Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի

0
21
Կլուծվեն այսօր առկա խնդիրները և կյանքը բնականոն հուն կվերադառնա…

Համայնք

   Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանից տեղեկացանք, որ իրենց բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ /առավելապես` պտղաբուծություն և խաղողագործություն/ և անասնապահությամբ: Ցրտահարության հետևանքով մեծապես տուժել են պտղատու այգիները` 80-100 տոկոս: Խաղողի այգիներին ևս, ամենայն հավանականությամբ, էական վնաս է պատճառվել: Կառավարության կողմից առաջարկվող օժանդակության ծրագրերը նպատակ ունեն որոշակիորեն փոխհատուցելու բնական աղետի պատճառած վնասները, և, այդուամենայնիվ, գյուղացին այս անգամ էլ ստիպած կլինի հաշվի նստել բնության քմահաճ խաղի հետ` զինվելով համբերատարությամբ: Գյուղապետարանի խնդիրն այսօր առաջարկվող օգնությունը ճիշտ հասցեատիրոջն ուղղելն է, մարդկանց կողքին լինելն ու նրանց սատարելը: Տվյալ գործընթացը հստակ ու անթերի պիտի կազմակերպվի:
  Խոսելով առկա հիմնախնդիրներից, պարոն Մարգարյանը հատկապես անդրադարձավ ճանապարհների ասֆալտապատմանը: Մասնավորապես, նախորդ տարի ասֆալտապատման աշխատանքներ չեն կատարվել, քանզի տեղյակ էին, որ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամը Սասունիկում մանկապարտեզի կառուցման ծրագիր ունի: Գումարի 40 մլն դրամը պիտի համաֆինանսավորեր համայնքը, ուստի այդ աշխատանքները նախորդ տարի չկատարվեցին: Այս տարի արդեն բյուջեով նախատեսված գումար կա. <<40 միլիոնը տրամադրել ենք հիմնադրամին, և մանկապարտեզի աշխատանքներն ընթանում են: Հավանական է, որ հունիս-հուլիս ամիսներին համայնքում կատարվեն ճանապարհների վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնովին կառուցելու հնարավորություն առայժմ չունենք, քանի որ հսկայական միջոցներ են անհրաժեշտ: Լուսավորության 120-130 կետ ունենք, ընթացիկ տարվա բյուջեով գումար է նախատեսված մնացած փողոցներում ևս լուսավորություն անցկացնելու համար: Համայնքի վարչական տարածքում գործող կազմակերպությունները` <<ՍԿԻՖՖ Շին>>, <<Հեյսար>>  ընկերությունները, <<Արմենիա Վայն>> գինու գործարանը, <<Էմգարիա>> գյուղատնտեսական ձեռնարկությունը պարտաճանաչ կատարում են հողի և գույքի հարկային վճարումները: Ամենակարևորը` այս կազմակերպություններում ընդգրկված են հիմնականում մեր բնակիչները, այսինքն` զբաղվածության խնդիրը լուծված է, ինչը միանշանակ շատ մեծ առավելություն է մեզ համար…>>:

   Համայնքապետը մեծապես կարևորում է այն հանգամանքը, որ, ի տարբերություն շատ գյուղական համայնքների, Սասունիկում բնակչության թվի աճ կա: Կան, իհարկե, ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնողներ, բայց ընտանիքներով հեռանալու դեպքեր վերջին տարիներին չեն գրանցվել: Սասունիկն ունի 3900 բնակիչ, համայնքի վարչական տարածքում են ընդգրկված Սասունիկ և Կարին գյուղերը: Համայնքը մեծ է, և ունեցած խնդիրներն էլ, բնականաբար, շատ: Դրանց լուծումները համայնքապետը տեսնում է համաֆինանսավորմամբ իրականացվող պետական ու միջազգային ծրագրերի իրականացման մեջ: Ընդ որում, այդ ճանապարհով արդեն շատ խնդիրներ լուծվել են, մի քանիսն էլ ընթացքի մեջ են /օրինակ` մանկապարտեզի կառուցումը/:
   Սասունիկում անում են ամեն ինչ երեխաների դաստիարակության ու զարգացման գործը ճիշտ, համակողմանի կազմակերպելու համար: 2013 թ. պետական ծրագրի շրջանակում վերանորոգված մշակույթի տանը գործում են սպորտի /շախմատ/ և արվեստի /պար/ խմբակներ: Գյուղն աստիճանաբար բարեփոխվում է: Վերափոխվել է խմելու ջրի ցանցը` Ասիական բանկի ներդրումներով: Վերանորոգվել է նաև համայնքի բուժամբուլատորիան: Գնալով պակասում են անմշակ հողատարածքները: 
  Համայնքի ղեկավար Արման Մարգարյանը լավատես է ու վստահ, որ ժամանակի ընթացքում կլուծվեն առկա խնդիրները և գյուղի բնականոն զարգացումն այլևս անշրջելի իրողություն կլինի…
SHARE