Ժողովրդագրական աղետ

0
16

     Վերջին 20 տարում Հայաստանում ծնելիության թիվը կտրուկ նվազել է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 1992 թ. ՀՀ-ում ծնվել է 70.581 երեխա, 2000-ին` 34.276, 2010-ին` 44.825, իսկ 2011-ին` ընդամենը 43.340 երեխա: ԱՎԾ տվյալներով, ներկայումս կանայք միջինում ունենում են 1.7 երեխա: Ծնելիության այսքան ցածր ցուցանիշն աղետ է, ժողովրդագրության ճգնաժամի պատճառ: Մեկ տասնամյակ անց մենք, հավանաբար, բանակ գնացող երիտասարդներ չենք ունենալու: Մյուս կողմից, հասարակությունը ծերանում է, առանց այդ էլ մեր գենետիկորեն ծեր ազգի համար սա սոսկալի երևույթ է: Պաշտոնական տվյալներով, 1992-ին ՀՀ բնակչության թիվը հասնում էր 3,5 մլն-ի, այսօր այդ թիվը զգալի նվազել է` հասնելով 3 մլն 275 հազար մարդու: Նույն աղբյուրի վկայակոչմամբ, նկատվում է նաև բնական աճի կտրուկ նվազում: Մեր հանրապետությունում ընտանիքի մոդել կոչվածն աստիճանաբար փոխվում է: Եթե նախկինում հայն ունենում էր միջին հաշվով 3-4 երեխա, ապա այսօր բավարարվում են 1-2 երեխայով: Վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ ծնելիության ցածր ցուցանիշը պայմանավորված է սոցիալական ծանր դրությամբ:
SHARE