Ինչո՞ւ է անշահախնդիր ընկերությունը դարձել բացառություն

0
25

Meline Yavryan

Երբեմն-երբեմն հարց է առաջանում՝ արդյոք այժմ գոյություն ունի՞ իրական ընկերություն և արդյոք ընկերները իսկապես ներկայացնո՞ւմ են այն արժեքը, որը որ պետք է… Տարիներ առաջ, դեռ երբ մեր ծնողներն էին ուսանողներ, ընկերություն ասվածը լիովին այլ հասկացություն է եղել, մինչդեռ հիմա արժեզրկման եզրին է: Անկեղծ ընկերության վառ ապացույցը այն է, որ մինչ օրս նրանք կապ են պաշտպանում միմյանց հետ և բավականին ջերմ հարաբերություններ են ստեղծված ընտանիքների միջև: Սակայն նույնը չեմ կարող ասել այսօրվա ընկերության և առհասարակ մարդկային փոխհարաբերությունների մասին: Մարդիկ ոչ միայն չարացել են միմյանց հանդեպ, այլ նաև պատրաստ են ամենաաներևակայելի և ծայրահեղ քայլերի դիմել, որպեսզի իրենց «ընկերներ» կոչվածներն իրենցից կախում ունենան, իրենցից մեկ քայլ առաջ չկարողանան գնալ և ավելին` ոչ մի դեպքում առանց իրենց թույլտվության քայլեր չանեն, քանի որ կարող է որևէ հաջողություն գրանցեն, և նրանք անմասն մնան վատաբանելուց: Իհարկե, կան նաև այլ տիպի ընկերներ, և դուք բնականաբար այժմ կարծում եք, թե միայն այս տիպին եմ բախտ ունեցել հանդիպել, սակայն ես ուզում եմ խոսել նրա մասին, որ այսօր կա «անշահախնդիր ընկերություն» ասվածի մեծ պակաս, և կեղծ հարաբերությունները գնալով ավելի և ավելի են ներխուժում մեր առօրյա: Կան շատ լավ մարդիկ, ովքեր ընկերություն ասվածը ճիշտ են ընկալում` համարժեք իր նշանակությանը, բայց կա նաև մեծամասնություն, որ բացարձակ հեռու է կանգնած դրանից և ցանկություն էլ չունի փորձելու իրեն այլ դերում` «իսկական ընկերոջ»: Խաբեությունը այժմ առկա է բոլոր ոլորտներում, սակայն, կարելի է անմասն թողնել մարդկային նուրբ փոխհարաբերությունները, ինչի վրա և կառուցվում է մեր կյանքը: Եթե այսօր դուք շարունակում եք խաբել ձեր թվացյալ «ընկերներին», ապա իմացեք, որ տարիներ անց դուք ունենալու եք – ՈՉԻՆՉ, մեծագույն դատարկություն և եթե անգամ ընտանիք կազմեք, նույնպես լինելու եք ճնշված այն մտքից, որ ձեր երկրորդ կեսը ունի ընկերներ, որոնց համար պատրաստ է ամեն հնարավոր և անհնարին քայլերի, իսկ դուք անգամ սրճարանում մեկ բաժակ սուրճն եք միայնակ ըմպում: Յուրաքանչյուր կեղծիք վաղ թե ուշ բացահայտվում է, և մի փորձեք արդարանալ արդեն ձեզ համար օտարացած «ընկերների» մոտ, քանի որ դա նրանց ցավ կպատճառի, եթե, իհարկե, ձեզ պես կեղծ և անմխիթար ներաշխարհի տեր մարդիկ չեն: Եվ ի վերջո որքան անհետաքրքիր կդառնա կյանքը, եթե չլինեն կողքիդ այնպիսի մարդիկ, ովքեր հաջողություններդ կկիսեն, իսկ դժվարությունները կփորձեն հաղթահարել քեզ հետ: Դա է իրական ընկերությունը: Իրեն լիարժեք համարող մարդը, բացի լավ և ամուր ընտանիքից, պետք է ունենա նաև ցանկալի և հավատարիմ ընկերներ: Եղեք անկեղծ և վաղ թե ուշ դուք կգտնեք ձեր համախոհներին:

Նյութի աղբյուրը՝ Blognews.am

SHARE