Ինչպես ընկեր ու հարազատ

0
506

Փոխըմբռնում

Համայնքի բնակիչներից յուրաքանչյուրի համար

Գնել Մաթևոսյանն Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքը ղեկավարում է 2015 թ. հունիսից: Դա այն ժամանակահատվածն էր, երբ կարկուտը մեծապես վնասեց մարզի գյուղացիական տնտեսություններին: Մասնավորապես, Աղավնատան վնասը 100 տոկոս կազմեց: Դժվար չէ պատկերացնել մարդկանց անմխիթար վիճակը: Խոստացված փոխհատուցման հարցը մինչև օրս լուծված չէ: Գյուղացին, պարզ է, հարկերը չկարողացավ տալ:

-Դժվարություններ շատ կան,- ընդգծեց պարոն Մաթևոսյանը:- Այնուհանդերձ, ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր գյուղացին դուրս գա այս վիճակից: Ամեն հնարավորություն, ամեն ջանք գործադրում ենք իրագործելու մեր ծրագրերը, բարելավելու մարդկանց վիճակը, լուծելու առօրյա խնդիրները: Արված գործերն այդ մասին են վկայում: 250 մ մայթ է կառուցվել, 250 եղևնի տնկվել: Բարեկարգվել է գյուղապետարանի դիմացի տարածքը: Էլէներգիայի հենասյուներն են կարգավորվել, միաժամանակ խնայողական լամպեր են /60 հատ/ տեղադրվել: Փողոցներ են բարեկարգվել և այլն:

Համայնքապետի տեղեկացմամբ, իրենց ամենակարևոր ու առաջնային խնդիրները ճանապարհների բարեկարգման, փողոցների լուսավորության ցանցի ընդլայնման, ինչպես նաև մանկապարտեզի շենքի կառուցման հետ են կապված: Առայժմ միայն նախակրթարանն է գործում: Համայնքի ղեկավարի ջանքերը հիմնականում նպատակաուղղված են այն բանին, որպեսզի մարդկանց գործունեության համար փոքրիշատե բարվոք պայմաններ ապահովվեն, գյուղացին ի վիճակի լինի իր հողը մշակել և բավարար եկամուտ ստանալ: 3650 բնակիչ ունեցող Աղավնատունն առավել հայտնի է թարխունի մշակությամբ:

Գնել Մաթևոսյանը խոստովանեց, որ աշխատավայրում համեմատաբար քիչ է լինում` գերադասելով մարդկանց հետ անմիջական շփումն ու գյուղամիջյան հանդիպումները: Այդպես ավելի քաջատեղյակ է դառնում բնակիչների հոգսերին, հենց տեղում կարգավորում առաջացող խնդիրները: Բնակիչներից բոլորին էլ իրեն ընկեր ու հարազատ է համարում: Համայնքում փոխադարձ հարգանքի, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ է տիրում:

Աղավնատան եկեղեցին կառուցվել է Վահան Ավագյանի բարերարությամբ: Բարերարը հոգում է նաև գյուղի ուսանողների տրանսպորտային ծախսերը, շատ այլ հարցերում է իր օժանդակությունը ցուցաբերում: Հովանավորում է պարի խմբերի գործունեությունը և շատ առումներով է կանգնած գյուղացու կողքին: Բացի նրանից, էլի կան համայնքի հոգսերով ապրող, գյուղացուն օգնելու պատրաստակամ մարդիկ, որ սատար են կանգնում գյուղի զարգացման ծրագրերի բարեհաջող իրականացմանը:

Պարոն Մաթևոսյանը ցավով տեղեկացրեց, որ բնակիչների բացարձակ մեծամասնությունը վարկեր ունի տարբեր բանկերում, ինչի բեռան տակ կքած` այդպես էլ չի կարողանում <<աչք բացել>>: Բնական տարերային աղետներից ավելի է ծանրանում գյուղացու, հողագործի վիճակը: Համենայնդեպս, համայնքի ղեկավարի հավաստիացմամբ, լավատեսորեն են տրամադրված և լիահույս են, որ այդ դժվարությունները ժամանակավոր են, որ գալու են լավ ու բարի ժամանակներ…

 

SHARE