Ինքդ քեզ պիտի ճիշտ պահես,

0
43
որպեսզի կարողանաս գյուղացուց պահանջել, որպեսզի գյուղացին էլ նույն կերպ վարվի…

Վարքագիծ

  -1999 թվականից ղեկավարում եմ Քանաքեռավան համայնքը,- ասաց համայնքապետ Ջիվան Քամալյանը:- Երբ, այսպես ասած, ընդունեցի համայնքը, բավականին պարտքեր կային կուտակված: Միայն արվեստի դպրոցին 24 մլն դրամ աշխատավարձի պարտք կար, չհաշված մյուս պարտքերը: Տարիների ընթացքում հաջողվեց այդ պարտքերն ամբողջությամբ մարել: Ոռոգման ջուր չկար: Հենց առաջին տարին իմ միջոցներով 3,5 կմ ջրագիծ եմ անցկացրել, և այսօր գյուղն ապահովված է ոռոգման ջրով: Այնուհետև սկսեցինք մեր ենթակայության տակ գտնվող, լրիվ քայքայված շենք-շինությունների վերակառուցումը: Արվեստի դպրոցի, մանկապարտեզի, մշակույթի տան և գյուղապետարանի շենքերի տանիքներն ենք առաջնահերթ վերանորոգել: Մանկապարտեզն այսօր գործում է 2 խմբով /70 երեխա/: 110 երեխա հաճախում է արվեստի դպրոց, որը նշանակալի հաջողություններ ունի արձանագրած: Մշակույթի տանը խմբակներ են գործում, 8500 կտոր գրքով գրադարան ունենք: Իմ նախաձեռնությամբ ու ներդրումներով այսօր գյուղն ամբողջովին գազաֆիկացված է: Կան թաղամասեր, որտեղ մեր բյուջեի ներդրումներով ենք գազաֆիկացում անցկացրել: Քրտնաջան աշխատանքի արդյունք է նաև ոռոգման և խմելու ջրով բնակչության ապահովումը: Հասարակական տրանսպորտի գործունեությունը, կապը մայրաքաղաքի հետ կանոնավոր է: Մեր կենցաղը ոչնչով պակաս չէ քաղաքինից: Արտադրված գյուղմթերքն առանց լուրջ դժվարության հասցվում է մայրաքաղաքի շուկաներ: Մեր շատ բնակիչների  աշխատանքի հարցը լուծվում է հենց քաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հաշվին: Ցավով պետք է նշեմ, որ մեր ունեցած 650 հեկտար ոռոգելի հողատարածքից այսօր մշակվում է միայն կեսը, ինչը կապված է եկամտաբերության ցածր աստիճանի հետ: 300 հեկտար խաղողի այգուց մնացել է 50 հեկտարը: Մթերման գինը ցածր է, արտադրողին ոչ ձեռնտու: Անասնապահությունը թեև համեմատաբար քիչ ծախսատար է, բայց այս ճյուղն էլ, ցածր եկամտաբերության պատճառով, շահագրգռություն չի  առաջացնում գյուղացու մոտ: Եզդի բնակչությունն է հիմնականում զբաղվում անասնապահությամբ: Այսօր 800 բնակիչ բացակայում է գյուղից, մի 50 հոգի հիմնական են գնացել: Վաճառվող տների քանակն է միայն գնալով ավելանում: Գինն ընկնում է, պահանջարկը` նվազում: Դա էլ` այն դեպքում, երբ Երևանից ընդամենը 5-6 կմ ենք հեռու: Այսօր գյուղին վերաբերվում են ինչպես քաղաքի` անտեսելով մի շարք կարևոր առանձնահատկություններ: Տուն կառուցելու համար հատուկ թույլտվություն է պետք, ընդ որում, ինքդ չես կարող քո տունը կառուցել, պիտի շինկազմակերպության հետ այդ հարցը լուծես: Այսինքն, պիտի պատվիրես, որ գան, կառուցեն, ինչը, բնականաբար, թանկ է նստում գյուղացու վրա և, ըստ էության, անհնարին դարձնում տեղում շինարարության իրականացումը: Սա մեծ հարված է գյուղում բնակարանաշինության զարգացմանը, ուստի խնդիրը բարձրացրել ենք շատ բարձր ատյաններում, սակայն ապարդյուն` մերժում ենք ստացել: Պատահական չէ, որ եթե նախկինում 40-50 բնակարանի կառուցման թույլտվություն էր տրվում, ապա նախորդ տարի այդ թիվը եղել է 13, իսկ այս տարի`  ընդամենը 2: Գյուղի զարգացմանը մեծապես խոչընդոտում է նաև ռեզերվային հողատարածքների վաճառքի անհամեմատ բարձր գին սահմանելու հանգամանքը: Ոչ մի գյուղացի այսօր ի վիճակի չէ նման գնով տնամերձ հողամաս գնել… Չնայած այդ խնդիրներին, մեր կատարած աշխատանքի արդյունքում գյուղի առաջընթացն ակնհայտ է: Այստեղ մեծ է նաև գյուղացու ներդրումը, այն առումով, որ ժամանակին վճարում է պահանջվող հարկ ու տուրքը: Մենք էլ մեր հերթին եղած միջոցները խնայողաբար ենք օգտագործում, տնտեսումներ ենք անում: Նախորդ տարի 13,5 մլն դրամի ասֆալտապատում ենք կատարել: Այդ գումարը երկու տարվա տնտեսումների արդյունք է: Գումարները, ահա այդպես, տնտեսում ենք, որպեսզի գյուղի համար որևէ գործ կարողանանք անել: Հետևողական, սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ գյուղը բարեկարգվել է, եղածը պատշաճորեն պահում-պահպանում ենք: Ռեզերվային հողերի վաճառքից ստացված դրամական միջոցները ներդրել ենք գյուղի համար: Շատ պաշտոնյաների դիմելով, նրանց միջամտությամբ բավականին գործեր ենք առաջ տարել: Ներկայումս մեր դպրոցը վերանորոգման փուլում է. արդեն 150 մլն դրամի ներդրում արվել է պետբյուջեից, ևս 100 մլն-ի ներդրում կարվի, որից հետո կունենանք բարեկարգ, ժամանակակից դպրոց: Գյուղում միակ խնդիրը մնացել է միջնակարգ դպրոցը, որը երկու տարի է` ներառված է ծրագրում, աշխատանքներ ընթանում են, և կառավարության ուշադրության կենտրոնում է: Աղբահանությունը կատարում ենք համայնքի միջոցներով, որևէ գյուղացու նեղություն չենք տալիս: Ունենք համապատասխան տեխնիկա, որը շաբաթը մեկ անգամ հեռացնում է աղբը գյուղից: Մաքրության ապահովման նկատմամբ շատ խստապահանջ ենք: Առհասարակ, դու պիտի քեզ ճիշտ պահես, որպեսզի կարողանաս գյուղացուց պահանջել, պարտաճանաչ լինես, որպեսզի գյուղացին էլ նույն կերպ վարվի: Ղեկավարը պիտի ճիշտ խոսի, բնակչի կողքին լինի, իրեն բարձր չդասի ոչ ոքից, դիմացինին հարգի: Առաջինը քեզանից ու քո ազգականից պիտի սկսես… Հավելեմ, որ գերեզմանատանն ենք ջուր, լուսավորություն անցկացրել, այն պարսպապատել ենք, այնտեղ պահակ կարգել: 3860 բնակիչ ունենք, բոլորն էլ մեր ուշադրության կենտրոնում են: Կարիքավորներին օգնում ենք, տարեկան 200-300 հազարի փոխարեն այսօր 5 մլն դրամի սոցօգնություն ենք նախատեսել: Դրա մեջ մտնում են նաև ուսման վարձավճարների, առողջապահական և այլ նպատակներով կատարվող հատկացումները: Բոլորին օգնում ենք, դժգոհ կամ անպատասխան ոչ ոք չի մնում: Քանի որ վստահությունը մեծ է, ուստի բոլոր հարցերը, անգամ` անձնական, գյուղապետարանի հետ են լուծում: Գյուղի 50-ամյակի կապակցությամբ մեծ խաչքար ենք տեղադրել: Եկեղեցի կառուցելու նախագիծ ունենք: Գյուղն իմ մեծ ընտանիքն է…

   Այս ամենն, անշուշտ, միայնակ հնարավոր չէր իրագործել: Ընկերների լուման շատ մեծ է բոլոր ձեռնարկումներում: Գյուղապետի անձի հանդեպ վստահության շնորհիվ հատկապես դրսի ընկերները մեծ ներդրումներ են արել: Համայնքի ղեկավարը բոլոր պայմաններն ստեղծել է, որպեսզի ոչ միայն գյուղացիները լավ զգան, այլև դրսից ընկերները գան և պատրաստակամորեն ներդրումներ անեն: Ընկերության գործոնը կա նաև այն բանում, որ ցանկացած հարցով երկրի ղեկավարներին դիմելիս դրական վերաբերմունքի ու փոխըմբռնման է արժանանում: 
   Ջիվան Քամալյանը ՀՀԿ անդամ է և ողջ ներուժն օգտագործում է համայնքի զարգացման համար: Ղեկավարի շնորհիվ համայնքը համախմբված է: Լավ գիտակցում է, որ պաշտոնը հավերժ չէ, հարգանքը պիտի միշտ լինի: Պարգևատրվել է Կոտայքի մարզպետի հուշամեդալով, արժանացել բազմաթիվ պատվոգրերի…
    Հանդիսությունների սրահ է կառուցվել` համապատասխան գույքով ու սպասքով, և անվճար ծառայում է համայնքի բնակչությանը: Ամեն պայման ստեղծված է, որպեսզի գյուղացին որևէ խնդիր, առանձնակի դժվարություն չունենա: Գյուղապետն իր անձով, ընտանիքի, աշխատանքի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով օրինակ է շատ-շատերի համար: Եվ նրա խնդրանքը, հորդորը իշխանություններին այն է, որ մտահոգվեն, առհասարակ, գյուղի մասին, գյուղացու կողքին լինեն: Հարկ է, որ կառավարությունը շատ հարցերում որոշակի զեղչերի դիմի, մասնավորապես` ոռոգման ջրի հարցում, անգամ հնարավորություն տա գյուղացուն բնամթերքով վճարելու դրա դիմաց: Գյուղատնտեսության զարգացումը մեծ ջանքեր և պետական լուրջ աջակցություն է պահանջում: Եթե այս ոլորտը չզարգացավ, ապա երկիրն էլ չի զարգանա: 
   Պարոն Քամալյանը, օգտվելով առիթից, նաև այն առաջարկն արեց, որ համայնքի սեփականությունն օգտագործող կառույցները /գազի, ջրի, էլեկտրաէներգիայի/ հարկ վճարեն համայնքի բյուջե, ինչն էլ կնպատակամղվի տեղում կապիտալ շինարարության իրականացման գործին և, ընդհանրապես, համայնքի զարգացմանը: Անարդարացի է, ըստ նրա, իրենց սեփականությունն անհատույց օգտագործել և դրա դիմաց գոնե որոշ մասհանում տեղի բյուջեին չկատարել…
SHARE