«Իմ ժողովրդի համար արել եմ ամեն հնարավորը»

0
28
Վստահություն

   Սարգիս Գալստյանը Նորամարգ համայնքը ղեկավարում է 1991 թվականից և մարտի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել է իր թեկնածությունը:
  -Այս տարիների ընթացքում,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Գալստյանը,- բազում ծրագրեր ենք իրականացրել: Գյուղն ադրբեջանաբնակ է եղել, 1988-90 թթ. վերաբնակեցվել է բռնագաղթվածներով: Խմելու ջրի ջրագիծ ենք անցկացրել: Վերջին 4 տարիներին բնական գազը մուտք է գործել գյուղ, և այսօր մոտ 20 տոկոսի հասնող գազաֆիկացում ունենք: Շատ մեծ գումարներ ենք ծախսել ճանապարհների վրա, բայց անիմաստ, քանի որ նորը չենք կառուցել, միշտ վերանորոգում ենք իրականացրել, և այսօր արդեն իսկ դրանք վերանորոգման էլ ենթակա չեն: Համայնքի բյուջեով 4-5 արտեզյան շատրվանող հոր ենք հորատել: 3-4 կմ ոռոգման ցանց ենք անցկացրել: Օգնել ենք սոցիալապես անապահով ընտանիքներին` տարեկան 1 մլն  200 հազար դրամից ավելի աջակցություն ենք ցուցաբերում: Օրենքով սահմանված մեր պարտականությունները հիմնականում կատարել ենք: Այնպես ենք արել, որ գյուղում գրեթե ազատ աշխատուժ էլ չկա, բոլորը զբաղված են, ընդգրկված են ձկնաբուծության ոլորտում: Մեր գյուղը շատրվանային գոտում է, դեռևս 1990-ականներին կառուցվեցին ձկնաբուծական տնտեսություններ: Սակայն վարձատրությունն այնքան էլ գոհացնող չէ: Ծրագրեր, բնական է, ունենք, որոնք պետք է իրականացնենք: Գոնե գյուղի կենտրոնական ճանապարհը կարողանանք կառուցել: Հովանավորներ կան, խոստացել են օգնել մեզ այդ հարցում: Ոռոգման նոր ցանց պետք կառուցվի` մոտ 5 կմ չափով: Մնում է որոշակիացվի ժամկետը: Մեր ծրագրերից է նաև ավարտել բնակավայրի գազաֆիկացումը: Չնայած պիտի ասել, որ մարդիկ այսօր խուսափում են գազ օգտագործելուց, ինչի դեպքում գազաֆիկացումն, ասես, ինքնանպատակ է դառնում: Այդ աշխատանքը կազմելու է մոտ 180 մլն դրամ, այնպես որ, հարցականի տակ է` կվերականգնվի՞ այդ ծախսը, մարդիկ ի վիճակի կլինե՞ն օգտվելու դրանից: Մոտ 15 ընտանիք այսօր բնական գազ ունի, բայց չի օգտվում` գերադասելով աթարը կամ վառելափայտը…

  Մանկապարտեզը գործող է` 2 խումբ: Դպրոցը շուրջ 270 աշակերտ ունի: Հարևան գյուղերի հետ համեմատած, այստեղ ծնելիությունը բարձր է. <<Այսօր մանկապարտեզում ունենք 55 երեխա, որ 4-6 տարեկան են: Ցածր տարիքի երեխաներ էլ ունենք, որ հերթագրված են, բայց մանկապարտեզում տեղ չկա: Նոր շենք պետք է կառուցվի, ինչի հնարավորությունը գյուղապետարանը չունի: 2500 բնակիչ ունենք, մեր վարչական տարածքը հասնում է մոտ 1800 հեկտարի: Ճիշտ է, տարածքը մեծ է, բայց հողերը բերրի չեն, հիմնականում` աղակալած կամ կիսաաղակալած: Քանի որ այժմ աղազերծում չի կատարվում, ուստի գնալով այդ վտանգը մեծանում է: Այս պայմաններում բնակիչները գերադասում են զբաղվել անասնապահությամբ, մշակում են խոտաբույսեր, կերային կուլտուրաներ…>>:
  -Այսօրվա դժվարին պայմաններում ինչպե՞ս եք կարողացել <<լեզու գտնել>> գյուղացու հետ և հիմա էլ համոզված եք, որ նա իր ձայնը Ձեզ է տալու:
  -Նշեմ, որ ես այստեղ ոչ թե 1991-ից եմ աշխատում, այլ դեռևս 1981-ից: Այն ժամանակ աշխատել եմ սովխոզի գյուղատնտես, ապա` տնօրեն, այնպես որ, կարելի է ասել,  հիմնադիրներից առաջինն եմ: Բոլորի հետ աշխատել եմ, բոլորին օգնել եմ: Մասնագիտությամբ գյուղատնտես լինելով, շատ հարցերում եմ օգտակար եղել մեր բնակիչներին, հասել եմ նրանց ցանկացած պահի: Ահա այսպես մերվելով իրար`  դարձել ենք մի ընտանիքի պես: Գյուղում չկա այդպիսի ընտանիք կամ մարդ, ում օգնած չլինեմ, որևէ լավություն արած չլինեմ: Դրա արդյունքում է, որ երբևէ գրեթե լուրջ հակառակորդ չեմ ունեցել: Այսօր էլ չունեմ: Թեկնածուն երիտասարդ է, առանց կյանքի փորձի, ուղղակի, կարելի է ասել, փորձում է: Հույս ունեմ, որ ժողովուրդը երբեք ինձ չի դավաճանի: Բոլորի հետ ընկեր եմ, հավասար` փոքր լինի, թե մեծահասակ: Մարդկանց հետ շփումս երբևէ պաշտոնական չի եղել, պարզ, հասարակ լեզվով, վերաբերմունքով ենք միմյանց հետ: Մեր փոխհարաբերություններն ընկերական են: Մեր երկրին, տա Աստված, խաղաղությունն իշխի, և մեր իշխանությունները հնարավորություն ունենան մի քիչ էլ մեր գյուղին <<լավ աչքով>> նայել: Մեր ժողովրդի վիճակը լավանա, բարեկեցիկ ու ապահով կյանքով ապրի: Ժողովրդի մեջ արարելու ձգտումը միշտ էլ կա, միայն թե փոքր-ինչ հնարավորություն տրվի: Մաքառում, տանջվում է, բայց այդպես էլ սպասված արդյունքը չի ստանում, ինչն էլ նրան հիասթափեցնում է…  
SHARE