Ժողովուրդն ավելի լավ վերաբերմունքի է արժանի

0
10
Վստահություն

   1996 թվականից Նորայր Հարությունյանը ղեկավարում է Վանևան համայնքը /Գեղարքունիքի մարզ/: Հունիսի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը կրկին առաջադրել է թեկնածությունը, ընդ որում` ժողովրդի առաջարկով:
  -Հիմնականում փախստականներով բնակեցված համայնք է,- ասաց նա:- Բուն Բաքու քաղաքից են եկել` բնականաբար, ժամանակին բնականոն քաղաքային կենցաղով ապրելով: Բռնագաղթվելով, եկել հաստատվել են այս հեռավոր շրջանի պրոբլեմներով հարուստ բնակավայրում: Մենք կարողացանք այս ժողովրդին սատար կանգնել մեր հնարավորությունների չափով և երբևէ տարբերություն չդնելով նրանց և տեղաբնակների միջև: Օգնեցինք, որպեսզի կարողանան հարմարվել և այս հող ու ջրին տեր կանգնել: Նախկին քաղաքաբնակին դա հաջողվեց, հաջողվեց զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ…
    Պարոն Հարությունյանի խոսքերով, գյուղապետի աշխատանքն այսօր այնքան էլ պատվաբեր չէ, մանավանդ որ բնակավայրերը գնալով դատարկվում են: Այս միտումը, փառք Աստծո, իրենց համայնքից հեռու է: Դա էլ, պարզ է, իր հիմնավորումն ու բացատրությունն ունի.

    -Այսօր մեր ամեն ընտանիք 3,2 հեկտար սեփականաշնորհված հողատարածք ունի, 2 հեկտար էլ վարձակալածն է: Այնուհանդերձ, սոցիալապես անապահով ընտանիքներ ունենք, որոնք պետության աջակցության կարիքն ունեն: Բայց այդ աջակցությունն այն չէ, ինչ որ մարդիկ ակնկալում են: Պետությունը տալիս է դիզվառելիք, պարարտանյութ` կանխիկ գումարով: Եթե մարդը գումար չունի, ապա գինն այստեղ այնքան էլ կարևոր չէ: Մենք փորձում ենք այդ հարցերի լուծումն ինչ-որ կերպ գտնել, ինչպես նաև փոքրիշատե լուծում տալ առկա խնդիրներին: Այս պահին համայնքում խմելու ջրի ներքին ցանցի խնդիրն ենք լուծում, <<Գինիշյան>> հիմնադրամի օգնությամբ: 1 կմ ջրագիծ փոխելու համար տրամադրվել է ընդամենը 1 մլն 205 հազար դրամ գումար, որից 5 տոկոսը թողնվել է բնակչությանը` որպես ներդրում: Տվյալ գումարով ձեռք է բերվել միայն 1 կմ պոլիէթիլենային խողովակ և 400 լ վառելանյութ: Մնացած ամեն ինչը լրացրել եմ անձնական միջոցներիս հաշվին` լավ հասկանալով բնակչության վիճակը: Ժողովրդի օգնությունը ֆիզիկական աշխատանքի տեսքով է: 
     Ճիշտ է, ոռոգման ջրի խնդիր չունեն /պոմպերով է մղվում ջուրը/, բայց այն թանկ է <<նստում>> ջրօգտագործողի վրա: Մարզպետի աջակցությամբ գազաֆիկացման ծրագիրն են շարունակելու, մոտ ժամանակներս աշխատանքները կսկսվեն: Մանկապարտեզ չունեն: Միջնակարգ դպրոցը ծառայում է 2 համայնքի` Վանևան և Տորֆավան: Մանկապարտեզի հարցը պետք է լուծվեր 2 համայնքներից մեկի կողմից, բայց բյուջետային միջոցների սղության պատճառով այդպես էլ չլուծված մնաց: Մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ համայնքում ծնելիության տոկոսը բարձր է: Բացի մանկապարտեզի հարցը, օրակարգում են նաև համայնքային կենտրոնի կառուցման, միջհամայնքային ճանապարհների խճապատման խնդիրները: 
      Նորայր Հարությունյանը համոզված է, որ այսքան տարի բնակիչն իր քվեն տալիս է իրեն աշխատասիրության, ժողովրդի մեջ տարբերություն չդնելու, կուսակցություն-կուսակցություն, դիմություն-ընդդիմություն չխաղալու համար.
      -Ապրում ենք մեր համայնքով, մեր կենցաղով, մեկ տան նման: Ժողովրդին վերաբերվում եմ առանց խտրականության, բոլորին հավասար: ՀՀԿ անդամ եմ, և վստահ եմ, որ բնակիչը մեկ անգամ ևս իր քվեն կտա` հանուն կիսատ գործերի, ծրագրերի շարունակականության ապահովման: Միայն կուզենայի, որ մեր երկրի ղեկավարությունը մեր ժողովրդին լավ աչքով նայի: Երկիրն ու պետությունը ժողովրդով են երկիր ու պետություն: Մեր ժողովուրդն էլ լավն է, պատերազմ տեսած, բայց միաժամանակ իր երկիրը չլքող ու հայրենի հողին ամուր կառչած…
SHARE