Իսկական ընկերություն

0
26
Առակ


Ընկերն ուրախության մեջ է ճանաչվում

Մի անգամ մի երիտասարդ հարցրեց շատ հարուստ մի մարդու, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, ինչպես է նրան հաջողվել աղքատ տղայից դառնալ հաջողակ գործարար։
Պատասխանը շատ պարզ էր։ Իսկական ընկերություն.
– Ես սովորել եմ ճիշտ ընտրել ընկերներիս։ Լսե՞լ ես «ընկերը դժբախտության մեջ է ճանաչվում» առածը,- հարցրեց գործարարը։
– Այո։ Ես այդ կանոնով եմ առաջնորդվում,- անկեղծ խոստովանեց երիտասարդը։
– Մոռացի՛ր այդ առածը. այն իրականում ճշմարիտ չէ. ընկերն ուրախության մեջ է ճանաչվում։
Երիտասարդը շփոթվեց և շատ զարմացավ։
– Նայի՛ր,- շարունակեց գործարարը,- երբ դու խնդիր ունես, քեզ վատ ես զգում, վազում ես և դրա մասին պատմում ընկերոջդ։ Հիմա երկուսդ էլ խնդիր ունեք, երկուսդ էլ տխուր եք և մտահոգ։ Ճի՞շտ է։
– Այո,- պատասխանեց երիտասարդը,- և ընկերս օգնում է լուծել խնդիրը։
– Առաջին խնդիրը գուցե օգնի լուծել, իսկ մնացածները, կարծում եմ, ոչ։ Նա պարզապես կսկսի խղճալ քեզ։
– Բայց դա էլ է լավ. նա ինձ աջակցում է,- իրենը պնդեց երիտասարդը։
– Դա ահավոր է։ Չէ՞ որ ինքդ էլ սկսում ես քեզ խղճալ խնդիրդ լուծելու փոխարեն։ Իմ բախտը բերել է,- շարունակեց գործարարը,- իմ կյանքում եղել են այնպիսի ընկերներ, որոնք ինձ չեն խղճացել և, որ ավելի լավ է, չեն լուծել իմ խնդիրները։ Նրանք ինձ հետ ուրախացել են իմ հաջողությունների համար։ Իրականում եթե խնդիր ունես, լուծի՛ր այն ինքնուրույն։ Հետո միայն գնա ընկերոջդ մոտ, ու միասին նշեք քո հաղթանակը։ Շատ հեշտ է խղճալ դիմացինին։ Իսկ այ ուրիշի հաջողության համար անկեղծորեն ուրախանալը դժվար է. դա պետք է սովորել։ Ահա սա է իսկական ընկերությունը, այն ընկերությունը, որն օգնել է ինձ հաջողակ դառնալ։

Աղբյուրը՝ http://youandworld.am

SHARE