Ժողովուրդը պիտի լավ ապրի

0
27
Նա դրան արժանի է և իրավունք ունի բարեկեցիկ կյանքով ապրելու…

Համայնք

  -Արարատի մարզի Արևշատ համայնքը ղեկավարում եմ 1999 թվականից,- մեր զրույցի սկզբում ասաց համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը:-  Երբ ընտրվեցի, գյուղն ընդհանրապես գազ չուներ, մանկապարտեզը չէր գործում, երաժշտական դպրոցի վիճակը շատ վատ էր, տարիների պարտքեր էին կուտակվել: Ընտրվելուցս հետո գյուղն առաջնահերթ, հիմնականում համայնքի ուժերով, գազաֆիկացվեց, որն այսօր արդեն հասնում է 95 տոկոսի: Մնացել է մեկ-երկու փողոց: Մանկապարտեզն արդեն 10 տարի, վերանորոգումից հետո, աշխատում է: Մոտ 70 երեխա է հաճախում: Երաժշտական դպրոցն է գործում: 10-15 մլն դրամ է ծախսվում այս երկու կառույցների պահպանման նպատակով: Խճապատում ենք փողոցները, գիշերային լուսավորություն է անցկացվել առայժմ մի փողոցում: Մեկ փողոց, որ խմելու ջուր չուներ, այսօր արդեն ապահովված է դրանով: Գումարի պակաս, ցավոք, ունենք, այլապես ավելի շատ աշխատանքներ կարող ենք անել: Հողատարածքներ ունենք, որ ձգտում ենք վաճառել, որպեսզի դրամական միջոցներ ունենանք: Խմելու ջրի ներքին ցանցի վիճակը բարվոք չէ: Եթե պետական միջոցներից հատկացում չլինի, ապա ստիպված կլինենք մեր ուժերով լուծում գտնել տվյալ խնդրի համար: Մխչյան գնացող ճանապարհի լուսավորությունը պիտի ապահովվի: Թվարկածս նախատեսել ենք 2015-ին անել: Միաժամանակ նշեմ, որ աղբատար մեքենա ենք գնել, ինչի շնորհիվ աղբահանության խնդիրը համայնքապետարանի ուժերով կարգավորված է: Բավականին ծանրակշիռ աշխատանքներ են արվել, ահա թե ինչու ընտրություններին սովորաբար մրցակից չեմ ունենում: Ամենակարևորը` ժողովրդի նկատմամբ վերաբերմունքս ամենաբարձր մակարդակի վրա է: Բոլոր դիմումներին շատ արագ ընթացք է տրվում, ջանում եմ հնարավորինս բավարարել ինձ դիմած համագյուղացիներիս: Անապահով ընտանիքներին ենք առաջին հերթին օգնում մեր կարողությունների չափով: Ոչ մեկի անպատասխան չենք թողնում, ջանում ենք առավելագույնս օգտակար լինել: Հատկապես դժբախտ դեպքերի պարագայում ենք մեր օգնությունը հնարավորինս մեծացնում: 
   Պարոն Նիկոլյանը մեկ անգամ ևս կարևորեց այն հանգամանքը, որ այսօր իրենց ամենամեծ աշխատանքը կլինի այն, որ կանգնեն ժողովրդի կողքին, նրան մենակ չթողնեն, սատար ու աջակից լինեն գյուղացուն: Համայնքի ղեկավարը կարողացել է բոլորին համախմբել գյուղի իշխանության շուրջը, ինչի արդյունքը բոլոր կարգի ընտրություններին արևշատցիների ակտիվ մասնակցության ապահովումն է: 

  -Գյուղապետը,- նշեց նա,- մեծ դեր ունի այդ գործընթացներում` մարդկանց կողմնորոշելու, ճիշտ ճանապարհ ցույց տալու առումով: Ընդունում են իմ ասածը և հարգելով ինձ` կատարում: Մարդկանց շատ հասարակ եմ վերաբերվում, ամենաաղքատի ու խեղճի կողքին էլ կանգնած եմ: Շատ անապահովներ ունենք, ում օգնում ենք թե՛ բուժման, թե՛ ուսման և թե՛ շատ այլ հարցերում: Միշտ ժողովրդի կողքին եմ եղել: Մեր ժողովուրդն աշխատող, ստեղծող է: Հիմնականում պտուղ ենք աճեցնում: Ես գյուղացու ընկերն եմ և բոլորի հետ էլ ընկերություն եմ անում: Ընկերությունը նաև գրեթե բոլոր համայնքապետերի հետ է: Ում է պետք այն մարդը, ով ընկեր չունի: Ընկերությունը լավ բան է: Երբ ընկերներիդ հետ ես լինում, ապա տրամադրությունդ ինքնաբերաբար բարձրանում է: Ձգտում եմ շատ ընկերներ ունենալ: Նույնը փոխանցել եմ որդուս, ով նույնպես ընկերական մեծ շրջապատի տեր է, հարգված է թե՛ գյուղում, թե՛ տարածաշրջանում…
   Գոգոլ Նիկոլյանը հրաշալի ընտանիք ունի, երկու դուստր, որդի, թոռներ: Լավ հայր է, պապիկ, նվիրված անձնավորություն: Ուզածը մեկն է` ժողովրդի վիճակը լավանա, փոքրիշատե բարվոք կյանքով կարողանա ապրել իր համագյուղացին…    
SHARE