Ժողովրդի հետ, ժողովրդին համաքայլ

0
21
Միայն այս դեպքում հաջողությունն ապահովված կլինի…

Սերնդափոխություն

    Առաջիկա կիրակի Արագածոտնի մարզի Օրգովի համայնքապետի ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել Արայիկ Մանուկյանը: Ինչպես տեղեկացանք, նա գործող գյուղապետ Սամվել Մանուկյանի որդին է, ահա թե ինչու նախ զրույցի բռնվեցինք հոր հետ:
  -Արայիկը երիտասարդ է,-ասաց պարոն Մանուկյանը,-ինչն էլ մեծ առավելություն եմ համարում: Կազմակերպչական ունակությունները նրա մեջ ավելի գերակշռող են, այսինքն, աշխատանքների կազմակերպումը շատ լավ է ստացվում: Ահա, ելնելով այս և այլ կարևոր հանգամանքներից, որոշեցինք նրա թեկնածությունն առաջադրել: Ընդ որում, այդ որոշումը միայն իմը չէ` կայացրել ենք ժողովրդի հետ խորհրդակցելուց հետո: Ես և՛ որպես ծնող, և՛ որպես համայնքապետ իմ համաձայնությունը տվել եմ դրան… Արայիկն անհատ ձեռներեց է: Ավարտել է Երևանի առևտրի տեխնիկումը, մասնագիտությամբ մենեջեր է: Գյուղում խնդիրները թեև շատ են, բայց վստահ եմ որդուս ուժերի, հնարավորությունների ու կարողությունների վրա` կկարողանա լուծել դրանք և համայնքը տանել զարգացման ճանապարհով: Նախ, գազաֆիկացման խնդիրը: Նախագիծ-նախահաշիվն արված են, մնում է համապատասխան գումարի հարցը լուծել: Փոքր գյուղ է, հողազուրկ: Բյուջեն` ընդամենը 6,7 մլն դրամ: Ունենք 560 բնակիչ: Գազատար մայրուղին Բյուրականից գալիս է մինչև ֆիզիկայի ինստիտուտ, մնում է լուծել գյուղ հասցնելու խնդիրը: Նախահաշիվը կազմել ենք 2008-ին, ներկայացրել: Խոստացել են, և հավատում եմ` կօգնեն մեզ իրավասու մարմինները: Ներհամայնքային ճանապարհների հարցն է կարևոր` բարեկարգման առաջնահերթ պահանջ է զգացվում: Ինչ վերաբերում է մարզային նշանակության ճանապարհներին, ապա դրանց ասֆալտապատումն ընթացքի մեջ է, քիչ հատված է մնացել: Պետբյուջեից ֆինանսավորում ստանալուց հետո մինչև հոկտեմբեր այդ աշխատանքները կավարտվեն: Չունենք մանկապարտեզ, ինչը երեխաների քիչ թվով է պայմանավորված, բուժկետ: Դպրոց 44 երեխա է հաճախում: Նախորդ տարի 1 առաջին դասարանցի ենք ունեցել, այս տարի 7 ունենք: Բուժկետի խնդիրը պիտի լուծենք: Մշակույթի տուն չունենք: Գյուղապետարանի շենքն այն վիճակում է, որ ավելորդ է խոսել այն վերանորոգելու մասին: Այո, ծանր խնդիրների առաջ ենք կանգնած, բայց դա ինձ չի հուսահատեցնում: Թող որդիս, զգալով այդ ամենի ծանրությունը, կամք ու վճռականություն հանդես բերի և անցնի գործի: Միջոցներ կարելի է գտնել, միայն պիտի լավատես լինել և առանց տրտնջալու գործն առաջ տանել: Մարզպետարանի աջակցությունը կա, ուստի հուսանք, որ ամեն ինչ լավ է լինելու…

    Մեր զրույցը շարունակեցինք գյուղապետի թեկնածուի` Արայիկ Մանուկյանի հետ: Նա իր հերթին ասաց.
   -Իրոք, մեծ ռիսկի եմ գնում: Բայց և չեմ վախենում, քանի որ ծանոթ եմ հայրիկի գործունեությանը, կամա թե ակամա, առնչվել եմ նրա աշխատանքին: Շատ գործեր են արվել, ինչը ժողովրդի աչքի առաջ է` ոռոգման ջուր և այլն: Կանգնած եմ եղել հորս կողքին և հնարավորություններիս սահմաններում թեթևացրել համայնքի ղեկավարի նրա բեռը: Արել ենք համայնքի համար այն ամենը, ինչ հնարավոր էր: Ժողովուրդը տեսել է իմ աշխատանքը, զգացել ունակություններս և, անկասկած, հավատում է, որ կարող եմ ավելին անել գյուղի համար: Հորս փորձն, անշուշտ, ինձ շատ կօգնի առավել արդյունավետ ծավալելու հետագա գործունեությունս: Առաջնորդվում եմ ծնողիս խորհուրդներով, ինչն ինձ ավելի է օգնում ու ոգևորում: Ընկերներս նույնպես կանգնած են կողքիս, և նրանց հորդորը ևս դեր խաղացել է առաջադրմանս հարցում: Հավատացած եմ, ընկերական շրջապատս նույնպես մեծապես կաջակցի ինձ, որպեսզի գործերն առավել բարեհաջող առաջ տանեմ: Համատեղ ուժերով կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն խնդիրները, որոնք այսօր մտահոգում են մեր գյուղացուն: Ես ինձ մենակ չեմ զգացել երբևէ և այսուհետև առավել ևս չեմ զգա: Ծրագրերը միասին կիրականացնենք` համախմբված ու միասնական: Ինչպես մի թիմ…Կստեղծենք ու կկառուցենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է մեր համայնքի բնակչությանը: Միասին ենք աշխատելու` փոխադարձ վստահության մթնոլորտում: Ինչպես նշեցի, ընկերական մեծ շրջապատ ունեմ, որն, առհասարակ, մարդու ապրելակերպի, մարդկային փոխհարաբերությունների ձևավորման ու մոտեցման արդյունք է: Ընկերություն ասածը ոչ այնքան խոսքերի, գեղեցիկ բառերի կարիք ունի, որքան հոգու նվիրվածության` դրանով, պարզապես, պիտի ապրես: Լավատես եմ, վստահ` ամեն ինչ մեր ժողովրդի սրտով ու ցանկությամբ է լինելու…
     Գյուղապետ հայրը, ընդմիջելով որդուն, նշեց, որ ընկերական շրջապատն, իրոք, մեծ նշանակություն ու կարևորություն ունի, բայց ամենակարևորն, ի վերջո, ժողովրդի հետ լինելն ու նրան ծառայելն է.
  -Պիտի առաջնորդվել ժողովրդի խոսքով ու կամքով: Ժողովրդից առաջ ընկնել պետք չէ: Ժողովուրդն է ամեն ինչի դերակատարը: Պիտի կարողանալ ժողովրդին համաքայլ ընթանալ: Առանց ժողովրդի հաջողության հասնելու մասին խոսելն ավելորդ է: Հաշվի առար ժողովրդի կարծիքը, նրան գնահատեցիր ու լսեցիր, ուրեմն հաջողություն կունենաս: Ինքը պիտի քայլի  ժողովրդի հետ, ոչ թե հակառակը… Ես 1980-ից ժողովրդի հետ եմ` բրիգադավար եմ աշխատել, ֆերմայի վարիչ, գյուղապետ եմ ընտվել: Լավ եմ ճանաչում մարդկանց և իմ ամեն քայլում լսել եմ ժողովրդի խոսքն ու կարծիքը: Մարդը հոգս ու ցավ ունի, դիմում է քեզ, պիտի կարողանաս նրան բավարարել, հանկարծ`չնեղացնել: Եթե չես էլ կարողանա օգնել, ապա այնպիսի վերաբերմունք, մոտեցում պիտի դրսևորես, որ մարդը գոհ հեռանա, իրեն հուսահատված չզգա: Համբերատարություն, դիմացինին լսելու, հասկանալու կարողություն, մեծահոգություն ու պատասխանատվություն` ահա այն կարևոր հատկանիշները, որոնցով պետք է առանձնանա ղեկավարը: Մարդկանց չպիտի տարբերես իրարից, չթերագնահատես մրցակցիդ: Ընտրությունները ժամանակավոր երևույթ են, կյանքը շարունակվելու է, ուստի շատ արագ պիտի բնականոն հուն վերադառնալ: Ավելին, ամեն ընտրությունից հետո պիտի առավել բարձրանա համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը, եղած լարվածությունն ու թշնամանքը շատ արագ տեղի տան: Ամենամեծ ցանկությունս է, որ պահպանելով ամեն լավն ու դրականը` ժամանակի հետ ավելացնենք ու բազմապատկենք այն: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի: Մեր ազգն ի վիճակի է նոր բարձունքներ նվաճել ու պահպանել իր արժեհամակարգը…
SHARE