Ինչի է վերածվում մարդը

0
28

Երբ նրա մեջ սպանում են հոգևոր ու բարոյական արժեքները…

Ուր է գլորվում աշխարհը, ուր կտանի մարդկությանը նրա խելահեղ, անկանխատեսելի ընթացքը… Այլ բան չես էլ կարող մտածել` նայելով մերօրյա իրադարձություններին, մասնավորապես` ռազմական գործողություններին, ծայրահեղականությանն ու ահաբեկչություններին, մարդկային ձգտումներին ու իշխող արժեքներին: Փոխվել, գլխիվայր շուռ են եկել մարդկային արժեքներն ու չափորոշիչները, և դժվար է ասել, թե այսօր իրականում ի՞նչն է կառավարում աշխարհը…
Պատերազմները միշտ էլ եղել են և հիմա էլ շարունակվում են, միայն թե փոխվել են դրանց ձևերը: Դա բնական է, քանի որ մարդկային կյանքի ու տեխնոլոգիաների զարգացման հետ ամեն ինչն է վերափոխվում: Նախկինում նետ ու աղեղով են մարդիկ պատերազմել, հետո գործի դրվեցին զրահամեքենաները, հետո` օդուժը, ատոմային ռումբը: Սակայն այժմ օդուժն էլ, ատոմային ռումբն էլ երկրորդական պլան են մղվել: Առաջնայինը դարձել է տնտեսական պայքարը, որի էությունը ֆինանսական լծակների միջոցով մարդկանց գիտակցությունը փոխելն է, նրանց անհրաժեշտ ճանապարհով ուղղորդելը: Այն ճանապարհով, որն արտացոլում է անդրազգային ընկերությունների, համաշխարհային ֆինանսական կենտրոնների հետաքրքրություններն ու շահագրգռությունները:
Եթե առաջ զավթում էին հողերը, ապա այժմ զավթում են մարդկանց գիտակցությունը, և փաստորեն գիտակցության դեմ հաղթանակը հնարավորություն է տալիս առանց պատերազմների տիրել նաև ուրիշների հողերը: Թվում է, հիմա պայքարն ավելի մարդասիրական է, հարյուրհազարավոր մարդկանց այդ կռվում չեն սպանում, ավերածություններ չեն լինում…
Ֆիզիկապես, այո՛, չեն սպանում, բայց սպանում են այդ մարդկանց մեջ գոյություն ունեցող բարոյական, հոգևոր արժեքները` նրանց մեջ թողնելով միայն կենդանական բնազդները: Դա նույնպես յուրօրինակ սպանություն է` սպանել մարդու մեջ նրա բոլոր մարդկային ձգտումները և հավասարեցնել կենդանուն: Մարդկանց մեջ միայն մեկ ձգտում է մնում` սպառելու ձգտումը: Իսկ սպառումը ֆինանսական դրամագլուխը բազմապատկելու լավագույն միջոցն է: Որքան շատ է մարդկությունը սպառում, այնքան շատանում են ֆինանսները, կառավարողների շահույթները, ազդեցիկությունը և, վերջապես, աշխարհը ղեկավարելու հնարավորությունները…
Մինչդեռ մարդը ծնվել է երջանիկ լինելու համար, երջանկություն, որ հասանելի է դառնում նրան հոգևոր ու բարոյական արժեքներին դավանելու միջոցով: Համենայնդեպս, այդպես են մեզ ժամանակին սովորեցրել: Բայց հիմա մարդկանց պատկերացումներում երջանկության աղբյուրը փողն է, նյութականը: Ինչպե՞ս վարվել…
Փողի գաղափարով ապրողը բոլորովին այլ կերպ է դատում: Ասենք, կենդանական աշխարհում գայլը և շունն այլ գաղափարներով, հասկացություններով են առաջ շարժվում: Շան նպատակն է հավատարիմ լինել իր տիրոջը, պաշտպանել նրան, իսկ գայլը մտածում է` ինչպես հոշոտել իրենից թույլին: Ահա, այդ մարդկանց մեջ գայլային բնազդներ են, նրանք մարդկային այլ <<ցեղատեսակ>> են` գիշատիչներ, որոնք ապրում են նյութական հետաքրքրություններով:
Հատկանշական է, որ մեծահարուստների մեջ գրեթե չկան բարձրագույն կրթություն ունեցող և, ընդհանրապես, կրթական բարձր մակարդակով առանձնացող մարդիկ: Կրթությունը մարդու մեջ որոշակի բարոյական, հոգևոր արժեքներ է սերմանում, և հետագայում նրանք զբաղվում են գիտությամբ, մշակույթով, արվեստով: Իսկ դա մարդու մեջ սպանում է գիշատչական ձգտումները: Հանրահայտ է, որ արվեստը, գիտությունը նախամարդուն վերածել են քաղաքակիրթ մարդու: Հիմա, ցավոք, հակառակ գործընթաց է սկսվել, ընդ որում` համաշխարհային մակարդակով: Եվ միտումն այն է, որ ողջ մարդկությանը սերմանվեն գիշատչական հատկություններ…

SHARE