Ինչպես մի մեծ տուն, ընտանիք

0
34

Որտեղ ամենափոքր խնդիրն անգամ առանձնահատուկ ուշադրության է արժանանում և ժամանակին գտնում իր լուծումը…

Նորք-Մարաշ 

 

watermarked_Norq Marash Haykaz Hakobyan

   -Պետությունն այսօր գումար է հատկացնում,- մեզ հետ զրույցում ասաց Նորք-Մարաշ  վարչական շրջանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և բնակշահագործման բաժնի պետ Հայկազ Հակոբյանը,– որպեսզի այն ծառայեցնես երկրի ու ժողովրդի համար, հանուն նրանց հզորացման ու բարօրության: Թաղապետարանի հիմնադրման օրվանից աշխատում եմ, և եթե հետ գնանք, ապա պիտի հիշենք, որ Նորք-Մարաշը խուլ գյուղի տպավորություն էր թողնում: Եթե մյուս շրջաններն ունեցան ժառանգություն /ենթակառուցվածքներ և այլն/, ապա մենք ոչինչ չստացանք: Զրոյական վիճակով ընդունեցինք, որովհետև Նորք-Մարաշն առանձին միավոր, շրջան չէր: Ինքներս ստեղծեցինք: Մեկ միավորից ստեղծեցինք այսօր արդեն հզոր շրջան, քանի որ չէինք թերանում որևէ խնդրում, ամեն ինչ հասցնում էինք: Այստեղ նաև մայրաքաղաքի ղեկավարի մեծ ներդրումը կա, պարոն Մարգարյանը շատ է աջակցում մեզ և մեծ սիրով է լցված դեպի Նորք-Մարաշը, որն իր հերթին կարևոր դերակատարություն ունի առհասարակ Երևանի ընդհանուր նկարագրում: Քաղաքապետի նպատակներից մեկն այստեղ հնարավորինս շատ ծառատունկ իրականացնելն է` կանաչ գոտին ավելացնելու համար: Նախանձախնդիր է նոր այգի, պուրակ հիմնելու հարցում, հետևողական` ասֆալտապատման և բարեկարգման բոլոր խնդիրներում: Ընդառաջում է բոլոր հարցերում, ինչի համար մեր հատուկ շնորհակալությունն եմ հայտնում պարոն Մարգարյանին: Գիշեր-ցերեկ, առանց հանգստի աշխատում է քաղաքապետը, և մենք ցանկացած պահի կարող ենք նրան որևէ խնդրով դիմել կամ անհանգստացնել: Մերը վարչական շրջաններից առաջինն է, որտեղ բնակիչների բողոքներ քիչ են լինում, ինչը զարմանալի կարող է թվալ շատերի համար: Իսկ պատճառն այն է, որ մենք տեղում ջանում ենք առաջացած խնդիրներին ժամանակին լուծում տալ: Նորք-Մարաշը` ինչպես մի մեծ տուն, ընտանիք, որտեղ ամենափոքր խնդիրն անգամ մեր աչքից չի վրիպում: Բնակիչը, վստահելով մեզ, անմիջապես դիմում է: Չկան ընդունելության հատուկ օրեր, շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի աշխատասենյակի դռները միշտ բաց են բնակչի առջև: Պարոն Մկրտչյանի պահանջն է, որ ցանկացած ժամի լսենք բնակչին և մեր հնարավորությունների սահմաններում ջանանք ընթացք տալ բարձրացված հարցերին: Չկա որևէ հարց, որ անուշադրության մատնվի կամ թողնվի անհետևանք: Ցանկության դեպքում, համոզված եմ, բոլոր հարցերն էլ կարող են կարգավորվել: Պարոն Մկրտչյանը հրաշալի ղեկավար է, շատ մարդկային, ժողովրդավար, ժողովրդասեր, կոլեկտիվասեր: Նրա շնորհիվ մեր կոլեկտիվը մի բռունցք է դարձել, ամուր բռունցք: Միասնական ենք և համախմբված` լուծելու շրջանում առաջացած բոլոր մեծ ու փոքր խնդիրները: <<Բոլորը` մեկի, մեկը` բոլորի համար>>. այս սկզբունքով ենք առաջնորդվում: Իմ ու քո չկա. եթե օգնելու հարց կա, ապա անխոս բոլորս նույն տեղում ենք: Այս ամենն, անշուշտ, գալիս է ղեկավարից, ում համար առաջնահերթ պլանում ժողովրդի շահն է, ժողովրդի նկատմամբ սերը: Եթե, առհասարակ, չկա այդ սերը, ապա աշխատանքում էլ անպայման կթերանաս, նվիրումի պակաս կզգացվի: Չսիրած գործն առաջ չի գնա: Պարոն Մկրտչյանը մեծ  սիրով ու պատասխանատվությամբ է առաջնորդվում, ինչի ապացույցն ակնառու այն հաջողություններն են, որոնց հասել է մեր շրջանը: Եվս հինգ տարի, վստահ եմ, Նորք-Մարաշում որևէ մտահոգող խնդիր չենք ունենա, այն դառնալու է մայրաքաղաքի ամենալուսավոր վայրը: Քաղաքապետի մտածելակերպը` սիրել սեփական ժողովրդին, քաղաքը որպես հարազատ տուն ընդունել, փոխանցվում է մեզ: Թեպետ, մեզանում ի սկզբանե այդպես է դրվածքը եղել` Արմենակ Արմենակյանից սկսած: Նա չափազանց սիրում էր իր ժողովրդին, Նորք-Մարաշը, այդ հրաշալի մարդու կյանքն, ասես, նվիրաբերում լիներ իր ազգին ու հայրենիքին: Ամեն մեկի համար ցավ էր ապրում, կարծես իր տան անդամը լիներ յուրաքանչյուրը: Այսպես էլ շարունակվեց նրանից հետո, նույնը փոխանցվեց մեզ` մի տան, մի ընտանիքի պես ապրելու սուրբ գաղափարը: Բնակիչն իրեն լավ է զգում` նման վերաբերմունք, նման հոգատարություն տեսնելով իր նկատմամբ, և նույնպիսի մոտեցումով էլ ինքն է առաջնորդվում…watermarked_Norq Ekexeci

   Պարոն Հակոբյանն այնուհետև նշեց, որ բոլոր բնագավառներում էլ առաջընթաց ունեն: Նախկինում եթե միայն կենտրոնական փողոցն էր ասֆալտապատվում, ապա այժմ արդեն երկրորդական, երրորդական փողոց տարբերակումը չկա: Չնչին աշխատանք է մնացել, ևս մեկ-երկու տարի, և բոլոր ճանապարհները բարեկարգ ու ասֆալտապատ կլինեն: Զարգացումն ակնհայտ է. նոր փողոցներ, նոր թաղամասեր են առաջ գալիս, կառուցապատումը կանգ չի առնում: Այսօր գրեթե բոլոր փողոցներն արտաքին լուսավորություն ունեն, որտեղ չկա` առաջիկայում կանցկացվի: Կջանան, այո, իդեալական վիճակի հասնել, ինչպես եվրոպական զարգացած երկրներում է: Դրան, ինչ խոսք, իր հերթին պիտի նպաստի ժողովրդի ճիշտ մտածելակերպը:

    Մարդկանց մտածելակերպում էլ պետք է առաջընթաց լինի, սեր ու նվիրում` հայրենի երկրի, իրենց բակի ու փողոցի, տան ու ճանապարհի նկատմամբ: Վարչական միջոցների կիրառումը չէ, որ պետք է լուծի այդ հարցը, մեր գիտակցությունը պետք է այնքան հասունանա, որ միշտ լավին ու բարձրին ձգտենք: Աղբը որտեղ պատահի` չթափենք, մաքուր պահենք մեր շրջապատը, չնայած շրջանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է նաև այդ ոլորտը: Գիշեր-ցերեկ աշխատում են, որպեսզի սանիտարական պատշաճ վիճակ լինի ամենուր` մտնելով մարդկանց դրության մեջ: Շաբաթօրյակներ են կազմակերպվում հաճախակի, որպեսզի հնարավորինս շատ մարդ մասնակցի սեփական բնակավայրի մաքրության, բարեկեցիկ վիճակի ապահովմանը: Բնակիչների հանգստի, ինչպես մեր հրապարակումներից մեկում ենք նշել, սիրելի վայրերից է դարձել եկեղեցու տարածքը, որը շատ բարեկարգ ու ծաղկապատ է…

   Շրջանի համար ամենամտահոգողն այսօր ոռոգման համակարգի ստեղծման խնդիրն է, որի լուծումը ֆինանսական հսկայական միջոցների ներդրման հետ է կապված: Այս խնդիրը մշտապես շոշափվում և առայժմ այդպես էլ իր հանգրվանին չի հասնում: Համենայնդեպս, վստահ են, որ լուծման եղանակն անպայման կգտնվի: Խնդիրն անչափ մեծ կարևորություն ունի, եթե հաշվի առնենք, որ Նորքը միշտ էլ համարվել է Երևանի, այսպես ասած, թոքերը, քաղաքին թթվածին մատակարարողը: Այսօր` առավել ևս, երբ մայրաքաղաքի օդային ավազանը բավականին աղտոտված է: Տվյալ խնդրի լուծմամբ կբավարարվի նաև խմելու ջրի մատակարարման վիճակը, բնապահպանության առումով ևս օգուտներն ակնհայտ կդառնան: Քաղաքապետն առաջնահերթ խնդիր է համարում Նորքի այգու հիմնումը և ոռոգման համակարգի ստեղծումը: Ընթացիկ տարում, պարոն Հակոբյանի հավաստիացմամբ, բավականին աշխատանք կատարվել է այդ ուղղությամբ: Ռելիեֆային բարդ պայմաններում բնակիչների համար աստիճանավանդակներ կառուցվեցին, ինչն այգիներից օգտվելու և այնտեղ հանգստի կազմակերպման անվտանգության ապահովման առումով մեծ դեր ունի: Անհրաժեշտ ծառահատումներ կատարվեցին և այլն: Մտահոգող խնդիր է մնում նաև երթևեկությունը, որը, չնայած առայժմ ձեռնարկված քայլերին, դեռևս բավականին բարդություն է ներկայացնում:

   Քաղաքապետի առաջարկով վթարային վիճակում գտնվող երաժշտական դպրոցն է հիմնանորոգվում, մինչև տարեվերջ աշխատանքները կավարտվեն: Գրեթե հիմնովին նոր շենք է կառուցվում: Նորք-Մարաշը շատ մեծ նվեր է ստանում: Բոլոր մանկապարտեզները հիմնանորոգվել են, նորացվել է գույքը: Ահռելի մեծ աշխատանք  է կատարվել: Մեր զրուցակցի խոսքերով, իրենց առաջադրված խնդիրների լուծումն  աստիճանաբար ավարտի են հասցնում: Վստահ է` պետք է միայն աշխատել ու աշխատել, նպատակային առաջ գնալ: Մեր ժողովուրդն արժանի է լավ ապրելու…