Իշխանությունը պիտի մոտիկ լինի ժողովրդին

0
3

Ցանկացած պահի իրենից պահանջվածը պատշաճ կատարելու համար

Առաջնահերթություն

-Ծաղկալանջ համայնքը ղեկավարում եմ 2009 թվականից,- <<Ընկեր>>-ին տեղեկացրեց Մանվել Մկրտչյանը:- Բավականին շատ աշխատանք է կատարվել: 20 տարուց ավելի խմելու ջուր չունեինք, այսօր արդեն ունենք: Մոտ 80-90 տոկոսով ապահովված ենք: Առայժմ չգազաֆիկացված 3 փողոց է մնում, որից երկուսի հարցը գարնանը, հավանաբար, կլուծենք: Գազի գրասենյակի հետ պայմանավորվածությունն արդեն կա: Գիշերային լուսավորություն է անցկացվել, ինչը դեռևս ամբողջական չէ, և մեր կողմից կշարունակվի: Ճանապարհների վերանորոգման, մասնակի ասֆալտապատման աշխատանքներ ենք արել: Մեր բյուջեի գումարով նախորդ տարի նախակրթարան է կառուցվել: Տարրական դասարանների մոտ 85 երեխայի համար ճաշարան է գործում: Արված այս և այլ գործերի հետ նաև անելիքներ, չլուծված խնդիրներ ունենք: Մանկապարտեզ չունենք, ինչը հնարավոր չէ կառուցել համայնքի բյուջեի սուղ միջոցներով: Առաջնահերթ է նաև խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգումը: Ճիշտ է, մասնակի աշխատանք կատարել ենք, բայց հարկ է ամբողջությամբ փոխել ջրագիծը: 3-4 փողոցի համար խողովակներ արդեն ձեռք ենք բերել, մնում է շինաշխատանքներն իրականացնենք, ինչը գարնանը կարվի: Համապատասխան կառույցի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերված: Ոռոգման ներքին ցանցի 2 կմ հատվածի կիսախողովակների տեղադրման ծրագիր ունենք, ինչը կիրականացնենք նույնպես գարնանը` <<Խոյ>> ՋՕԸ-ի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն:

Ամենօրյա աշխատանքներն` իրենց հերթին, այդուհանդերձ, համայնքապետի համար առավել կարևորը ցանկացած խնդրի դեպքում բնակչի կողքին կանգնելն է, նրան պատրաստակամ ծառայելը, հասնելը: Նրա համար ընկեր է համայնքի յուրաքանչյուր բնակիչ: Չնայած, բավականին դժվարացել են մարդկանց հետ շփվելը, նրանց ճիշտ հասկանալը, ինչը հիմնականում պայմանավորված է ներկայիս սոցիալ-տնտեսական դժվարություններով…

-Կգա օրը, և բարին էլ` իր հետ- համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ իր կարծիքն արտահայտեց պարոն Մկրտչյանը,- կտեսնենք` ինչ կլինի: Այսօր գյուղացուն եթե ինչ-որ բան է պետք, ինչ-որ խնդիր ունի, ապա վստահ է` կդիմի առանց որևէ դժվարության և ժամանակին կգտնի իր հարցի պատասխանը: Խոշորացման դեպքում այդպես չի լինելու` գյուղացու խնդիրն ավելի կբարդանա: Կոպիտ ասած, կարծես, իշխանությունը հեռացնում ենք բնակչից և անհասանելի դարձնում նրա համար…

Անդրադառնալով ընկերության թեմային, Մանվել Մկրտչյանը, մասնավորապես, նշեց. <<Ինչ աշխատանք կատարվել է, կատարվում է և կկատարվի, դրանում մեծ ու ծանրակշիռ դերակատարում ունի ընկերությունը: Ամեն առումով այդ աջակցությունը ես զգացել ու այսօր էլ զգում եմ: Շատ ընկերասեր եմ, հարգում ու սիրում եմ ընկերներիս, ինչը, հավատացած եմ, փոխադարձ է: 3 անգամ վերընտրվելս ինչպես իմ աշխատանքի, իմ նվիրվածության, այնպես էլ ընկերներիս անմիջական արդյունքն է: Ճիշտ է, ես եմ համայնքի ղեկավարը, բայց այդ գործում մեծ բաժին ու արժանի մասնակցություն ունի նախ հենց ինքը` գյուղացին, ապա` իմ ընկերները, հարազատները, համախոհները: Անկեղծ, առանց անձնական շահագրգռության և շահադիտական նպատակների հետապնդման: Միայնակ որոշումներ չեմ կայացնում, անպայման խորհրդակցում եմ մարդկանց հետ, հաշվի առնում բոլոր` թեր ու դեմ կողմերի կարծիքները, ծանր ու թեթև անում և ապա միայն անցնում գործի: Ընկերության մեջ գնահատում եմ մաքրությունը: Ընկերը պիտի առաջին հերթին մաքուր լինի: Խոսքը հոգու մաքրության, ազնվության մասին է, հոգեկան մտերմության ու ընդհանրության: Դավաճանությունն առհասարակ աններելի է: Պիտի ընկերոջդ սիրես այնպես, ինչպես քեզ ես սիրում: Արամ Ասատրյանի երգից մեջբերեմ. <<Ամեն ինչ Աստծո կողմից է տրվում, ընկերն է, որ դու ես ընտրում քո կյանքում…>>: Կուզենամ, որ բոլորիս ընտրությունը ընկերության մեջ ճիշտ լինի, ոչ մի ընկեր ոչ մի ընկերոջ ընտրության մեջ չսխալվի ու չփոշմանի: Ես հպարտ եմ իմ ընկերներով…>>:

 

Մեր զրույցի ավարտին պարոն Մկրտչյանը, առիթն օգտագործելով, ցանկություն հայտնեց <<Ընկեր>>-ի միջոցով դիմել բոլոր բարի կամքի տեր մարդկանց` ծանոթ թե անծանոթ, օգնել Ծաղկալանջին մանկապարտեզի կառուցման հարցում: Իրենք շատ երախտապարտ կլինեն բարերարներին` օգնության ձեռք մեկնելու և աստվածահաճո այդ գործին օգտակար լինելու համար: Ծաղկալանջ գյուղը սպասում է…            

SHARE