Ժողովրդի հետ, ժողովրդի հոգսերով…

0
17

Լավատեսություն
  Արարատի մարզի Նիզամի համայնքում վերջերս ավարտված ՀՀ նախագահի ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանն ստացավ ընտրողների 70 տոկոսի քվեն: Սա, բնականաբար, վկայում է այն մասին, որ տեղի բնակիչների բացարձակ մեծամասնությունը վստահում է իշխող կուսակցությանը և իր ապագան կապում է նրա կողմից վարվող քաղաքականության իրականացման հետ: Այդ վստահությունն, ինչ խոսք, բավարար հիմք ունի, քանզի համայնքում կատարված գործերի առյուծի բաժինը Ս. Սարգսյանի ղեկավարման օրոք է կյանքի կոչվել: Մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ իր հերթին մեծ լումա է ունեցել այդ գործում: 
   Նշելով այս մասին, Նիզամիի համայնքապետ Արտավազդ Դունոյանը միաժամանակ հավելեց, որ գյուղն ամբողջությամբ գազաֆիկացվել է, փողոցների 70 տոկոսը խճապատված է: Մարզպետի հետ համաձայնության արդյունքում Մասիս քաղաքից մինչև Նիզամի ջրատար խողովակաշար կանցկացվի, և 2 ամսից գյուղը աղբյուրի խմելու ջուր կունենա: Այդ աշխատանքների ավարտից հետո կասֆալտապատվի համայնքի կենտրոնական ճանապարհահատվածը: Ճանապարհի մի մասն ասֆալտապատվել է նախանցյալ տարի: Տվյալ աշխատանքները կյանքի են կոչվել պետբյուջեից արված հատկացումների միջոցով: 2012-ին հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել մանկապարտեզը` ապահովվելով անհրաժեշտ գույքով: Անմխիթար վիճակում է մշակույթի տան շենքը, ինչի լուծման նպատակով ակնկալում են մարզպետի գործուն աջակցությունը: Լուծված է գյուղի լուսավորման խնդիրը, չնայած այդ ցանցը նորացման անհրաժեշտություն ունի: Ներկայումս ամենացավոտ խնդիրը ոռոգման ջրի հետ է կապված: Ոռոգման շրջանում համայնքի ղեկավարի աշխատավայրը <<տեղափոխվում>> է դաշտեր ու այգիներ: Անգամ մարզպետն է միջամտում այս հարցում, օգնում ջրամատակարարման ապահովման փոքրիշատե բարելավմանը: Մարզպետ Էդիկ Բարսեղյանն, առհասարակ, ամեն հարցում գյուղացու կողքին է: Խստապահանջ է գյուղապետերի գործունեության նկատմամբ, միաժամանակ պատրաստակամ` օրվա ցանկացած ժամի լսելու, աջակցելու, լուծում տալու կնճռոտ ու ցավոտ խնդիրներին: Մարդկանց սպասեցնել չի տա երբեք, կընդունի, կընդառաջի և այսօրվա գործը վաղվան չի հետաձգի: Աշխատանքային կարգապահությունը մարզում բարձր մակարդակի վրա է:

   -Պարոն Բարսեղյանը,- նշեց համայնքապետը,- բոլոր գյուղապետերի կողքին է ցանկացած խնդիր առաջանալիս: Անկեղծ ասած, առանց նրա աջակցության ոչնչի չենք կարողանա հասնել: Շատ սրտացավ է, համայնքի դարդ ու ցավը հավասարապես կիսող: Անհնար է, որ ցանկացած բարձրացրած հարց լուծում չստանա: Մեզ ընկեր չէ, բայց բոլորիս ընկերաբար է վերաբերվում: Գործնական է, անմիջական, շիտակ: Պատահական չէ, որ բոլորիս կողմից հարգված ու ընդունված ղեկավար է: Իրոք, ժողովրդի հետ է, ժողովրդի կողքին` պարբերաբար այցելում է համայնքներ, մարդկանց հանդիպում, համբերատար լսում բարձրացված հարցերի մասին: Անձնական օրինակով բոլորիս մղում է արդյունավետ ու ազգանպաստ գործունեության: Համեստ է, բարի, հրաշալի անձնավորություն…
   <<Երբ տեսնում ես դիմացինդ սուզվում է, ոտքով չպետք է խփես: Պետք է ձեռք մեկնես>>. այս կարգախոսն ունի և սրանով է առաջնորդվում Արտավազդ Դունոյանը: Ունեցածից բաժին է հանում շրջապատի մարդկանց, օգնում հնարավոր ամեն ինչով: Համագյուղացիների կողքին է ցանկացած պահի: Բավական է ասել, որ գյուղում 320 ընտանիքի քավոր է: Լավ գիտի բոլորին, բոլորին ընկեր է ու բարեկամ: Հաշվի է նստում համայնքի բնակիչների հետ, խորհրդակցում ավագների հետ, անմիջականորեն տեղեկանում գյուղի ամենօրյա իրավիճակին: Նեցուկ է հողի աշխատավորին, այգեգործին: Համեստ է, հասարակ, ժողովրդի հետ: Նրա հայրը` Ռազմիկ Դունոյանը, 1988-2006 թթ. ղեկավարել է համայնքը, և նրանից շատ բան է սովորել ու ժառանգել որդին: 
    Գյուղապետի ամենամեծ հոգսը համայնքը ոռոգման ջրով ապահովելն է: Այդ նպատակով ձեռնարկվող միջոցառումները, հուսով է, մոտ ապագայում կտան իրենց ցանկալի արդյունքը: Ընկերության հարցին անդրադառնալիս մեր զրուցակիցը կարևորեց, որ այն իր կյանքում առաջնահերթ տեղ ու դեր ունի: Ըստ նրա, ամեն մարդու հետ չես կարող ընկերություն անել: Ընկերը նա է, ով բարի է, պարտաճանաչ, բարեխիղճ: Ընկերներ շատ ունի թե՛ իշխանական ոլորտում, թե՛ հասարակ մարդկանց շրջապատում: Ունի երեք մտերիմ ընկեր, որ եղբոր պես են: Ընկերական հարաբերություններ կան նաև համայնքների ղեկավարների հետ, հատկապես` նրանց, ովքեր աշխատանքային մեծ փորձառություն ունեն /Նորաբաց, Զորակ և այլն/: Նաև սովորելու շատ բան ունի` այն նպատակաուղղվածությամբ, որ այդ ամենը ծառայեցնի համայնքի հետագա առաջընթացին ու զարգացմանը…   
SHARE