Ինչպես մի մեծ, համերաշխ ընտանիք

0
38
Արմատական տեղաշարժ, որից միմիայն շահել ու շարունակում են օգտվել նաև աշխատավոր, հասարակ մարդիկ…
Համախմբում
  Տավուշի մարզ այցելության առաջին կանգառն Ազատամուտում էր, առաջին հանդիպումը` կանաչ ծխախոտի ընդունման կետի աշխատողների հետ: Նրանց հանգիստ դեմքերին գոհունակություն կարդացի, և առանց մեր հարցերի էլ պատասխաններն, ասես, պարզ ու հասկանալի էին: 
  Ընդունման կետի պատասխանատու Վահան Ավետյանն ասաց. <<Ծնողներս զբաղվել են ծխախոտ մշակելով, և ես տեսել եմ, թե ինչ ծանր աշխատանք է այն: Այսօր լրիվ ուրիշ է: Անհամեմատ հեշտացվել են մշակության  աշխատանքները, նախկինի ու ներկայի միջև, ինչպես ասում են, սար ու ձորի տարբերություն կա: Կարելի է ասել, որ առաջ բոլոր աշխատանքները գյուղացու ուսերին էին: Միայն աճեցնելով, մշակելով չէիր պրծնում. քաղելուց հետո հատ-հատ շարում էիր թելերին, շարանները կախում տանիքներին կամ նկուղներում` չորանալու: Ապա շարանները հանում էիր արևի տակ, հավանգ անում: Սպասում էիր մառախուղ լինելուն կամ գոլորշի էիր տալիս, որպեսզի խոնավանա: Չորացնելուց հետո հակավորում էիր և տանում հանձնելու: Այս ամենը գրեթե 2 ամսվա չարչարանք էր: Անցանկալի դեպքերի ու պայմանների մասին էլ չեմ ասում` քամի և այլն, երբ տուժում էր որակը: Այդ դեպքում արդեն քեզ քո չարչարանքից բացի այլ բան չէր մնում: Մի խոսքով, և՛ շատ աշխատատար էր, և՛ ռիսկն էր մեծ, և՛ եկամուտն` անկանխատեսելի: Այսօր գյուղացու ձեռքի աշխատանքը գրեթե 10 անգամ կրճատվել է, ծխախոտի հին տեսակները փոխարինվել են նորերով: Կարող եմ ասել` հեղափոխություն է կատարվել այս ոլորտում, քանի որ գործ ունենք մշակության նոր եղանակների, նոր տեխնոլոգիաների կիրառման և, ընդհանրապես, բոլորովին նոր, սկզբունքային մոտեցումների հետ: Զարգացման տեմպերն ուղղակի ապշեցուցիչ են: Մեր ընդունման տարածքն ընդգրկում է Իջևանի տարածաշրջանի գյուղերը: Մեկ հեկտարից ստացվում է մոտ 25 տոննա: Ընդունում ենք այստեղ գյուղացու աճեցրածը` կանաչ զանգվածի տեսքով, չորացնում խցիկներում և տեսակավորելուց հետո ուղարկում <<Մասիս Տոբակո>>: Որակի պահպանումը մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է: Մարդիկ այսօր աշխատանք ունեն և բավարար եկամուտ են ստանում այդ աշխատանքից: Միայն մեր տեղամասում աշխատում է 50 մարդ: Մենք էլ ենք հպարտանում, երբ  արտասահմանցի մասնագետները, տեսնելով մեր ծխախոտը, գոհունակությամբ նշում են` հենց իրենց ուզածն է, որ կա… Ծխախոտագործ գյուղացու նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը բազմակողմանի են, չեն անտեսվում անգամ մանրուք թվացող հարցերը: Իսկ ամենակարևորը մարդկային վերաբերմունքն է, մոտեցումը, որը  մարդկանց ոգեշնչում և տրամադրում է նվիրված ու բարեխիղճ  աշխատանքի: Վարդանյանները բոլորին վերաբերվում են` ինչպես իրենց մեծ ընտանիքի անդամների: Կարծում եմ, նրանց ամենամեծ ձեռքբերումը հենց դա է` հասարակ, աշխատավոր մարդկանց սերը, հարգանքն ու վստահությունը…>>:
   Հաճելի ու անկեղծ զրույցը շարունակվում է տեղամասում աշխատողների հետ: Մարդիկ իրենց լավ են զգում, որ Վարդանյանների պես հարազատ ու մեծ բարեկամ ունեն: Վստահ են, ինչում քանի՜ցս են համոզվել, որ ցանկացած իրավիճակում իրենց կողքին կանգնող, իրենց սատարող կա: Ահա դա էլ իր հերթին մարդկանց համախմբել և, կամա թե ակամա, նրանց աշխատանքային կոլեկտիվի անդամից վերածել մի մեծ ու համերաշխ ընտանիքի, գերդաստանի լիիրավ անդամների: Մեր զրուցակիցների խոսքերով, չկա մարդ, ընտանիք, ում Վարդանյանները որևէ լավություն արած չլինեն: Տոներն ու  հանդիսություններն առանց նրանց էական մասնակցության չեն անցնում, ասենք, դա արդեն դժվար էլ է պատկերացնել:
   Տեղամասի բանվորուհի Անահիտը գոհունակությամբ նշեց իրենց` աշխատանքով ապահովված լինելու կարևոր հանգամանքը: Այստեղ աշխատելուց բացի, զբաղված են լինում նաև ջերմոցներում սածիլի աճեցմամբ: Այս ոլորտում նոր մարդ չէ` գիտի, թե ինչպես էր նախկինում, ինչպես է այսօր, ինչպիսի ճանապարհ են անցել: Իրենց ճյուղի  առաջընթացում մեծապես գնահատում է Միքայել Վարդանյանի ծանրակշիռ ներդրումը: Ծխախոտը նուրբ բույս է, դրա մշակությունը ճիշտ մոտեցում, հոգատար խնամք է պահանջում: Լավ է, որ փորձառու ծխախոտագործների կողքին այսօր երիտասարդները կան. <<Վարդանյաններն ամեն հնարավորություն ստեղծել են, որպեսզի մենք լավագույնս զբաղվենք ծխախոտի մշակությամբ: Այն մեր մարզի բնակլիմայական պայմաններում բարձր եկամուտ ապահովող ճյուղերից մեկն է: Պիտի նշեմ, որ մեր նկատմամբ հոգատարությունը նաև աշխատանքից դուրս է: Բոլոր առումներով: Ինձ, օրինակ, օգնել են բուժման հարցում…>>:
SHARE