Իսկական հայորդի, լավ մարդ,

0
296
ում արժանիքները միմիայն հպարտության զգացում են առաջացնում իր շրջապատում…

Ընկերները` ընկերոջ մասին

Թերթի նախորդ համարում անդրադարձել ենք մեր մեծահամբավ ընկերոջ` Գագիկ Բաղդասարյանի /բնակվում է ԱՄՆ-ում/ ծննդյան տարեդարձի առթիվ Երևանում կազմակերպված հանդիսությանը, որին նրա բազմաթիվ ընկերների հետ մասնակցում էր նաև <<Ընկեր>>-ը: Ստորև` այդ հանդիսությանը մասնակից ընկերաբույլի անդամներից մի քանիսի սրտի խոսքը, խոհերն ու մտորումները…
ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ
Շատ շնորհակալ եմ, որ առիթ ընձեռվեց <<Ընկեր>> թերթում ընկերոջս` Գագիկի մասին սրտիս խոսքն ասելու: Նախ, տպավորված եմ թերթից, կարդում եմ, հետևում: Գիտեք ինչ, ինչպես բժիշկն է վերքին դարման անում, այնպես էլ ձեր մատն է միշտ վերքի վրա… Ընկերոջը երբեք չես կարող գնել, առնել, ընկերոջը կարող ես միայն արժանանալ, արժանանալ ընկե՛ր բառին: Գագիկի հետ ծանոթանալու պատիվ եմ ունեցել 20 տարի առաջ, Հայաստանում, լուսահոգի եղբորս` Գագիկի միջոցով: Նրանք մտերիմ ընկերներ էին: Գագիկին կառանձնացնեի` որպես հայ տղամարդու լավ տեսակի, հայ մարդու վառ կերպարի և անհատականության: Մի շատ մեծ, կարևոր առաքինություն ունի` հայրենասիրությունը, որ առանձնակի փայլ ու շուք է հաղորդում իր ընկերական շրջապատին: Պատանի հասակում ԱՄՆ-ում երիտասարդական միության անդամ է եղել, միություն, որ հայրենիքի ու հայ ժողովրդի համար մեծ գործեր է արել: Գագիկն այն մարդկանցից է, ով, իրավամբ,  ընկերական բարձր առաքինության ու արժանապատվության մարմնացում է: Ողջունում եմ Գագիկին` ինչպես հարազատ եղբորս, և նրան ամենայն բարին մաղթում: Հրաշալի, ոսկի ընտանիք ունի, որ հայտնի է իր ավանդապաշտությամբ: Առիթ եմ ունեցել հանդիպելու նրա մոր, կնոջ, երեխաների հետ, որ հայի ու հայկականության իսկական կերպարներ են: Գագիկի մեջ խոսում է հայի հայրենասեր տեսակը, նա բնույթով ու էությամբ այդպիսին է, և դա է նաև մեզ իրար կապել: Թեև արդեն մոտ 40 տարի ապրում է Ամերիկայում, բայց, այնտեղ լինելով, ապրում է հայրենիքի ոգով, շնչում է ընկերական ջերմ շրջապատի նկատմամբ ունեցած անմիջական սիրով ու նվիրվածությամբ: Անհնար է լինել Ամերիկայում և նրան չհյուրընկալվել: Օտարությունն, անշուշտ, կլանում է մարդուն, իրենը պարտադրում, բայց Գագիկը կուլ չի գնացել դրան, պահել է ինքնությունը, ոգին…
<<Ընկեր>>-ական հավելում.- Նշենք, որ բոլորիս կողմից սիրված երգիչ Ներսիկ Իսպիրյանը ժամանակին, աննպաստ հանգամանքների բերումով, հեռացել էր հայրենիքից: Երբ խաղաղվեց իրավիճակը, նա ընտանիքի հետ վերադարձավ, և  արդեն քանի տարի սիրված արվեստագետը մեր կողքին է, իր արվեստով լծվել է հայրենի երկրի զարգացման, առաջընթացի գործին: Նա, բնական է, ընկերոջ ծննդյան տարեդարձի օրը ևս հաճելի կատարումներով զարդարեց հանդիսությունը` հաճելի պահեր պարգևելով բոլորին…

ՕՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գագիկի հետ մեր ծանոթությունը 10 տարվա պատմություն ունի: Ծանոթության համար պարտական ենք Սարգիս Թրաշյանին, ով մեզ հարազատ մարդ ու մտերիմ ընկեր է: Գագիկի հետ հանդիպումները հաճախակի են: Երևանում եմ ապրում, բայց լինում եմ նաև Ամերիկայում: Գագիկի ընտանիքին լավ եմ ճանաչում, հրաշալի դաստիարակություն ստացած երեխաներ ունի, հարգարժան տիկին: Ընկերական մեծ շրջապատ ունի, ինչն առաջին հերթին գալիս է իրենից: Լավ ընկեր է, լավ եղբայր: Հարգանքով է թե՛ մեծի, թե՛ փոքրի նկատմամբ: Սիրում է լավ ընկերությունը, ինչի վառ արտահայտությունն այսօր այստեղ է: Շնորհավորելով ընկերոջս, նրան բազում տարիների, տասնամյակների կյանք եմ ցանկանում, այնպես, որ միշտ միասին լինենք: Մեր ընկերությունը պահել են մաքրությունը, հարազատությունը, հալալ-զուլալությունը, ճիշտը, փոխադարձ հարգանքն ու սերը: Գագիկի մեջ մեծապես գնահատում եմ ազնվությունը, մարդասիրությունը, ընկերասիրությունը: Ընկերս շատ մեծ արժանիքներ ունի, և անչափ ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել բարձրաձայնելու այդ մասին: Նրա մեջ շատ գնահատելի է նաև ընտանիքի լավ հայր լինելու անչափ կարևոր հանգամանքը: Բնավորության շատ լավ գծեր ունի: Ամեն տեղ էլ լավ ընկերներ ունի, այնպես որ, ուր էլ գնա` մեծարանքի ու բարձր պատվի է արժանանալու…
ՀԱԿՈԲ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Նախ ասեմ, որ մարտական ուղի եմ անցել, վիրավորվել եմ պատերազմական գործողությունների ժամանակ: Հատուկ ջոկատում էի` Վազգեն Սարգսյանի հետ: Երբ նա ՀՀ պաշտպանության խորհրդի նախագահն էր, ես սահմանային գոտիներում նրա` հատուկ հանձնարարութունների գծով օգնականն էի: Գագիկին ճանաչում եմ 1999 թվականից, երբ Վազգեն Սարգսյանի հետ մեկնել էինք Վաշինգտոն` Ալբերտ Գորի հետ հանդիպման: Գագիկը եկել էր մեզ դիմավորելու: Շատ լավ անձնավորություն է` բարի, ընկերասեր, հայրենասեր: Նրա մեջ շատ ամուր են հայրենասիրությունն ու ընկերասիրությունը: Խաղաղության աղավնի է ընկերության մեջ: Ես էլ եմ ԱՄՆ-ում ապրում, 2002 թվականից, նույն կերպ էլ այնտեղ եմ Գագիկի հետ ընկերություն անում: Մեզ կապել են հատկապես նրա բարությունը, մարդկային լավ գծերը, իսկ ամենագնահատելին, անշուշտ, Գագիկի հայրենասիրությունն է: Ամերիկայում մեծ գործերի տեր լինելով, ընկերական մեծ շրջապատ ունենալով, համենայնդեպս, գերադասել է այստեղ գալ և ծննդյան տարեդարձը հայրենիքում նշել, տեղի ընկերների հետ: Մաղթում եմ, որ առողջ, երջանիկ լինի, մեր գլխից անպակաս: Նրան չի կարելի չսիրել ու չհարգել: Հրաշալի անձնավորություն է: Հայի անունն ու պատիվը միշտ բարձր է պահում Ամերիկայում: Ասեմ, որ մեր բոլոր ընկերներն էլ այդպիսին են, ուր էլ գնան` հայրենիքի սիրով ու հոգսով են ապրում…
ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏՉՅԱՆ 
/Մուշեղ հոպար/
Ամառը Երևանում եմ անցկացնում, ձմեռը` Ամերիկայում: Գագիկին ճանաչում եմ արդեն երկու տասնամյակ: Ծանոթացել ենք Երևանում: Միասին շատ ենք շրջագայել, շատ ճանապարհ անցել: Գագիկը լավ ընկեր է, լավ հայր, լավ զավակ, իսկ ամենակարևորը` իսկական հայ է: Շատ լավ ընտանիք ունի, լավ մարդ է: Բոլոր դրական հատկանիշներն ունի: Չնայած տարիքով ավագ եմ, բայց երիտասարդ ընկերներիս շրջապատում տարիքային որևէ տարբերություն չեմ զգում: Ընկերությունը պահպանում է մաքրությունը: Ընկերն ընկերոջ հանդեպ պիտի մաքուր լինի, մաքուր հոգու տեր լինի, անկեղծ լինի, նախանձ չլինի: Սա է հիմնականում կապում ընկերությունը: Ես շուրջ 50 տարի է` աշխատում եմ, գլխավոր տնօրեն եմ եղել տեղական` թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում, եղել եմ, կարելի է ասել, բոլոր շրջապատներում և կարող եմ ասել, որ ինչ-որ առումով ընկերությունը փոխվել է: Ընկերությունն այսօր այլ է, շատ ընկերներ հիմա թե՛ նյութապես, թե՛ բարոյապես ընկճված վիճակում են: Նախկինում ընկերությունն ավելի  շատ էր, աղքատ-հարուստ չկար… Համենայնդեպս, ընկերը ընկեր է մնում բոլոր իրավիճակներում: Գագիկին երկար տարիների առողջ կյանք եմ ցանկանում, ընտանիքի գլխից` անպակաս, ամենալավ բարիքները` նրան ու նրա ընտանիքին…
ՍԵՐԳԵՅ ԱԶԱՏՅԱՆ
36 տարի ապրում եմ Լոս Անջելեսում: Գագիկի լավագույն ընկերներից եմ, նրա հետ ծանոթ եմ երկար տարիներ: Բոլորին Գագիկի պես ընկեր եմ ցանկանում: Գագիկը հատուկ ընկեր է, ընկեր, ում հետ կարելի է կիսվել, ճանապարհ գնալ, ում կարելի է վստահել: Ամենալավն եմ ցանկանում նրան` ծննդյան տարեդարձի առթիվ: Շատ բարի է, մարդամոտ, հյուրասեր, ընկերական, անշահախնդիր: Իրավաբան է, բարձրակարգ մասնագետ, ում համար գումարն այնքան էլ կարևոր չէ, համենայնդեպս, գումարն առաջնահերթ չէ նրա գործունեության մեջ: Նրան վստահում են: Շատ հայրենասեր է: Ձգտում է իր շուրջը համախմբել հայրենակիցներին: Ընկերներով ջանում ենք օտարության մեջ իրար կողքի լինել: Հայրենիքը մագնիսի պես ձգում է բոլորիս, հաճախ ենք միասին գալիս: Մեր ընկերությունը պահում, պահպանում է ազնվությունը: Այդ առումով Գագիկը հաճելի բացառություններից է: Հացի սեղանի շուրջ գրեթե միշտ միասին ենք լինում: Սիրում է ընկերներով, հարազատներով շրջապատված լինել: Շատ մտերիմ ենք, հանգստյան օրերը համարյա միասին ենք անցկացնում: Լավ մարդու, ընկերոջ հետ, ինչ խոսք, հաճելի է, պարտավորեցնող: Չպետք է ընկերությունը շահագործել, վիրավորել ընկերոջը: Ինձ շատ լավ եմ զգում` Գագիկի կողքին լինելով: <<Ընկեր>> թերթը ևս ինձ ընկեր եմ համարում: Ընկերներով շատանանք ու չպակասենք:

   <<Ընկեր>>-ական զեղում.- Նշենք, որ Սերգեյ Ազատյանը, ինչպես Գագիկ Բաղդասարյանն ասաց, նույնպես լավ ընկեր է` ամենաբարձր որակումներով, իր խոսքի տերը, հարգված, սիրված: Շատ համեստ է, կարող է սարեր շուռ տալ: Փոքրի հետ փոքր է, մեծի հետ` մեծ…
ՏԵՐ ՄԽԻԹԱՐ
  Հավաքվել են շատ պատկառելի ու մեծանուն ընկերներ, ամեն մեկը` ընկերական շղթայի մի օղակ: Գագիկը կարողացավ մեր ընկերներին այսօր հավաքելու մի սեղանի շուրջ, միասին հաց կիսելու, ինչը միշտ էլ պարտավորեցնող է: Ամեն մարդու հետ հաց չես կիսում, ամեն մեկի հետ ճանապարհ չես գնում, ինչպես նաև ամեն մարդու հետ աղոթք չես անում: Աղոթքը պիտի ճիշտ մարդու հետ բարձրացնես, որպեսզի Աստված էլ լսի: Ահա այսօր էլ, այստեղ հավաքված, և՛ մեր աղոթքը, և՛ մեր բարի մաղթանքը, ի խորոց սրտի, բոլոր բարի խոսքերը ամեն մի ընկերոջ, ամեն մի հարազատի և հոգևոր սպասավորի, թող Աստվածությունն ընդունելի ու լսելի անի և փնջով մատուցե, օրհնե, շնորհքների մեջ պահե մեր Գագիկին: Ասենք` ծննդյանդ տարեդարձը շնորհավոր, թող Աստված օրհնե, զորացնե Գագիկին և իր բարի ծրագրերն ու նպատակները թող Աստված կատարի թե՛ հայրենիքից ներս և թե՛ հայրենիքից դուրս…
  Ընծայված մատաղը թող ընդունելի լինի, Գագիկ Բաղդասարյանի ընկերները իր հաջողությունների համար մատաղ` շնորհակալական ընծա են մատուցում Աստծուն, որպեսզի Գագիկի գործերը հաջող լինեն օտար ափերում, իր գործունեությամբ ինքը կարողանա օգտակար լինել հայ մարդուն: Ինչպես Գագիկն ասաց, տա Աստված մեզանից յուրաքանչյուրին, բոլորին այնքան հնարավորություն, որ կարողանանք տարին մեկ անգամ այստեղ` Հայաստանում ծննդյան տարեդարձը կատարել: Սա բարի մաղթանք է և հայ մարդու բարգավաճման մասին է վկայում: 
Շնորհավոր ծնունդդ, մեծ ու բարի հոգու տեր անձնավորություն, մեծ ազգասեր, ու նվիրյալ ընկեր, ճշմարիտ ընկեր, որ մեծ շնորհով ծառայում ես ոչ միայն ընկերներիդ, այլև ողջ հայ ազգիդ: Աստծո արևշատությունը քեզ…
ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ 
/Նորքեցի Պետո/
Գագիկ Բաղդասարյանին ճանաչում եմ 2000 թվականից, Լոս Անջելեսում ենք ծանոթացել, միասին լավ ժամանակներ անցկացրել: Շատ մեծագույն արժանիքների տեր անձնավորություն է և մեր կողմից շատ բարձր է ընդունվում: Նա իր կարողությունները միշտ ներդրել է, որպեսզի մարդկանց կողքին լինի, իր ազգին մեծ օգուտ տա, մեծ երջանկություն տա: Այդպիսին նաև նրա ընտանիքն է, նրա հայրն է ժամանակին եղել, որ շատ ընկերասեր ու աշխատասեր անձնավորություն էր: Նա իր աշխատանքով, իր արտադրությամբ, կարելի է ասել, երևույթ էր Սովետական երկրում: Ստեղծող, նախաձեռնող, աշխատող անձնավորություն էր: Արտադրության ղեկավար լինելով, սակայն, ստիպված թողեց հայրենիքը և հեռացավ: Միաժամանակ, շատ հարգված, մեծ շրջապատի տեր անձնավորություն էր, ընկերասեր, ընկերոջ հարգն ու տեղն իմացող, ընկերությամբ ապրող, ինչն էլ որդին` Գագիկն է ժառանգել: Գագիկը շատ մեծ արժանիքների տեր է, իր մասնագիտությամբ, աշխատանքով մարդկանց կողքին կանգնած է, օգնում է ամեն ինչով, բարի գործեր ձեռնարկում: Շուտ-շուտ գալիս է Հայաստան, մանկատներին, ծերանոցներին օգնություններ է բերում: Շատ հպարտ եմ իմ ընկերոջով: Շատ մեծ մարդասեր ու ազգասեր է, ինչն անչափ գնահատելի է…
ՎԱՐԴԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ 
 Ամեն անգամ, երբ ընկերոջ մասին խոսելու առիթ է ընձեռվում, ես ուրախանում եմ: Ուրախանում եմ, որ դեռևս մեր իրականության մեջ կան ընկերներ, կան մարդիկ, որ իրավասու են ընկերոջ համար, ընկերոջ մասին խոսք ասելու: Ինձ համար պատիվ է ներկայացնելու Գագիկ Բաղդասարյանին` որպես ընկերոջ, մարդու, սփյուռքահայի, հայի: Նաև` ընտանիքի հոր: Երկու որդի, երկու դուստր, և միայն նրանց անունները հիշատակելուց պարզ կլինի Գագիկի հայրենասիրության աստիճանը: Միշտ հպարտացել եմ նրանով, ուրախացել, որ այդպիսի ընկեր կա, ում օջախում եմ բախտ ունեցել լինելու, նրա կնոջը ճանաչելու: Հրաշալի մայր ունի: Երեխաներին անմնացորդ նվիրված անձնավորություն է Գագիկը: Մտահոգ է նրանց ճակատագրով… Նրան ճանաչել եմ 2000 թվականին, բայց, որպես Գագիկ Բաղդասարյան, առիթ չեմ ունեցել շփվելու հետը: Մեր հանդիպումը շատ պատահական ստացվեց: 2000-ին ԱՄՆ-ում ավտովթարի ենթարկվեցի: Գործընկերոջս`  Արամայիս Ղարիբյանի հետ էի: Գագիկը, որպես փաստաբան, ներգրավվեց այդ գործում` կարգավորելու վթարի հարցերը: Այդ դեպքից անցան տարիներ, և շատ պատահական մի առիթով Երևանում հանդիպեցինք: Այս անգամ արդեն ճանաչեցի նրան` որպես հրաշալի մարդու, լավ ու նվիրված ընկերոջ: Ամեն անգամ, Միացյալ Նահանգներում լինելով, նրա օգնության պատրաստակամությանն եմ հանդիպում, ինչը շատ մեծ արժեք ունի յուրաքանչյուրի համար, ով օտար երկրում է հայտնվում: Լավ ընկեր է: Շատ կուզենայի, որ մեր շրջապատում, մեր իրականության մեջ, մեր կողքին Գագիկի պես մարդիկ շատ լինեին: Մենք հասակակիցներ ենք, և ես անչափ հպարտ եմ, որ մենք ընկերություն ենք անում: Թեև ուշ եմ <<գտել>> նրան, բայց վստահ եմ, որ նրա հետ դեռ շատ ճանապարհ ենք անցնելու, երջանկության շատ պահեր ենք վայելելու…  
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE