Իր երգերի պես` սիրելի, սրտամոտ ու հարազատ…

0
16

Տեր դառնանք մեր խաչին և առավել զորավոր դարձնենք այն


  <<Աստղով եկա>> համերգային երեկոն նախաձեռնել ու համատեղ իրականացրեցին ՀՀ մշակույթի նախարարությունն ու <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը: Միջոցառման առանցքում Հանրային ռադիոյի <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլի համերգն էր: Օֆելյա Համբարձումյանի ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում կատարված երգերից ծաղկաքաղ էր արվել, ինչը և ներկայացվեց այդ օրվա հանդիսատեսին: 
  -Տիկին Օֆելյան շատ հուզված էր,-մեզ հետ զրույցում նշեց պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: -Ընդ որում, հուզված էր համերգից դեռևս ամիսներ առաջ: Ջանում էր հոգեպես իրեն պատրաստել այդ օրվան: Անսովոր իրավիճակ էր նրա համար, ուստի հուզվում էր` անհանգստության պահեր ապրելով: Համերգի պատվավոր հյուրն էր: Ջանացինք հնարավորինս հաճելի ու գեղեցիկ պահեր պարգևել նրան, ինչը, կարծում եմ, հաջողվեց մեզ: Համերգի ավարտին նրան անակնկալ մատուցեցի` հարազատի իրավունքով խնդրելով երգել հենց դահլիճից: Անակնկալի գալով և զարմանքի զգացումը չթաքցնելով, այդուամենայնիվ, համաձայնեց, և մենք միասին երգեցինք: Նրա երգի հետ մեկեն ու ինքնաբուխ ծովացան հանդիսատեսի ծափողջույնները… Ամբողջ դահլիճն արտասվեց, երբ Օֆելյա Համբարձումյանը` բոլորիս սիրելի ու պաշտելի երգչուհին, դահլիճում, ոտքի վրա կանգնած, երգեց իր ժողովրդի համար: Այդ համընդհանուր հուզումն իր մեջ անսահման սեր ուներ խտացրած: Հազվադեպ է պատահում, երբ համերգից հետո լիուլի գոհ ու բավարարված եմ լինում: Մինչև համերգը մի մեծ սար կար ուսերիս, իսկ ավարտին արդեն այդ սարը չկար: Ապշելու տեսարան էր` ժողովուրդը <<թափվեց>>, բոլորն իջան` մոտիկից տեսնելու մեր օրերի վսեմաշուք լեգենդին, դույզն-ինչ, թեկուզ հեռվից, հաղորդակցվելու նրա հետ: Այդ տեսարանը, համերգի ամբողջ լարվածության կուլմինացիայից հետո, ամենաչքնաղ լուծումն էր, ամենաչքնաղ պահը, որն ինձ հոգեկան մեծ խաղաղություն ու հանգստություն պարգևեց: Վայելք ապրեցի, որ ամեն ինչ նման բարեհաջող ավարտ ու ցնցող վերջաբան ունեցավ` ինքս ինձ ասելով. <<Թովմաս, ինքդ էլ վայելիր այս երանելի տեսարանը, տես, թե ինչպես են մարդիկ ջանում, թեկուզ հեռվից, նրա հայացքին արժանանալ, գեթ նրա հագուստին քսվել…>>:

Համերգը նախաձեռնելը բնավ էլ պատահական չէր իմ կողմից, քանզի մեծ սեր ու հարգանք ունեմ մեծանուն երգչուհու նկատմամբ: Դեռևս Թիֆլիսում եմ դա ունեցել, պատանեկությանս տարիներին, երբ ռադիոյով լսում էի մեր մեծերի կատարումները: Նրանցից Օֆելյա Համբարձումյանը մի ուրիշ սեր խարսխեց պատանուս հոգում դեպի հայ երգը: Նա այն եզակի արվեստագետներից է, ում կարող եմ բազմիցս, անգամ` միևնույն երգը, լսել անձանձրույթ: Մի բան, որ չէի ասի իմ երգերի, կատարումների առումով: Ուրիշ է, երբ դա պարտադրված եմ անում` աշխատանքի բերումով, ինձ շտկելու, <<վերախմբագրելու>> իմաստով: Տիկին Օֆելյայի երգը վայելքի նվիրական պահեր ու անմոռանալի զգացումներ է պարգևում ունկնդրիս: Նրանից առաջ էլ ենք ունեցել մեծ երգիչներ ու երգչուհիներ, բայց Օֆելյայի մատուցմամբ մեր ազգային, ժողովրդական ու աշուղական երգն էլ ավելի ազնվական դարձավ: Ազնվական լինելով հանդերձ` շատ ժողովրդամոտ, սրտամոտ, ջինջ, առինքնող ու պայծառ: Նրա երգի մեջ խտացված տեսնում եմ հայ ազգային, աշուղական, ժողովրդական երգի բարձրագույն տեսակը, այնպես, ինչպես մասնագետներս պատկերացնում և ուսուցանում ենք մեր սաներին: Նրա երգածը երգել են նաև ուրիշները, բայց դրանք եկան ու մնացին իրենց` Օֆելյա  Համբարձումյանական եզակի ու սքանչելի տեսակով: Ավետիք Իսահակյանը ժամանակին ասել է. <<Չեմ պատկերացնում, որ մեկ ուրիշը կարող էր այսպես հասկանալ հոգիս, կարծես երգերս հենց քեզ համար եմ գրել, աղջիկս>>: Բազում երգչուհիներ եկան` փորձելով նմանվել Օֆելյային: Շենշող երգչուհու բերած հոգևոր պարգևը ապրելու է դարեր` իր ժողովրդի կյանքին համընթաց: Օֆելյա Համբարձումյանը նման է իր երգերին` սիրելի, ջերմ, սրտամոտ ու հարազատ…

   Թովմաս Պողոսյանն իր խոսքի վերջում հավելեց, որ խաչին տերն է զորավոր դարձնում, ինչը նշանակում է, որ մենք պիտի տեր կանգնենք մեր խաչին: Մենք մեր խաչը պիտի զորավոր դարձնենք: Վայ այն ժողովրդին, որ մոռանում է անցյալը. մոռանալով իր անցյալը, նա ապագա չի ունենա: Ոչ երանի այն ժողովրդին, որ հեռանում է ազգային սրբազան ակունքներից ու արժեքներից…  
SHARE