մի բան` երբ Կառլենը Երևանում չի լինում, ընկերներով չենք հանդիպում: Հանդիպում ենք, բայց վա՜յ էն հանդիպելուն… Բոլորին հավաքում է իրար գլխի, գիտի, թե ում – ում հետ հանդիպեցնի, ում – ում հետ հրավիրի: Շատ լավ գիտի դա, ինչը բացառիկ օժտվածության մասին է վկայում: Երբեմն զարմանում եմ, թե ինչպես է կռահում և այս-այս մարդկանց միասին հրավիրում: Մարդկանց, ովքեր իրար հետ խոսելու բան ունեն, և դա Կառլենը շատ լավ կազմակերպում է: Իր օջախը բաց է բոլորի առաջ: Զարմանալի հյուրընկալ օջախ է: Բոլորն էլ տեղ ունեն այնտեղ: Կզանգի, կհրավիրի:  Երբեք չի պարտադրի կամ նեղանա` չգալու դեպքում, ինչը մեր հայ իրականությանն այնքան բնորոշ է: Նման բան չկա: Կմտնի քո դրության մեջ, կհասկանա քեզ: Ես իր տեսակի, իր մտածելակերպի ու վարվեցողության այլ մարդու չեմ ճանաչում: Բացառիկ երևույթ է: Ես երջանիկ եմ, որ ինքն իմ ընկերն է և հենց այդպիսին է: Բարձր գոյություն է… Կառլեն Լևոնիչի մոտ հավաքվում են բոլորն անխտիր: Կառլեն Կարապետյանի Վերնատունն, ինչպես բոլորս ենք ասում, բազմաթիվ մարդիկ են մտնում, դուրս գալիս: Իր դուռը բաց է ունևոր-չունևորի, իշխանավոր-անիշխանավորի, դիմադիր-ընդդիմադիրի, հասարակության գրեթե բոլոր խավերի մարդկանց առջև: Նրա շրջապատն աներևակայելի լայն ու բազմազան է: Բոլորի համար սիրտն ու սեղանը միշտ բաց են: Շռայլորեն անում, տալիս է` որևէ ակնկալիք որևէ մեկից երբևէ չունենալով: Աշխատածը ընկերության համար է, առանց ընկերության չի կարող յոլա գնալ: Երանի նրա նման մի քանիսն էլ լինեին Երևանում: Նրա օջախը սուրբ է, մտնողների հարգանքը միմյանց նկատմամբ առանձնահատուկ ջերմ ու ոգեշնչող է: Մտար այդ օջախ, ուրեմն հավերժ կապվեցիր նրան: Միտքս Սայաթ-Նովայի խոսքերը եկան. <<Աշխարըս մե փանջարա է, բաղերումեն բեզարիլ իմ…>>: Լևոնիչի օջախը միակ տեղն է, որտեղ չես բեզարում, նրա կողքին երբեք չես բեզարի: Կամ` Սայաթ-Նովայի մյուս տողերը. <<Բալքի մե մարդ ռաստ գար, որ ինձ խրատեր, գոզալ, քո էշխեմեն սիրտս ազատեր>>… Այդ մարդը շատ հանգիստ կարող է Լևոնիչը լինել, այդպիսին հենց կա՛: Մենք իրար հետ շատ բաց ենք: Ես իրենով մխիթարվում եմ, եթե մի բան այնպես չէ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ընկերս ստեղծագործական աշխարհի մարդ չէ, բայց` միայն առաջին հայացքից: Հոգու խորքում այնքան է ստեղծագործում, խելքն իրենը չէ ստեղծագործողների համար, որ դրանով արդեն իսկ ստեղծագործ էություն է: Տաղանդավոր մարդկանց կողքը կանգնելու համար խելքն իրենը չէ: Լուսավոր մարդ է այս բառի իսկական իմաստով, և բնավ պատահական չէ, որ տարիներ շարունակ իր օջախում հյուրընկալում է բազմաթիվ մարդկանց, ովքեր, անկախ իրենց դիրքից, աշխարհայացքից, հետաքրքրություններից ու կողմնորոշումից,  նույն սեղանի շուրջ համերաշխ ու միակամ բաժակ են բարձրացնում: Քաղաքական տարբեր, հակադիր հայացքներ ունեցող մարդիկ այս օջախում իրար, պարզապես, ախպեր են: Դա Կառլեն Կարապետյանի բացառիկ  տաղանդն է, շնորհքը, իր օջախի յուրահատկությունը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի այն ընկերության օջախ է: Եթե այստեղ եք, մի սեղանի շուրջ,  ուրեմն ընկերներ եք և վերջ: Կորչի մնացած ամեն ինչ, առավել ևս` ամեն տեսակ քաղաքականություն… Այս օջախը միայն լավ բանի, լավ վերաբերմունքի, հայրենիքի, պետության ու ջերմություն հաղորդելու համար է: Մեզ` ընկերներիս,  այստեղ այլ կերպ վարվելու կամ պահելու, այլ բաներից խոսելու իրավունք տրված չէ: Ընդ որում, այդ իրավունքն ի վերուստ է: Մարդկային լավ, ճիշտ հարաբերությունները բերում են լավ ընկերության, իսկակա՛ն ընկերության: Երբ նրա եղբայր Հարութը, հրաշալի ու փայլուն մի մարդ, մահացավ, ամբողջ աշխարհը եկել էր Կառլեն Լևոնիչի ցավը կիսելու: Երջանկահիշատակ Հարութը, նույնպես լավ մարդ լինելով, իր հարգանքն ու պատիվն ուներ, բայց, այդուհանդերձ, այդ ամենը Լևոնիչի ընկերության շնորհքն էր: Լևոնիչը պայծառ մարդու հատկանիշներ ունի: Տարիներ շարունակ իր օջախում, եղբոր կորստից հետո, ուրախ երաժշտություն չի հնչել: Ցավը մեծ էր…

  -Կառլեն Լևոնիչն, իրոք, բոլորի կողքին է եղել, ձեռք է մեկնել, նաև աջակցել` եղբոր անժամանակ կորստի ցավը սրտում ունենալով: Բնական է, որպես ընկեր, Ձեր կողմից համարժեք քայլեր են արվել, որպեսզի այդ ցավը հնարավորինս մեղմանա: Այդպես չէ՞…
  -Հարութին նվիրված փաստագրական ֆիլմի սցենարը գրեցի: Փորձեցի ֆիլմ նկարել,  որպեսզի ընկերս փոքրիշատե ազատվի ցավից: Կարծում  եմ, ինչ-որ չափով օգնեցի իրեն: Առաջին օրերին ֆիլմը դիտելիս հոնգուր-հոնգուր լաց էր լինում: Հետո, երբ անցան ամիսներ, երբ ֆիլմը դիտում էինք, ինքը թողնում` դուրս էր գալիս: Չէր ուզում մեզ տխրեցնել, մեր տրամադրությունը գցել իր ցավով: Այդ օրերին ամեն ինչ անում էի, որ կողքին լինեմ, ինչ-որ բանով կարողանամ օգտակար լինել: Չնայած կորստյան ցավին, պիտի կարողանալ, թեկուզ` քեզ ստիպելով, ապրել, կյանքն առջևում է: Հանուն եղբորդ, հանուն նրա ընտանիքի ու զավակների, պիտի առաջ նայես, պիտի վշտին դիմադրես: Հիշում եմ, ֆիլմում Կառլենի հայրն ասում է. <<Կառլեն ջան, ես քեզ անմայր խաղողի գինի եմ բերել>>: Ես Լևոն հայրիկից սովորեցի  անմայր խաղողի գինի արտահայտությունը: Մինչ այդ չգիտեի… Պարզվեց, որ գինի սարքելիս խաղողի գիլաներն անջատում են ճութից և այդ գիլաներից են գինի պատրաստում: Դա կոչվում է անմայր խաղողի գինի: Ինքը եղբորից հետո իր ծննդյան օրը չի նշում, բայց կուզենայի, որ վաթսունամյակը առիթ լիներ ընկերներով հավաքվելու և նշելու, դրանով հետագա ծնունդների մի նոր սկիզբ դրվեր: Չէ՞ որ իր ծննդյան օրը շատ կարևոր է ընկերների, մտերիմների համար, ինչպես որ ինքն է բոլորի ծննդյան օրերը մեկիկ-մեկիկ հիշում, շնորհավորում, անակնկալ նվերներ անում…    
  – Վաթսուն տարեկան է Ձեր ընկերը: Ի՞նչ զգացում եք ապրում հիմա վաթսունամյա ընկերոջ մասին խոսելիս, և երբ հետ եք դառնում, ապա տասնամյակների հեռավորությունից ինչպե՞ս է պատկերանում այդ ընկերությունը, ինչ-որ  տարբերություն, ասենք, զգում եք:
  -Ես իր ցավը տանեմ /ծիծաղում է/ : Թող Աստված կյանք տա ընկերոջս: Մեր կյանքը մենք չենք որոշում, դրա համար եմ ասում, որ Աստված կյանք տա ընկերոջս: Այնքան հետաքրքիր բան ես ասում… Ես այնքան կուզեմ, որ ընկերս դառնա 70-80-90 տարեկան, և մենք միաժամանակ ապրենք այս երկրի ու այս հողի վրա: Կառլենն աշխարհ տեսած, աշխարհի թագավոր տղա է, բայց զարմանալի թուլություն ունի: Թուլությունն իր թոռնիկներն են: Բարեմաղթանքս այս է` այնքան կուզեի ընկերս երկար ապրեր, որ տեսներ թոռնիկների ուրախությունները, հարսանիքները, ես էլ երջանկորեն այդ արարողությունների թամադան լինեի: Այդքան կյանք եմ ցանկանում իրեն: Ստացվեց այնպես, որ ինձ էլ կյանք ցանկացա, բայց, դե, ընկերոջ հետ պիտի լինեմ էլի: Կառլեն Կարապետյանը, բացառիկ հայր լինելուց բացի, չքնաղ պապիկ է, խելքն իրենը չէ թոռնիկների համար: Թոռնիկներն իր հպարտությունն են: Իր կյանքը ոտնատակ կանի հանուն ընկերության, ընկերների, հարազատների, թոռնիկների: Ապշելու չափ երջանկանոմ է, երբ թոռներն իրենց տաղանդն են ցույց տալիս և շրջապատի կողմից գովասանքի արժանանում…
  -Ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունը Մերուժան Տեր-Գուլանյանի համար:
  -Ամենամեծ խորհուրդն այն է, որ այնպես անես, որպեսզի օգնես ընկերոջդ երկար ապրի: Պարզապես, ինքը երկար ապրի, որովհետև առանց իրեն կյանքիցդ մի մեծ իմաստ կբացակայի: Պահ է գալիս, երբ Լևոնիչն այստեղ չի լինում` ընկերության Երևանն էլ է բացակա, Երևանը, իմ սիրելի քաղաքը, որտեղ հազար ընկեր ունեմ: 
   Այնպես անես, որ ընկերդ երկար ապրի, ցավ չպատճառես իրեն: Եթե մի բանով կարող ես` օգնիր, եթե ոչ, ապա ցավ մի պատճառիր, հոգս մի դարձիր իր համար…
  -Տարիքի հետ ընկերությունն էլ ավելի է իմաստավորվում, այո՞:
 -Իհարկե: Գալիս է տարիք, երբ ինձ համար գրեթե անհնարին է դառնում նոր ընկեր ունենալը: Պարզապես` չեմ ուզում: Չի բացառվում, դիմացինը շատ լավ տղա է, բայց ես չեմ ուզում: Իմ ընկերներն ինձ հերիք են: Իմ ընկերները, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ եմ անցել, լավ ու ուրախ օրեր եմ ապրել: Շնորհակալ եմ բախտից, որ ունեմ այդ ընկերները: Ավելին չեմ ուզում այլևս, միայն թող չպակասեն եղածները: Այդպիսի անփոխարինելի ընկեր Կառլենն է, ով հաճախ այցելում է 90-ամյա հորս` Ջավախք, մեծ բավականությամբ  հանգստանում, զգում իրեն ինչպես իր հայրական օջախում… Գիտես, Ռուզաննա՛, դու ինձ հուզեցիր, չկարողացա արցունքներս զսպել: Դու  հրաշալի լրագրող ես: Դու մարդու այն տեսակն ես, որ կարողանում է դիմացինին խոսեցնել, հուզել, սիրտը բացել: Լրագրողի համար դա ամենակարևորն է. մարդու լեզվով մարդու հետ խոսելը…
  -Պարոն Տեր-Գուլանյան, քանի որ մեր զրույցը տեղի է ունենում  Կառլլևոնի  արվեստի սրահում, ուստի կուզեի նաև Ձեր կարծիքն արտահայտեիք սրահի վերաբերյալ:
  -Ընկերոջս որդին` Արթուրն է հիմնադրել պատկերասրահը: Արթուրը փայլուն տղա է: Հորը խոնարհ որդի: Ամեն մարդ կերազեր այդօրինակ զավակ ունենալ: Բայց ժամանակ է պետք, որպեսզի պատկերասրահը քաղաքում դառնա հայտնի: Այն տարբերվում է մյուսներից և իր առավելություններն ունի` կարող ես սեղանի շուրջ հաղորդակցվել մարդկանց հետ, կիսվել, զրուցել, մտքեր փոխանակել, մի խոսքով` ապրել միջավայրով, գեղարվեստով: Ամեն անգամ նկարների անսամբլը թարմացվում է: Մեծագույն հաճույք է այստեղ գտնվելը: Չքնաղ գործ է արված: Նման հոգու ու տեսակի մարդն այսպիսի բան պիտի աներ: Լևոնիչի Վերնատան հարևանությամբ պիտի բացվեր մշակույթի նման օջախ, իսկ իր Վերնատուն այսքան տարի շարունակ Հայաստանի բոլոր երևելի մարդիկ, ճանաչված գործիչներ են այցելել: Կանցնի մեկ տարի, և  Կառլլևոնին կդառնա մայրաքաղաքի լավագույն մասնավոր պատկերասրահը: Երևանի սրտում, Վերնիսաժի հարևանությամբ ստեղծել պատկերասրահ` ինքնին ազնվագույն քայլ է: Ընկերս <<հիվանդացել>> է այս պատկերասրահով: Թեև կարող էր տասը տարի առաջ  բացվել այս սրահը: Սրահ մտնելիս տարաշխարհիկ զգացողություն եմ ունենում, որովհետև տարբեր նկարիչների գործեր են ցուցադրվում: Այստեղ լավագույնն այն է, որ բոլորովին պարտադիր չէ նախընտրած նկարիչ լինի, ցանկացած տաղանդավոր մարդ կարող է ցուցադրվել: Այս սրահի ներքին ազատությունը հենց դրանում է: Մի տեսակ անուշ ժողովրդական բան կա այս ամենի մեջ: 
 -Կարող ենք ասել, որ կգա ժամանակ, երբ սրահը կդառնա Երևան քաղաքի կոլորիտներից մեկը:
-Այո: Ի դեպ, ասեմ, դու շատ սիրուն հարց տվեցիր: Այսինքն, հարց տվեցիր, որի մասին ուզում էի խոսել: Սրահներ կան, որոնք գերազանցիկ աշակերտի տպավորություն են թողնում իմ վրա: Աշակերտներ կան, որ գերազանցիկ են, բոլոր առարկաները շատ լավ սովորում են, բայց արդյունքում հանճարը չկա, տաղանդը չկա, ինքը ուղղակի լավ սովորող է: Բայց Կառլլևոնի արվեստի սրահը հոգևոր սրահ է, մարդկային հարաբերությունների սրահ է, ընկերության սրահ: Բիզնեսի հետ մեկտեղ` հոգևոր, մշակութային կենտրոն: Այստեղ այցելուներ կսիրեն և կկապվեն, որովհետև հիմնադիրների հոգին իրենց առջև բաց է: Երևանը սիրող մարդիկ պիտի սիրեն Կառլլևոնին: Կառլենը, ընկերս, լայնախոհ մարդ է, Աստծո տված փայլուն ճաշակ ունի և ինչը փոխանցվել է իր զավակին: Համոզված եմ, որ այդ ճաշակը կթելադրի փայլուն պատկերասրահ: Ուր ամեն այցելու անպայման կգտնի իրեն հետաքրքրող նկարը…
  <<Ընկեր>>-ական հետգրություն.- Հերթական անգամ համոզվեցի, զրուցելով ընկերության թեմայի շուրջ, որ ընկերությունը մարդկային բացառիկ դրսևորումներից մեկն է, որը մարդու համար ամենահոգեհարազատը, ամենասրտամոտը և ամենանվիրականն է: Դիպչում ես մարդու հոգու նուրբ լարերին ու զգացմունքներին: Անկեղծանում է մարդը, կտրվում գորշ իրականությունից, ուզում անվերջ խոսել ու խոսել: Խոսել սիրելի ընկերոջ մասին, ինչը միայն հաճելի զգացում ու ապրումներ է արթնացնում և հավատ մարդկության հանդեպ:   
SHARE