Իշխանությունը` մեր կողքին

0
18

Փոխըմբռնում

Մենք էլ աջակից նրա ազգաշահ ծրագրերի ու ձեռնարկումների իրագործմանը

-ՀՀԿ անդամ եմ,- <<Ընկեր>>-ի հետ զրույցն այսպես սկսեց Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը:- Դա ասում եմ առանձնակի հպարտությամբ, քանի որ Հանրապետականն այն կուսակցությունն է, որը հավատարիմ է իր սկզբունքներին և, իրոք, կանգնած է ազգային գաղափարախոսության ակունքներում: Պատահական չէ, որ Մրգաշենը միշտ էլ բարձր ցուցանիշներ է ապահովել` կանգնելով ՀՀԿ-ի կողքին, իր աջակցությունը հայտնելով կուսակցության որդեգրած քաղաքականության իրագործմանը: Ինչպես ասում են, մայր գետը միշտ էլ իր հունը գտնում և առաջ է ընթանում` ինչ էլ լինի կամ ինչպիսի հոսանքներ էլ այսուայնտեղից փչեն: Չնայած առկա դժվարություններին ու խնդիրներին, այնուամենայնիվ, պետք է տեսնել ու ընդունել առաջընթացը, այն ամեն լավը, որ կա և կատարվում է մեր երկրում: Ուզում եմ համոզված լինել, որ գործող իշխանությունը, կրկին վստահության քվե ստանալով, կջանա ամեն կերպ ուղղել բացթողումներն ու վրիպումները և ավելի մեծ ուշադրություն կհատկացնի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման խնդիրներին: Ես միշտ էլ ժողովրդի կողքին եմ եղել, այսօր` առավել ևս, ահա թե ինչու մարդիկ, այսպես ասած, հավաքված ու համախմբված են իմ շուրջը` իմ խոսքուխորհրդին սպասելով…

Պարոն Արամյանի տեղեկացմամբ, գյուղում շատ խնդիրներ են լուծվել: Արտաքին լուսավորության անցկացում, դպրոցի, ինչպես նաև մանկապարտեզի վերանորոգում, բուժամբուլատորիա, ճանապարհների կառուցում և այսպես շարունակ: Զովունիից մինչև Նոր Հաճն տանող ճանապարհն է կառուցվել ու ասֆալտապատվել` ՀՀ նախագահի անմիջական հանձնարարականով: Մնացել է միայն մշակույթի տան խնդիրը, որի լուծումը շատ է կարևորվում` մի շարք առաջնահերթություններ հաշվի առնելով: Այն վերակառուցելուց հետո կունենան հանդիսությունների սրահ, գրադարան, մարզասրահներ և մարզադահլիճ, կգործեն մշակութային խմբեր: Հնարավորություն կստեղծվի ավելի մեծ ուշադրություն հատկացնել սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը: Մի խոսքով, այնպիսի պայմաններ ապահովել, որ բնակիչը զբաղմունք ունենա, բավարարի օրեցօր աճող հետաքրքրությունները, կապվի հայրենի գյուղին և իր օգտակար ու գնահատելի աշխատանքով զբաղվի:

-Մշակույթի տան հարցով,- շարունակեց համայնքի ղեկավարը,- դիմել ենք ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին: Լիահույս ենք, որ պարոն Սարգսյանն այս անգամ ևս կաջակցի մեզ, մեր գյուղին, ինչպես դա միշտ է եղել: Գյուղի կողքին կանգնած է կառավարությունը, հնարավոր ամեն ինչով աջակցում է նրա զարգացմանն ու առաջընթացին, այնպես որ, հավատացած ենք, այս խնդիրը ևս իր լուծումը կգտնի շատ կարճ ժամանակում: Դրանով, ուզում եմ ընդգծել, կբավարարվեն համայնքում առկա մյուս բոլոր խնդիրները, և Մրգաշենը կսկսի ապրել լիարժեք ու հագեցած կյանքով: Մենք մեր հերթին իշխանությունների կողքին ենք և պատրաստ ենք սատարելու նրանց բոլոր ձեռնարկումներին:

Ի դեպ, հարկ է նշել, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս գյուղից է, և քանի որ այսօր ընդդիմադիր դաշտում է գործում, ուստի, բնականաբար, հարց կառաջանա, թե արդյոք լարվածություն չկա՞ համայնքում, քարոզչության հետ կապված խնդիրներ չե՞ն ծագում: Այս հարցադրմանն ի պատասխան հնչեց Արամայիս Արամյանի հետևյալ պարզաբանումը.

-Լարվածություն բացարձակապես չկա: Համայնքում բարոյահոգեբանական մթնոլորտը միշտ առողջ է եղել ու կա: Բոլորն էլ լավ գիտակցում են և տեսնում, որ իմ ղեկավարման օրոք գյուղում առանձին խմբավորումներ չկան ու չեն էլ կարող լինել: Ընտրություններն անցնելու են գնան, իսկ մենք շարունակելու ենք ապրել իրար հետ ու իրար կողք-կողքի: Այսօր գաղափարների պայքար է գնում, ուստի և, կարծում եմ, ամեն բան լավ է լինելու: Ես, որպես գյուղապետ, կանգնած եմ իմ գյուղացու կողքին, ինձ դիմողը միշտ բավարար պատասխան է ստանում ու գոհ հեռանում: Հարգանք ու պատիվ, հեղինակություն եմ ձեռք բերել բնակչի նկատմամբ մարդկային ու ճիշտ վերաբերմունքի շնորհիվ: Յուրաքանչյուրի հետ, այսպես ասած, իր լեզվով եմ խոսում, ջանում ամեն կերպ հասկանալ, մտնել մարդկանց դրության մեջ և, ինչ էլ լինի, անպայման հասնել կարիքավորին ու դժվարին իրավիճակում հայտնվածին: Ժողովրդին պետք է հասկանալ ու գնահատել, մարդկային արժանիքներն ու որակները վեր դասել…

Արամայիս Արամյանը վստահ է, որ մեր երկիրն ընտրություններից հետո ավելի վստահ քայլերով է առաջ ընթանալու և էապես բարելավվելու է ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը: Ամեն հայ պետք է իր երկրի տեր զգա իրեն ու լինի լավատես:

SHARE