Ժամանակին համաքայլ ընթանալ

0
2

Արդի մարտահրավերներին դիմակայելու և հաջողության հասնելու համար

Կենսակերպ

<<Ընկեր>>-ի համար միշտ էլ հաճելի է, ընդհանրապես, ընկերների հասցեին լավ խոսքեր լսելը, նոր ընկերների հանդիպելը: Այդպես նաև այս անգամ էր` Արագածոտնի մարզի Կարբի գյուղում, որտեղ նման լավ առիթ ներկայացավ: Համայնքապետ Կարեն Բաղդասարյանի համար, կարծես, ասված լինի հետևյալ իմաստուն խոսքը` <<Առանց ընկերության կյանքը ոչինչ է>>…

-Իրոք, այդպե՞ս է, և, առհասարակ, ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը և ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունը Ձեզ համար:

-Ինձ համար ընկերությունն, ինչ խոսք, մեծ խորհուրդ ու իմաստ ունի: Ընկերության հիմքում սիրո գաղափարն է ընկած: Եթե սիրում ես ու հարգում, ուրեմն ընկեր ես: Այդ սերն էլ բերում է համախմբվածության, միասնության ու մտերմության: Եթե կա ընդհանուր գաղափար, հայացքների ընդհանրություն, ապա կա նաև ընկերություն: Ընտանիքից հետո ընկերությունն է: Փառք Աստծո, ինձ մոտ նաև այդ առումով ամեն ինչ կարգին է, ստացված ու կայացած:

-Ըստ էության, ընկերությունը Ձեզ համար ապրելակերպի անբաժան մաս է դարձել…

-Դա նաև կյանքիս անցած ճանապարհն է, իմ առօրյան: Մարդու տեսակից, դաստիարակությունից, ապրելակերպի պայմաններից, փորձից է գալիս` ժամանակի ընթացքում առավել ամրապնդվելով: Ասում են, չէ՞, ընկերները շատ չեն լինում, և ես իմ օրինակով կարող եմ հավաստել դրա իսկությունը: Շատ ընկերներ ունեմ, իսկական ընկերներ: Դա, ինչ խոսք, չի նշանակում, թե ամեն մեկի կարելի է ընկեր անվանել, թեկուզ` մտերիմ ու հարազատ մարդու:

-Ընկերության մեջ ի՞նչն եք գնահատում:

-Առհասարակ, ընկերությունն եմ գնահատում: Դա ամբողջական միավոր է, չեմ էլ ուզում տարանջատել: Սակայն կա մի սկզբունք, որի բացակայության դեպքում չի կարող ընկերություն լինել: Ընկերության մեջ, ըստ իս, չափման միավոր չպետք է լինի, այսինքն` ով որքան: Ով որքան կարողանում, այդքան էլ անում է: Հաշիվ կամ չափելու-տնտղելու փորձեր չպետք է լինեն, հավասարություն դնելն այս պարագայում ճիշտ չէ:

-Ասում են, որ առաջին քայլն ինքդ պիտի անես, ապա միայն դիմացինից ինչ-որ բան պահանջես…

-Կարծում եմ, ցանկացած հարաբերությունում է այդպես: Այն հարաբերությունները, որոնք դրական հիմքի վրա են, կարող են ընկերություն ստեղծել: Համենայնդեպս, առաջին քայլը յուրաքանչյուրն իր իսկ կողմից պիտի փորձի անել, բայց և ընկերության մեջ առաջինի, երկրորդի խնդիր չեմ տեսնում, պատրաստակամությունը երկու կողմից էլ պետք է լինի: Իսկ ընկերովի ճանապարհ անցնելը հեշտ է:

-Երբ ասացիք` ընկերության արդյունք եք, ի՞նչ նկատի ունեիք:

-Դրա մեջ մեծ հասկացողություն կա: Ընկերը, ընկերությունն, ասես, յուրօրինակ այցեքարտ լինի, հասարակության մեջ կամ առօրյա կյանքում ներկայանում ես քո ընկերներով, ընկերներիդ կողմից: Օգնելու պատրաստակամ մարդիկ էլի ընկերներդ են, հենվելու առաջին պինդ տեղը ընկերությունն է:

-Մեր զրույցի ընթացքում խոսք գնաց, որ Գերմանիայում եք ապրել, բայց թողեցիք ու վերադարձաք…

-Առաջին ձգողը հայրենիքիս կարոտն էր, կա նաև ընդհանուր կարոտ, որն ամբողջական միավոր լինելով, շատ կարոտներ է ներառում: Ընկերության կարոտն, անշուշտ, դրանում շատ մեծ տեղ է ունեցել:

-Դրսում` Եվրոպայում էլ նո՞ւյն ընկերությունն է, թե՞ մի փոքր այլ է:

-Մեր` հայերիս ընկերությունն ուրիշ է, քանի որ մեր դաստիարակությունը, սովորույթները բավականին տարբեր են: Մեզ մոտ համով-հոտով է, սրտով, ժողովրդական խոսքով ասած` ջիգյարով: Այդ համ ու հոտն այնտեղ չկա, չես զգում:

-Կարծում եմ, կընդունեք, որ ընտանիքի դաստիարակությունից, ծնողների վերաբերմունքից է ձևավորվում մարդկային էակը, ձուլվում իր միջավայրին և դառնում իր շրջապատի մի մասնիկը:

-Անշուշտ, այդպես է: Վերցնում ես ընտանիքիցդ շատ լավ բաներ ու, այսպես ասած, ներդնում հասարակության, մի ընդհանուր միավորի մեջ: Հայրիկիցս, օրինակ, շատ բան եմ ժառանգել: Նա ևս ընկերության մարդ է եղել, և այսօր էլ շարունակում է մանկության ընկերների հետ նախկին մտերմությունը: Տեսել եմ ազնվություն, նվիրվածություն, մարդկայնություն…

-Ընկերությունը պահպանելու համար ի՞նչն է կարևոր:

-Նայած, թե ինչ մակարդակի ընկերություն է: Ընկերներիցս ոմանք այսօր ինձ նաև գործընկերներ են: Դժվար է, իհարկե, ընկերոջ հետ <<գործ բռնելը>>, բայց երբ գաղափարը բարձր է, մակարդակը բարձր է, ապա լավ էլ կարողանում ես տեղավորվել դրանում: Որպեսզի ընկերությունը հանկարծ չվտանգվի, պետք է ամեն ինչ իր տեղում ու դիրքում պահվի: Տեղակալս մանկությանս ընկերն է, ում վստահում եմ և ում վրա հենվում: Կարող եմ ասել, որ համայնքի ղեկավարի պաշտոնում լինելս պայմանավորված է ընկերության հանգամանքով, ընկերության արգասիք է:

-Գրեթե 6 տարի ղեկավարում եք Կարբին: Ինչպիսի՞ն է այդ տարիների արդյունքը:

-Բավականին մեծ աշխատանք է կատարվել, ահագին առաջընթաց կա: Ճանապարհաշինության ոլորտից սկսեմ: Ճանապարհների վերանորոգում ենք կատարել, 10 փողոց լիովին ասֆալտապատվել է: Գյուղի մուտքերն են կառուցապատվել: Այս ընթացքում մոտ 20 կմ նոր ճանապարհ է կառուցվել: Դեպի այգիներ տանող ճանապարհներն են վերականգնվել ու հիմնանորոգվել /մոտ 20 կմ/: Արտաքին լուսավորություն է անցկացվել գլխավոր փողոցներում: Հիմնովին փոխվել է խմելու ջրի ամբողջ ցանցը: 100 տոկոս գազաֆիկացում ունենք` նախկին 10-ի փոխարեն: Արդեն 5-րդ տարին է` ամենօրյա աղբահանություն ենք կատարում: Իմ միջոցներով վերանորոգվել են եկեղեցին, համայնքապետարանի շենքը, նորոգվել է հարակից այգին: 2013-ին մանկապարտեզի ներսում ենք մասնակի նորոգում կատարել, հիմա բակն է վերանորոգվում: Մշակույթի տունն է վերանորոգվել: Գյուղատնտեսական արտադրության ոլորտում վերջին 3 տարում մոտ 3 մլրդ դրամի ներդրում է կատարվել: Հիմնվել է մրգերի վերամշակման <<Կարբի ֆրուտ>> ընկերությունը, որը տարեկան մոտ 2 հազար տոննա միրգ է մթերում: Մոտ 50 աշխատատեղ է ստեղծել: Ինտենսիվ այգիներ են հիմնվել մոտ 50 հեկտարի վրա, ևս 50 հեկտար էլ մինչև 2018-ի տարեվերջ կհիմնադրվի: Մոտ 1 մլրդ դրամի ներդրում էլ հենց զբոսաշրջության ոլորտում ունենք: Էապես ավելացել է տուրիստների թիվը: Այս ամենի մեջ ընկերների ներդրումն ու մասնակցությունը բավականին մեծ են: Առհասարակ, ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի. արտադրողը` արտադրի, վաճառողը` վաճառի, սպառողը` սպառի: Եթե խառնվում է այս ամենը, իսկ ներկայումս մեր գյուղատնտեսությունում այդպես է, ապա ոչ մի աշխատանք արդյունավետ չի տարվում: Նոր, ժամանակակից համակարգ պետք է ձևավորվի, նոր իրավահարաբերություններ, որպեսզի կարողանանք առաջ ընթանալ և հետ չմնալ ժամանակի պահանջներից:

-Ի՞նչն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը պաշտոնավարման շրջանում:

-ժողովրդի վստահությունը: Բարի համբավը և վստահությունը: Բարի անունն ու համբավն, ըստ իս, ամենակարևորն են: Նյութականն էլ, անշուշտ, կարևոր է, սակայն առանց դրա բովանդակազուրկ է դառնում: Բնակիչների հետ իմ հարաբերությունները շատ անմիջական են, իմ դռները միշտ բաց են նրանց առջև: Մարդուն պիտի ընդունել, լսել, հասկանալ և ձգտել որևէ կերպ օգնել: Անպատասխան հարցեր չպետք է մնան: Ես գյուղը, համայնքը մի մեծ ընտանիք եմ համարում, շատ հաճախ անձնականս ներդնում, որպեսզի լուծվեն ընդհանուր հարցեր: Այսինքն, կա ընդհանուր խնդիր, նպատակ, դա համայնքի զարգացումն է, ինչի համար չպետք է խնայել ոչինչ: Ես այդ գիտակցությամբ էլ առաջնորդվում եմ և գործում…

 

SHARE