Ինքներս տեղերում մեր խնդիրները լուծենք

0
72
Ապա միայն հայրենի կառավարությունից պահանջենք մեզ համար ինչ-որ բան անել…

Հաստատակամություն

   Արալեզի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Լաուրա Խլոյանը, խոսելով համայնքապետ Մարտիկ Թևոնյանի մասին, նշեց, որ համադասարանցիներ են եղել. <<Թևոնյանը շատ լավ ընկեր է, լավ ղեկավար և արտակարգ մարդ: Այսքան երկար տարիներ ղեկավարում է` շնորհիվ իր մարդկայնության, ընկերասիրության և ունեցած հարգանքի: Ունենալով մրցակիցներ, միշտ էլ բարձր տոկոսով հաղթել է: Բոլորի նկատմամբ բարեհամբույր է ու շատ մարդկային: Գյուղացուն կընդունի և խնդրին պատշաճ լուծում կտա: Գյուղացին էլ պատրաստակամորեն իր հարկերը ժամանակին կվճարի: Դա գալիս է պարտավորված լինելու գիտակցությունից, քանի որ գյուղապետը բոլոր հարցերում իր գյուղացու կողքին է: Արված աշխատանքները գյուղում բազմաթիվ են: Շատ սերտ է կապը դպրոցի հետ: Գրեթե բոլոր միջոցառումները համատեղ են կազմակերպվում, շատ առանձնահատուկ է մշակույթի նկատմամբ վերաբերմունքը, ամուր հիմքերի վրա դրված, և պատահական չէ, որ արժանացանք <<Լավագույն մշակութային գյուղական համայնք>> պատվոգրին…>>:
   Լ. Խլոյանի և Մ. Թևոնյանի համատեղ աշխատանքի հիմքում անկեղծությունն ու շիտակությունն է ընկած: Ամուր փոխվստահություն է ձևավորվել, ինչի հիմքը դրվել է մանկության տարիներին, և այսօր էլ այդ ընկերական մաքրությունը գնալով շարունակվում է: Ինչ վերաբերում է Թևոնյանին, ապա նա ճանապարհ անցած մարդ է, ընկերության նվիրյալ, ընկերությունով ապրող, ընկերության գործերում գիտակ: <<Ընկերների սահմանադրությունը, օրենսգիրքը ես եմ գրել>>,– այսպես արտահայտվեց պարոն Թևոնյանը ընկերության շուրջ մեր զրույցը ծավալելիս: 

***
    Արարատի մարզի Արալեզ համայնքի ղեկավար Մարտիկ Թևոնյանի խոսքերով, ընկերոջն ընտրում են, այն էլ` տարիների ընթացքում: Մարդկանց հետ շփվելուց, ճանապարհ անցնելուց, դժվար ու ուրախ օրեր անցնելուց հետո ես ընկեր ձեռք բերում. <<Ընկերներով նվիրված ենք միմյանց: Ընկերությունը վերածվել է բարեկամության, ընտանիքներով ենք ընկերություն անում` աշխատելով էստաֆետը մեր երեխաներին հանձնել: Ընկերոջը պիտի սիրես, փայփայես փոքրիկ զավակի նման: Ընկերոջ մասին արտաբերված յուրաքանչյուր բառ շատ զգույշ պետք է ընտրել: Ընկերություն անելիս պետք է ազնիվ լինել, ճիշտ հարաբերվել: Ուղղակի պիտի ազնիվ ու շիտակ լինել: Իսկական ընկերը նա է, ով նեղ, դժվար պահերին անկեղծորեն, սարի նման թիկունքիդ կանգնած է և ամեն իրավիճակում փորձված է: Բոլոր հարցերով կանգնած եմ ընկերներիս կողքին, ինչը փոխադարձ է: Ընկերներով այս կերպ ենք ապրում: Հին ընկերներն անփոխարինելի են, ճանապարհ անցած են, վստահություն կա: Ընկերներս շատ են, երկար տարիների: Նրանց բոլորին այստեղ նշել չեմ կարող, բայց կմատնանշեմ <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ>> բանկի խորհրդի նախագահ Մարատ Հարությունյանին, մոսկվաբնակ Սամսոն Խուդավերդյանին, Արամ Նահապետյանին, Արայիկ Պետրոսյանին, Ֆիրդուս Զադոյանին, ում հետ այնքան լավ հուշեր կան: Նրանք, իրոք, անփոխարինելի են: Ընկերություն եմ անում համայնքապետերի հետ. Դաշտաքարի Նորիկ Մալխասյանը, Տափերականի Միհրան Մանասերյանը ընկերներս են: Նրանց հետ ճանապարհ ենք անցել, ուրախ ու տխուր օրերին միասին ենք եղել: Երիտասարդների հետ էլ ենք ընկերություն անում, ինչը և՛ նրանց է օգուտ, և՛ մեզ: Իմ հորդորը երիտասարդ համայնքապետերին այն է, որ ապրեն ժողովրդի հոգսերով: Էականը պաշտոնը չէ` ծառայություն մատուցելն է: Գյուղապետ լինելը հոգս է: Պետք է մտնես բնակչիդ դրության մեջ, ձեռք մեկնես, օգնես: Պիտի քեզ դիմացինի վիճակում պատկերացնես, մտնես նրա հոգս ու ցավի մեջ: Արդեն 23-24 տարի համայնքի ղեկավար եմ, մերվել եմ ժողովրդի հետ: Շատ սիրում եմ նրան և միշտ ազնիվ եմ եղել նրա նկատմամբ: Երբեք մեծ խոստումներ չեմ տվել, իսկ խոստանալիս անպայման խոսքիս տերն եմ եղել մինչև վերջ: Մեր մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ով կարգին, ճանապարհ անցած  մարդ է, միշտ ասում է` տղերք, ժողովրդի հետ, բնակչության հետ արդար ու շիտակ եղեք, լավ վերաբերմունք ցուցաբերեք, ապրեք նրա հոգսերով: Եթե կարողանում ես ժողովրդին լսել, նրա դարդն ու ցավը հասցնել վերադասին, արդեն գործի կեսն արել ես: Ես էլ այսքան տարի ծառայել եմ իմ ժողովրդին և դրա պատասխանը ևս մեկ անգամ ստացա. նախորդ տարի գյուղացին իր վստահության քվեն կրկին ինձ տվեց, ընդ որում` մեծ թվով: Ժողովրդի հետ որքան ազնիվ եղար, այնքան, անգամ կրկնակի, դրա պատասխանը ստանալու ես: Մեր գյուղը շատ լավ տրադիցիաներ ունի, բոլորը` իրար հասնող, իրար կողքի կանգնող: Բավականին հայտնի արվեստագետներ ունենք, քանդակագործ Կամսար Ղազարյանը, ով տասնյակ քանդակներ ունի տեղադրած: Շատ շնորհալի երեխաներ ունենք, և, առհասարակ, գյուղում մշակութային կյանքը զարգացում է ապրում` համատեղ ուժերով: Պատահական չէ, որ Վանաձորում կայացած միջոցառմանը մասնակցություն ցուցաբերելով, <<Լավագույն մշակութային գյուղական համայնքի>> կոչմանն արժանացանք: Բազմաթիվ միջոցառումներ ենք համատեղ կազմակերպում: Դպրոցն իմ երկրորդ ընտանիքն է եղել: Այն իմ մշտական ուշադրության կենտրոնում է, և նրա համար արել եմ ամեն անհրաժեշտը: Այո, ամեն ինչ անում ենք, որպեսզի լավ սերունդ մեծանա: Մեր երկրին առաջին հերթին լավ մարդիկ են անհրաժեշտ: Պիտի հավատով լցվենք, մեր խնդիրները համախմբված ուժերով լուծենք, հետո միայն հայրենի կառավարությունից պահանջենք: Տեղերում շարժիչ ուժը մենք պետք է լինենք…>>:
   Նշենք, որ գյուղի մարզադպրոցում բազմաթիվ խմբակներ են գործում, կան պարի, դաշնամուրի, երգ-երաժշտության խմբեր և այլն: Ֆուտբոլի թիմ ունեն: Բոլորի ծախսերը գյուղապետարանի միջոցներով են վճարվում: Համայնքի 25 տոկոս ներդրումով շատ հիանալի, գեղեցիկ կահավորված նախակրթարան է կառուցվել: Այնտեղ մեզ ուղեկցեց հրաշալի մի անձնավորություն` դպրոցի տնօրեն Տիգրան Գուլաբյանը, ում հետ զրուցելը մեծ բավականություն պարգևեց մեզ, քանզի ոչ միայն շատ բարեկիրթ ու բարձր ինտելեկտի տեր մանկավարժ է, այլև լավ ընկեր, ընկերությունը գնահատող, ընկերությունով ապրող և ամենակարևորը` լավ մարդ: Եղանք մի դպրոցում, որն օրինակելի է բոլոր առումներով: Ծաղիկ-ծաղկունքի թագավորություն, ասես, լիներ, դրախտային մի անկյուն: Այստեղից դուրս եկած երեխան, անշուշտ, վատը չի կարող լինել, այստեղ մեկ անգամ լինելով բարության անսպառ լիցքեր ես ստանում, հոգիդ վերերկրային ջերմությամբ է պարուրվում, փառավորվում ես, գարնան շունչ ես զգում ամենուր և սեր ու լույս է ճառագում ամեն, ամեն ինչից… 
***
  Արալեզ այցելությունը հիմնականում պայմանավորված էր Միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի առիթով, որտեղ համայնքը, ինչպես արդեն նշեցինք, հաղթող ճանաչվեց: 
    <<Քանի որ մանկապարտեզ չկա,- ասաց պարոն Գուլաբյանը,- ուստի դպրոցին կից հիմնեցինք նախակրթարան: Համայնքապետարանն իր հերթին է ներդրում կատարել, մենք էլ մեր աշխատանքով ենք մասնակցություն ունեցել: Ունենք 3 դասասենյակ` իր բոլոր հարմարություններով: Սովորում են 4-6 տարեկան 51 երեխաներ` ավագ և միջին խմբերում: Նախակրթարանը հիմնվել է ընկերության շնորհիվ…>>:
    Դաստիարակի օգնական Մարինե Ալեքսանյանի խոսքերով, նախակրթարանը գործում է 2010 թվականից: Սա կարևոր իրադարձություն էր գյուղի կյանքում: Ավագ խումբը գործում է պետության հոգածությամբ, իսկ երկրորդը  գյուղապետի կողմից է ֆինանսավորվում: Դիդակտիկ նյութերի ձեռք բերման հարցում ծնողները շատ են օգնում` իրենց ձեռքի աշխատանքները տրամադրելով: 
   Եթե համախմբումն ու հոգածությունը չլինեին, ապա նախակրթարանը չէր հիմնվի: Այստեղ բոլորի ներդրումն ու ջանքերը կան, հատկապես ընկերների և նրանց թվում` տարածաշրջանի կրթության վարչության նախկին պետ Գարեգին Գարեգինյանի: Դպրոցի տնօրենի համոզմամբ, ամենևին պատահական չէր, որ Արալեզը նման գնահատականի ու պարգևի արժանացավ: Համայնքի մշակութային կյանքին մասնակից են բոլորը, իսկ միջոցառումներ կազմակերպելիս գյուղապետն առաջին հերթին հենվում է դպրոցի վրա: Պարոն Գուլաբյանի խոսքերով, եթե համայնքապետի ուղղվածությունը դեպի դպրոցը, կրթությունը եղավ, ուրեմն հաջողություններն սպասեցնել չեն տա. <<Մեր գյուղում այդպես է: Յուրաքանչյուր առիթի դեպքում համայնքի ղեկավարն այցելում է դպրոց, առանձնահատուկ ուշադրություն նվիրում մանկավարժներին և, առհասարակ, կրթօջախի ողջ անձնակազմին: Այդ ամենով հանդերձ, Մարտիկ Թևոնյանը նաև ընկերս է…>>:
    Չէինք կարող չզրուցել նաև անփոխարինելի կազմակերպիչ, դպրոցի փոխտնօրեն Գրետա Մարտիրոսյանի հետ, ով ոչ միայն իր գործի հմուտ գիտակն է, այլև լավն ու բարին կամեցող ընկեր, ընկեր` բոլոր առումներով, ազգային նկարագիրը ներառող տիկին: Նա, մասնավորապես, ասաց. <<Ազգային հոգևոր կյանքի նկարագիրը կա մեր դպրոցում, ազգային արժեքների նկատմամբ մեր արժանի վերաբերմունքը: Մեր նպատակը մարդ տեսակի կրթումն ու դաստիարակումն է, ինչը, համոզված եմ, մեզ հաջողվում է: Եթե մտնում են դպրոց, ուրեմն օջախ են մտնում, և այդ օջախի աղ ու հացը պետք է լինի: Ազգային բոլոր ծեսերը նշելով, գույն ու երանգ հաղորդելով մեր անցած ճանապարհին, ապագա սերնդին տանում ենք դեպի ազգայինը, արմատները: Արդեն 14 տարի ձմռան վերջին օրը գնում ենք Զանգակատուն և առաջին ձնծաղիկները դնում Պարույր Սևակի գերեզմանին: Այնտեղ հյուրասիրվում ենք, Սևակի կենդանի ձայնը լսում, խնձորներ բերում մեզ հետ և բաժանում աշակերտներին: Յուրաքանչյուր օրվան գույն ենք տալիս մեր միջոցառումներով: Տուրիստական արշավների ենք գնում, մասնակցում Բերքի տոնին, որը վերածվում է մեծ տոնախմբության: Հրաշալի արվեստագետների ենք հյուրընկալում և բարձրակարգ ընդունելություն կազմակերպում: Երևանի դրամատիկական թատրոնի լավագույն հանդիսատեսն ենք, Սունդուկյանի անվան մայր թատրոնի բոլոր ներկայացումները դիտել ենք ու քննարկել: Մ.  Մկրտչյանի արտիստական թատրոնում մեր տեղն ունենք, Կամերային երաժշտական թատրոնի ներկայացումները բաց չենք թողնում, Համազգային թատրոնում մեզ սպասում են, Սոս Սարգսյանը մեզ լավ գիտի… Պարտադիր հաճախում ենք թանգարաններ: Անդրանիկ Օզանյանի թանգարանի մշտական այցելուն ենք, դպրոցն արժանացել է մեծ զորավարի կրծքանշանին: Մեր երեխաների ծնողներին սիրով ընդունում ենք դպրոցի հարկի տակ, մտքեր, գաղափարներ փոխանակում, համատեղ շատ խնդիրներ քննարկում: Միասին ենք, համախմբված, ինչն էլ գալիս է մեր ղեկավարների վերաբերմունքից: Տնօրեն Տիգրան Գուլաբյանը հրաշալի մարդ է, մեր ընկերը, մեր բարեկամը>>:
     Պարոն Գուլաբյանը, շարունակելով զրույցը, նշեց, որ Գրետա Մարտիրոսյանը ճանաչվել է Արարատի մարզի լավագույն կազմակերպիչ. <<Մանկավարժի ընտանիքի դուստր է: Նրա հայրը` Կիմ Մարտիրոսյանը, երկար տարիներ աշխատել է այս դպրոցի տնօրեն: Այն, ինչ սովորել ենք, սովորել ենք նրա տնօրեն եղած ժամանակահատվածում: Այսօր ջանում ենք մեր ավագ գործընկերոջ ավանդույթները շարունակել: Եթե մանկավարժի դաստիարակություն չստանայինք, ապա դպրոցը լավ չէինք ճանաչի և մեր աշխատանքը պատշաճ չէինք կատարի…>>: Հավելեց, որ դեռևս 1995-ին ստեղծել են տիկնիկային թատրոն: Թատրոն, որտեղ գործող անձինք մանկավարժներն են, որ տիկնիկներ են պատրաստում, բեմադրում, խաղում…  Բարեգործական ներկայացումներ են տվել Ղարաբաղում, այնտեղ խաչքար տեղադրել: Առհասարակ, կրթօջախի ուշադրության կենտրոնում են զոհված ազատամարտիկների ընտանիքները, որոնց այցելում են, ուշադրություն նվիրում: 
    Լավագույն մշակութային համայնքի արժանանալու գործում իր արժանի բաժինն ունի նաև քանդակագործ Կամսար Ղազարյանը: Նշենք, որ նրա հեղինակած խաչքարը տեղադրվել է Խոսրովի անտառի Անկախության բացատում:
   Գրետա Մարտիրոսյանը. խոսելով համայնքապետ Մարտիկ Թևոնյանի` մշակույթի հանդեպ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի մասին, նշեց, որ այստեղ դեր ունի նաև այն, որ Թևոնյանը դպրոցում եղած տարիներին ընդգրկված էր թատերական խմբում: Այդ սերը պահպանվել և շարունակվում է` գնալով նոր իմաստ ու բովանդակություն ստանալով: 
*** 
    Համայնքը և, մասնավորապես, նրա մարզամշակութային կյանքը զարգացնելու հարցում որևէ տարակարծություն կամ թյուրըմբռնում չկա և չի կարող լինել: Համախմբված են, միասին են աշխատում: Դպրոցի տնօրենի հավաստմամբ, այս ամենն ստեղծել է ընկերությունը, ամեն լավի հիմքում ընկերական սերն ու նվիրումն է: Արդյունքում համայնքն այսօր ճանաչված է հանրապետությունում, արված աշխատանքն արժանիորեն է գնահատվել: Տ. Գուլաբյանը խոստովանեց, որ ընկերությունը սովորել են Կիմ Մարտիրոսյանից և այսօր էլ պատվով շարունակում են: Դպրոցը շնչում, ապրում է ազգային, հոգևոր արժեքներով, մեր պատմության արժանահիշատակ դեպքերն ու իրադարձություններն են նրա պատերից ներս պատկերավոր ներկայացված, միջանցքով սփռված ծաղկե բացատն է աչք շոյում…
     Կրթօջախին իր հերթին օգնում ու հովանավորում է ԱԺ պատգամավոր Ա. Գրիգորյանը: Նրա նախաձեռնությամբ վերանորոգվել ու կահավորվել է դպրոցի դահլիճը: Պատգամավորն, առհասարակ, օգնում է մարզի բոլոր դպրոցներին և ուշադիր է նրանց հիմնախնդիրների նկատմամբ: 
  Երեխաների մեջ համակողմանի սեր է դաստիարակվում շրջապատող աշխարհի նկատմամբ, նրանք գիտելիքների բավարար պաշարով ու ձևավորված աշխարհայացքով են կյանք մտնում: Հայեցի կրթություն, դաստիարակություն, որ կոչված է հայրենի երկրի վաղվա քաղաքացու ճիշտ կողմնորոշմանը: Նաև` մարդասիրության դասեր, որ շատ կարևոր ու առանցքային է մեր այս ժամանակներում: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը պարտադիր նրա տուն-թանգարան են այցելում…
   Դպրոցի հաջողությունների գործում իր ավանդն ու մասնակցությունն ունի նաև մարզպետ Է. Բարսեղյանը: Տնօրենի ներկայացմամբ, մարզպետը հատուկ խրախուսանքի է արժանացրել իրենց. <<Մարզը սիրեց և ընդունեց իր ղեկավարին: Շատ հրաշալի մարդ է, լավ ընկեր: Դպրոցի, կրթության նկատմամբ մեծ համակրանք ու ակնածանք ունի, ահա թե ինչու հնարավոր ամեն ինչ անում է` առավել զարգացնելու կարևոր այս ոլորտը: Վերջերս, օրինակ, համակարգիչ նվիրեց դպրոցին…>>:
***
  Հարությունյանը` տարրական դասարանի մեթոդմիավորման նախագահը, իր խոսքում ասաց, որ նախակրթարանը երեխաներին նախապատրաստում է դպրոցի աշխատանքներին: Նախկինում ամենատարրականը սովորեցնելու դժվարություններ հիմա չունեն, աշխատանքն այդ առումով հիմնականում թեթևացել է: Մշտապես կապի մեջ են նախակրթարանի հետ, որտեղ իրենց անելիքները շատ լավ գիտեն: Նախակրթարանն ապահովված է ամեն ինչով` և՛ մասնագիտական, և՛ անհրաժեշտ պարագաների, գույքի տեսանկյունից: Իդեալական պայմաններ են ստեղծված, ինչի շնորհիվ տարրական դպրոցում իրենց աշխատանքը բավականին հեշտացել է…
 Նախակրթարան հաճախող երեխաների ծնողներից Աննա Ոսկանյանն իր գոհունակությունը հայտնեց` նշելով, որ այստեղ շատ մասնագիտորեն են մոտենում երեխաների կրթությանն ու դաստիարակությանը. <<Երեխայիս մոտ դրական փոփոխությունն օրեցօր զգում եմ: Շատ ճիշտ է մոտեցումը: Երեխաները դառնում են ավելի քաղաքակիրթ…>>: Ծնողներից Նունեն, ում 3 երեխան էլ դպրոց են հաճախում, ասաց, որ շատ գոհ են ուսուցիչներից, ինչ-որ խնդիր առաջանալիս նրանց հետ համատեղ քննարկում են: Դպրոցն առաջատարի դիրքերում է մշտապես` և՛ կրթության, և՛ կարգապահության, և՛ մշակութային կյանքի առումով: Այդ ամենն, անշուշտ, տնօրենից է գալիս: Դպրոցական 2 երեխայի մայր Աննան նույնպես իր գոհունակությունը հայտնեց ուսուցչական կոլեկտիվի աշխատանքից` ծնող-ուսուցիչ  փոխհարաբերությունները բնականոն են, բավարարված են թե՛ կազմակերպելուց, թե՛ կրթելուց, թե՛ վերաբերմունքից… 
  Արմենուհի Մարգարյանը 1981-ից դպրոցում գործավար է աշխատում: Արդեն երրորդ տնօրենի հետ է աշխատում: Առաջինը Կիմ Մարտիրոսյանն էր, ով դրել է այս հրաշալի դպրոցի հիմքը, ինչը և հաջողությամբ շարունակվում է: Ըստ նրա, դպրոցն իրենց տունն է, որը հաճույքով իրեն է ձգում: Նախակրթարանով  պայմանավորված` երեխաները կտրվեցին փողոցից, շատ լավ դաստիարակվում են և անմիջապես այդտեղից էլ հաճախում դպրոց: Պարոն Գուլաբյանն էլ շատ խիստ, պահանջկոտ ղեկավար է, ինչի արդյունքը գործերի բարեհաջող ընթացքն է: Ամեն ինչ ժամանակին արվում է, չեն անտեսվում անգամ մանրուք թվացող խնդիրները: Դպրոցն էլեկտրոնային մատյաններով է աշխատում, ինչի արդյունքում անհրաժեշտ տեղեկատվությունն անմիջապես ծնողներին է հասնում, ծնողը տեղյակ է երեխայի վարք ու բարքից, անցուդարձից…
    Մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Ղազարյանը, ով կիրառական արվեստի սիրահար է, լավ գործերի հեղինակ, իր հերթին փաստեց, որ էլեկտրոնային մատյան ունենալը բոլոր առումներով է լավ ու դրական: Պատրաստվում են շրջանավարտների ավարտական միասնական քննություններին, Վերջին զանգի հետ կապված հրաժեշտի արարողություններին: Կրթօջախի առօրյան հետաքրքիր ու բովանդակալից է անցնում…
Ծնող Աննա Մնացականյանի խոսքերով, յուրաքանչյուր ընտանիք կերազեր այսպիսի դպրոցում սովորող երեխաներ ունենալ: Կարգապահությունը բարձր մակարդակի վրա է. <<Աղջիկս նախակրթարանից է դպրոց հաճախել, և, թերևս, տանն այդպես չկարողանայի դաստիարակել նրան: Որդիս չի հաճախել նախակրթարան, ինչի տարբերությունը, ոչ դրական առումով, ես զգում եմ: Ուսուցիչների հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ամեն քայլ հօգուտ մեր երեխաների է…>>:
    Դիզայնի խմբակի ղեկավար Ջուլիետա Պետրոսյանը քանդակագործ Կամսար Ղազարյանի քույրն է: Նա լավագույնս է նպաստում երեխաների ստեղծագործական հակումների դրսևորմանը, զարգացմանը: Նաև` դպրոցից դուրս, բոլորը համատեղ  այցեր կազմակերպելով պատմամշակութային հուշարձաններ, արվեստի օջախներ և այլն: Շփումը գեղեցիկի հետ ուսանելի, ոգևորիչ ու անգնահատելի է…
  
***
   Դպրոցի ուսումնական մասի վարիչ Լիաննա Դալաքյանը նշեց, որ  շարունակում են նախկին տնօրեն Կիմ Մարտիրոսյանի աշխատանքը.  <<Նրա աշակերտ-ուսուցիչներն ենք, նրա, այսպես ասած, դպրոցն ենք անցել: Բախտներս բերել է, որ այս դպրոցում ենք սկսել աշխատել, որովհետև նրա  հիմնադիրը գերազանց մանկավարժ է, բազմակողմանի զարգացած մարդ, նրանից շատ բան ենք սովորել: Նրան փոխարինած պարոն Գուլաբյանն էլ չափից ավելի աշխատասեր է, պատվով շարունակում է թողած ավանդույթները, արժանի ժառանգորդ է: Գրեթե 100 տարվա գյուղ է, բայց մանկապարտեզ չենք ունեցել: Նախակրթարանի բացման նախաձեռնությունը նաև դպրոցի տնօրենինն է` գյուղապետի հետ համատեղ: Իսկ եթե չունենք մանկապարտեզ, ուրեմն չունենք բազա, ուսուցիչը 1-ին դասարանցուն նիստ ու կացից պիտի սկսի սովորեցնել, քանի որ երեխան գիտելիք չունի: Այսօր ունենք բազա, և դասվարների աշխատանքն արդեն հեշտացել է: Մեր ուսուցիչները շատ գրագետ են…>>: Տիկին Դալլաքյանը խոսեց իրեն մտահոգող մի խնդրի մասին: Խոսքը էլեկտրոնային մատյաններին է վերաբերում: Ըստ նրա, դա լավ բան է, զարգացումն ու առաջընթացն, ինչ խոսք, ընդունելի ու գնահատելի են: Բայց էլեկտրոնային մատյանների ներդրումը գյուղերի համար դեռ վաղ է, քանի որ մարդն իր կենցաղային խնդիրները հազիվ է կարողանում լուծել, ուստի որտեղից համակարգիչ ձեռք բերի, միանա ինտերնետ ցանցին և այլն: Չէ՞ որ այս ամենը գումար է պահանջում… 
   <<Մեր գյուղը շատ զարգացած է, բայց էլեկտրոնային մատյանի ներդրումը շուտ էր: Բացի վերոնշյալից, նաև ծնողի հետ շփումն է պակասում, այդ կերպ մենք օտարացման ենք գնում: Նամակ գրես ծնողին, երբ ինքը չէ, այլ երեխան է կարդալու, դա նույնն է, թե նայես աչքերին ու նոր ծնողին բան ասես>>,- զրույցին միջամտեց Գրետա Մարտիրոսյանը:  
  <<Մեր դպրոցը եզակիների թվին է պատկանում,- շարունակեց տիկին Դալլաքյանը:- Գրետա Մարտիրոսյանի շնորհիվ մշտապես օգտվել ենք մշակութային օջախներից, կրթական զանազան ծրագրերի մեջ ենք ներառված: Շփումը ազգային, պատմամշակութային կյանքին շատ մեծ է: Վերադառնալով էլեկտրոնային մատյանների խնդրին, կրկին ասեմ, որ այդ գործընթացի կիրառումը դեռևս վաղ է մեզ համար: Կառավարությունը, կարծում ենք, մինչ այդ լուծելու այլ խնդիրներ ունի` միասին, համատեղ ձեռնամուխ լինենք դրանց, առաջնահերթ այդ խնդիրների լուծմանը: Գտնում եմ, որ կարելի է վերանայել դա և ընտրել առավել հարմար ու ընդունելի տարբերակը…>>:
***
   <<Ընկերությունը միշտ պահպանվում է,- այսպես ասաց տնօրեն Տիգրան Գուլաբյանը:- Գյուղապետը նաև մեզ հետ է, միասին ենք աշխատում, մենք ընկերներ ենք: Բոլոր այն միջոցառումները, որոնք համատեղ կազմակերպվում են, մեծ դեր ունեն համայնքի համախմբման գործում: Համայնքի հաջողությունը դպրոցի մեջ է: Միմյանց կողքին ենք և նախանձախնդիր, որ համայնքին վերաբերող ցանկացած ձեռնարկում հաջողությամբ պսակվի: Դպրոցը, կարելի է ասել, բոլոր մեծ ու փոքր իրադարձությունների կիզակետում է, բոլորի ուշադրության կենտրոնում: Չեմ կարող չնշել մեր պատգամավորի առանձնահատուկ վերաբերմունքի մասին, որ ցուցաբերում է մեր նկատմամբ: Նման պատգամավոր, կարող եմ ասել, չենք ունեցել: Գյուղում աղանդավորներ չկան, անչափահասների շրջանում երբևէ հանցագործություն չի գրանցվել, մեր շրջանավարտների կեսից ավելին բուհեր են ընդունվում: Աշխատում ենք մեր երկրի, մեր համայնքի համար, մեծ ուշադրություն նվիրում մշակույթին: Երկիրը պահողը մշակույթն է: Ունենք <<Հիշողության դաշտ>> հրաշագեղ գիրքը, որտեղ ամփոփված են մեր բոլոր մշակութային անցուդարձերի պատկերավոր վկայությունները: Բոլոր մասունքները մեկիկ-մեկիկ հավաքվել, մեկտեղվել են, ոչինչ աչքաթող չի արվել: Մեզ հաճախակի այցելում են ազատամարտիկները, և նման հանդիպումները վերածվում են երեխաների համար անմոռանալի դասերի, դասեր` հայրենասիրության, խաղաղության, հավատարմության…Այո, կրթությունը, դաստիարակությունը մեզանում համակողմանի է, լայնընդգրկուն ու հագեցած>>:
  <<Ընկեր>>-ական վերջաբան.- Հրաշալի առիթ ունեցանք ծանոթանալու մի համայնքի, առավել շատ` մանկավարժական մի կոլեկտիվի հետ, ինչի համար մեզ անչափ լավ ու ոգևորված ենք զգում: Անհատների` հյուրընկալ, լավն ու բարին կամեցող, մարդկային բոլոր հատկանիշներով ու ազգային վեհ  գաղափարներով օժտված, հայրենի հողն ու ջուրը սիրող, հայրենին շենացնելու պատրաստակամ, պապերի ավանդներին հավատարիմ ու անձնվիրությամբ տոգորված: Նվիրյալ ընկերների, որ միմիայն հպարտության ու բարձր գնահատանքի են արժանի: Ընկերների միակամ ու համախոհ թիմի, ում նվիրական ջանքերի արդյունքում Արալեզ համայնքն այսօր նշանակալի հաջողություններ է արձանագրել և շարունակում է զարգացման ու առաջընթացի իր անվարան, վստահ ուղին…   
SHARE