Ինչպես սեփական ընտանիքում

0
23

Գիտակցում

Հավասարապես պատասխանատու` յուրաքանչյուրի համար

Արարատի մարզի Նոր ուղի համայնքի ղեկավար Վազգեն Վարդանյանը, 2008 թվականից ստանձնելով համայնքի ղեկավարի պարտականությունները, բավականին ծավալուն աշխատանքներ է իրականացրել. <<Այն, ինչ իմ քառամյա ծրագրով խոստացել էի բնակչությանը, մի բան էլ ավելի կատարել եմ: Մինչև իմ պաշտոնավարելը, համայնքում համարյա տեղաշարժ չէր գրանցվել: Ինչ-որ կար` այդպես էլ մնացել էր, դրական ոչ մի փոփոխություն: Այսօր արդեն Նոր ուղին բավականին ազդեցիկ համայնք է: Նկատի ունեմ, մասնավորապես, այն, որ գյուղն ապրում է իր բնականոն առօրյա կյանքով: Անելիքներ ու խնդիրներ ևս շատ ունենք, ինչի նպատակով էլ առաջիկա տարիների համար նոր ծրագիր ենք մշակում…>>:

Պարոն Վարդանյանը, մանրամասնելով մտահղացումների ու անելիքների մասին, ընդգծեց, որ առաջնորդվում է այն սկզբունքով, որ համայնքը մեկ միասնական ընտանիք է և դրանից ելնելով էլ բոլորի հոգսերը պիտի հոգալ, աչքաթող չանել ոչինչ և ոչ մեկի.

-Ինձ համար որևէ տարբերություն չկա` բոլորն էլ հավասար են և բոլորի առաջ ես հավասարապես պատասխանատու եմ: Բոլորն էլ նույն ընտանիքի անդամներն են, իմ գյուղացիները: Առաջին իսկ տարվանից սկսած գյուղը բերել եմ սանիտարական պատշաճ վիճակի: Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված համալիր-հուշարձան եմ կանգնեցրել: Ճանապարհները դարձրել ենք անցանելի, գիշերային լուսավորություն անցկացրել: Վերանորոգել ենք ակումբի շենքը, ապահովել գույքով ու անհրաժեշտ տեխնիկայով: Մոտ 3000 մետր խմելու ջրի ջրագիծ ենք անցկացրել, ոռոգման ջրագծեր կառուցել: Մեր բնակչի համար կենցաղային նվազագույն պայմաններն ապահովել ենք: Մեծ ուշադրություն ենք դարձնում դպրոցին: Ամեն տարի ինչ-որ կերպ մեր աջակցությունը, որոշակի մի ծրագրի առումով, ցուցաբերում ենք: Բացի այդ, դպրոցականներին ենք հաճելի անակնկալներ մատուցում: Նորաստեղծ ընտանիքներին նվերներ մատուցելն ու աջակցելն ենք դարձրել բարի ավանդույթ: Պարզ է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին, հաշմանդամներին ևս պահում ենք մեր ուշադրության կենտրոնում: Օգնում ենք դժբախտ դեպքերի, բժշկական օգնության պարագայում: Մի խոսքով, ինչպես սեփական ընտանիքում` բոլոր հարցերում մեր միջամտությունն ու օգնությունը զգացվում են, որպեսզի մարդիկ իրենց օտարված չզգան` առանց այդ էլ ժողովրդի սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ: Հարկ է մարդկանց կողքին կանգնել` թեկուզ մեր ունեցած փոքր հնարավորություններն օգտագործելով: Մոտ 980 բնակիչ ունենք: Գյուղացու համար կարևորը ոռոգման ջուրն է և բերքի իրացումը: Անում ենք մեր կողմից հնարավորը, որպեսզի նա քիչ հոգս ու խնդիր ունենա այդ առումով: Այսօր մեր կողքին են Արայիկ և Արամայիս Գրիգորյանները, մեր կողքին է մարզպետը: Ցանկացած հարց գտնում է իր լուծումը: Համայնքի գլոբալ խնդիրը մանկապարտեզի շենքի վերակառուցումն է: Մի մասը մեր ուժերով վերանորոգեցինք, մյուս մասը մնացել է: Հուսով ենք, որ առաջիկայում հնարավոր կլինի խոսել որոշակի քայլերի, կոնկրետ ձեռնարկումների մասին: Չմոռանամ ասել, որ նախորդ տարի կարողացանք պետբյուջեի միջոցներով փոխել դպրոցի շենքի տանիքը:

Վազգեն Վարդանյանը մեծ սիրով արտահայտվեց ընկերության, ընկերների վերաբերյալ: Ընկերության գաղափարը շատ կարևոր է հենց աշխատանքում, աշխատանքային միջավայրում: Ավագանին, օրինակ, շատ լավ է գործում, գյուղին վերաբերող գրեթե բոլոր հարցերում համակարծիք են նրա բոլոր անդամները, միասնական ու համախմբված: Գյուղապետի անխախտ համոզմունքն այն է, որ պետք է առաջին հերթին ուշադիր լինի բնակիչների նկատմամբ, բնակչի հոգսը դարձնի իրենը: Նա տարածաշրջանի բոլոր գյուղապետերի հետ էլ ընկերություն է անում: Այդ մտերմությունը նաև ի շահ համայնքների է, նրանց բնակիչների: Որոշակի հարցեր լուծելիս զգացվել է առավել փորձառու համայնքապետերի գործնական օգնությունը: Եթե մտահոգված ես հարազատ համայնքի խնդիրներով, ապա հնարավոր բոլոր ուղիներն ու միջոցները պիտի օգտագործես առավելագույն արդյունքի հասնելու համար:

Համենայնդեպս, ինչպես նշեց պարոն Վարդանյանը, բնակիչը ըմբռնումով է մոտենում իրավիճակին և եթե անգամ ինչ-որ հարցում մերժում է ստանում, ապա գիտակցումով է վերաբերվում դրան: Դրա համար համայնքապետը շնորհակալ է իր գյուղացուց, պարտավորված է առավելն անելու և՛ համայնքի, և՛ առանձին վերցրած յուրաքանչյուրի համար: Առաջադրելու է թեկնածությունը, որպեսզի հնարավորություն ունենա ավելի շատ բարի գործեր անելու իր գյուղի, իր համայնքի բնակչի համար: Ժողովուրդը գնահատում է աշխատանքը, նվիրվածությունը…

SHARE