Իսկական ընկերը

0
39

Ավանդազրույց

(Երջանկահիշատակ դերասան Ազատ Գասպարյանի ներկայացմամբ)

Այս պատմությունը մի քաղաքում ապրող երկու ընկերոջ մասին է: Տղաներից մեկը եկվոր է լինում, որ երրորդ դասարանից տեղափոխվում է քաղաքի դպրոցում սովորելու: Ընկերանում է մի տղայի, ում հետ մինչև 10-րդ դասարան ջերմ մտերմություն է ունենում: Շատ մոտիկ ընկերներ են լինում: Բայց պատահում է այնպես, որ այս եկվոր տղայի հայրը, մայրը, եղբայրն ու քույրը նրա ավարտական քննությունների շրջանում դաժան ավտովթարի են ենթարկվում ու զոհվում: Տղան մնում է մեն-մենակ: Դպրոցն ավարտելուց հետո չի կարողանում մնալ այդ քաղաքում և թողնում, հեռանում է…

Տարիների ընթացքում դեգերում է օտար ափերում, սակայն բախտը չի բերում և այդպես էլհաջողության չի հասնում: 10 տարի անց վերադառնում է հարազատ քաղաք, որտեղ դպրոցական անհոգ ու ուրախ տարիներն էր անցկացրել: Տեղեկանում է, որ դպրոցական մոտիկ ընկերը քաղաքապետ է դարձել և, ուրախանալով այդ լուրից, անմիջապես շտապում է նրա մոտ: Օգնականին ասում է, որ այսինչ մարդն է եկել: Օգնականը ներս է մտնում և, դուրս գալով, ասում, որ քաղաքապետը շատ ծանր գործի վրա է, մարդիկ կան աշխատասենյակում, ուստի լավ կլինի, որ առավոտյան գա: Տխրում է և <<քոռ ու փոշման>> հեռանում: Քաղաքից դուրս է գալիս: Մի ծերուկի է հանդիպում ծառի տակ նստած: Ծերուկը, տեսնելով նրա վհատված վիճակը, ասում է` բարև, տղա ջան, բան չկա… Տղան էլ իր հերթին` բարև, հայրիկ ջան, սիրտս ելած է: Ծերուկը մոտ է կանչում տղային և ասում` բաներ եմ գրել, անցնող-դարձող ոչ մեկը չի մոտենում, չի հարցնում, թե ինչ է, ահա՛, վերցրու, կկարդաս ճանապարհին, պետք կգա քեզ: Տղան վերցնում է, դնում թևի տակ և գնում: Մի աղբյուրի մոտ կանգ է առնում և որոշում անծանոթի տված փաթեթը բացել: Բացում է և զարմանքից քար  կտրում` բավականին մեծ գումար կա կապոցում: Ասում է` իմ բախտն է, պիտի հետ դառնամ: Վերադառնում է և այդ գումարով մեծ գործ սկսում: Գործերը գնալով լավանում են, ճանաչվում է ողջ քաղաքում: Շքեղ առանձնատուն է կառուցում: Մի օր մի կին է գալիս և դիմում նրան` տղա ջան, ինձ քո տանը ծառա չե՞ս ընդունի, տեսնում եմ, որ ամբողջ ժամանակ գործերով ես զբաղված, բայց տանդ եփող-թափող չկա: Տղան ուրախանում է` վայ, մայրիկ ջան, Աստված է քեզ ուղարկել, իմ տունը քեզ փեշքեշ, ինչ ուզում ես` արա, ինչքան գումար պետք է` վերցրու, ծախսիր… Մի որոշ ժամանակ անց այս կինը` թե, տղա ջան, ինչքան պիտի այդպես ընկերներով գնաք-գաք, ուտեք-խմեք, բա չե՞ս ուզում ամուսնանալ: Է՜, մայրիկ ջան, ասում է տղան, սիրտ չունեմ, իմ պատմությունն ուրիշ է, այսպես ու այսպես… Կինը համառում է` չէ, տղա ջան, ես պիտի գնամ, քեզ համար աղջիկ ուզեմ, դու բանի չխառնվես, փողը տուր, մնացածի հետ գործ չունես… Աղջիկն ուզում է, եկեղեցի են գնում, արարողությունն անում և մարդկանց հետ գալիս տուն: Նորափեսան իր տանը տեսնում է քաղաքապետ ընկերոջը` սեղանի գլխին նստած: Բաժակ է վերցնում և, հայացքն ուղղելով նրա կողմը, ասում` գիտեք, որ ես այս քաղաքում բացի մի ընկերոջից, ուրիշ ոչ մեկը չունեմ, բայց կա մեկը հիմա այստեղ, որ խանգարում է իմ ուրախությանը, և ես խնդրում եմ, որ այդ մեկը թողնի, գնա… Բոլոր հավաքվածները զարմացած իրար են նայում` ոնց կարող է այդպիսի բան լինել, ոնց կարող է այստեղ այդպիսի ընկեր լինի: Տղան շարունակում է` խնդրում եմ, թող ինքը գնա… Քաղաքապետը ոտքի է կանգնում և պատմում ողջ իսկությունը. <<Հորս ուղարկեցի հետևից, թե հասի, որովհետև մարդիկ կային դրսից մոտս, չէի կարողանա դուրս գալ: Հայրս հասավ, տվեց նրան ինչ պետք էր: Հետո էլ մորս ուղարկեցի, որ տիրություն անի, հիմա էլ քրոջս հետ է պսակվում: Այսքանից հետո, ինչ կասեք, ես գնա՞մ, թե՞ մնամ…>>:

Ահա, ընկերն այսպիսին պետք է լինի…

 

SHARE